ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Նախագահական ընտրութիւնները մնացին անցեալում: Վերընտրուած նախագահ Օբաման իր ելոյթում խօսք տուեց միաւորել երկիրը, որպէսզի հնարաւոր լինի դիմագրաւել երկրի առջեւ ծառացած տնտեսական արհաւիրքները: Ինչպէս եւ կանխատեսել էինք, ամենահրատապ հարցը այսպէս կոչուած Ֆիսքլ Քլիֆ (Fiscal Cliff) երեւոյթի յաղթահարումն է, որ անգործութեան դէպքում սպառնում է երկիրը ճգնաժամային անդունդ գլորել:
Ներկայացուցիչների պալատի խօսնակ Ջոն Բէյները, որ բաւական երկար ժամանակ ստուերում էր մնացել, նորից ջրի երես դուրս եկաւ, երբ նախագահ Օբաման կոչ արեց մի կողմ թողնել կուսակցական տարաձայնութիւնները եւ միասին աշխատել, երկրի տնտեսական փրկութեան նպատակով: Ինչպէս գիտէք, նախագահ Օբամայի՝ հարուստներին հարկման ենթարկելու ծրագրին հանրապետականները հակադարձում են ընդհանուր կրճատումների քաղաքականութեան առաջարկներով: Եթէ գալիք տարուայ հարկերի աւելացման ու կրճատումների անխուսափելիութեան խնդիրը չլուծուի, ապա Միացեալ Նահանգներին սպառնում է աննախադէպ ճգնաժամ: Որոշ տնտեսագէտներ պնդում են, թէ բանակցող երկու կողմերը հաւանաբար կը յետաձգեն հարցի լուծումը առնուազն եւս մէկ տարով, յոյս ունենալով բանակցութիւնների համար ժամանակ շահել: Հանրապետականները փորձում են Medicare եւ Social Security կառավարական ծրագրերի սահմաններում նշանակալից փոփոխութիւններ պահանջել կառավարութիւնից, իսկ դեմոկրատների ծրագիրը հարուստներին նոր հարկեր ներկայացնելն է: Նախագահ Օբամայի ծրագրի մի մասը գերհարուստներին տրամադրուած հարկային ներումների վերացումն է, որի արդիւնքում հարուստների հարկման տոկոսը կը հասնի 39,6 %-ի: Հանրապետականների ընդհանուր դիրքորոշումը մէկ ընդհանուր հարկային համակարգի ստեղծումն է բոլորի համար, անկախ մարդկանց կամ ընտանիքների կարողութեան չափից: Առաջիկայ մի քանի շաբաթուայ ընթացքում տակտիկական (մարտավարական-Խմբ.) հետաքրքիր պայքար է սպասւում Միացեալ Նահանգների քաղաքական շրջանակներում, որի ականետեսը կը լինենք ձեզ հետ միասին:
Իսկ այժմ ձեզ եմ ներկայացնում հետաքրքրական վիճակագրական տեղեկութիւններ, անցեալ ընտրութիւնների վերաբերեալ: Սպիտակամորթ ընտրողների ճնշող մեծամասնութիւնը իր ձայնը տուել է նահանգապետ Ռամնիին: Այս ընտրողների մի զգալի մասը նախկինում իր ձայնը տուել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթընին: Ներկայ վիճակագրութեան պատկերը մեծ մասամբ յիշեցնում է նախագահ Ռեգանի ժամանակաշրջանը, ուր սպիտակամորթ ընտրողների նախընտրած թեկնածուն հանրապետական ներկայացուցիչն էր: Հանրապետականները մեծ կորուստ կրեցին փոքրամասնութիւն ներկայացնող ընտրողների շրջանում: Հանրապետական թեկնածուին ձայն տուած տարեց ընտրողների թիւը աւելացել է, համեմատ նախորդ ընտրութիւնների: Անցեալ ընտրութիւնների ընթացքում տարեց ընտրողների 51 տոկոսն էր ձայն տուել հանրապետական թեկնածու Մըքէյնին, իսկ այս անգամ 10 ընտրողներից 6ը քուէարկել է Ռամնիի օգտին: 40ից բարձր տարիք ունեցողների մեծամասնութիւնը ձայնը տուել է Ռամնիին, իսկ մինչեւ 40 տարեկանները հիմնականում քուէարկել են Օբամայի օգտին: Ընդհանուր առմամբ երիտասարդները աւելի քիչ պատրաստակամութիւն են ցուցաբերել Օբամային պաշտպանելու տեսանկիւնից, համեմատած 2008 թուականի նախագահական տուեալների հետ, սակայն մինչեւ 29 տարեկան ընտրողների մէջ մեծ ակտիւութիւն է նկատուել, երբ վերջիններս իրենց ձայնն են գրանցել գործող նախագահի օգտին: Մինչեւ 80ականների վերջն ընկած ժամանակաշրջանը իսպանախօս բնակչութեան ընտրազանգուածի մէկ երրորդից աւելին իրենց ձայները տուել են հանրապետականների օգտին, իսկ նախագահ Բուշ կրտսերի 2004 թուականի ընտրութիւնների ժամանակ իսպանալեզու բնակչութեան 40 տոկոսից աւելի ընտրողներ նրան են պարգեւել իրենց ձայները: Այս ընտրապայքարում հանրապետական թեկնածուի օգտին են քուէարկել իսպանախօսների ընդամէնը 29 տոկոսը: Ասիական մայրցամաքից սերած ընտրողների 75 տոկոսը իր ձայնը տուել է գործող նախագահին:
Ցաւօք սրտի որեւէ հաւաստի վիճակագրութեան ծանօթ չեմ, որ կը ներկայացնի հայ ընտրազանգուածի դիրքորոշումը: Պարզւում է, թէ 43րդ ընտրատարածքում Գրեգ Գրիգորեանը պարտութիւն է կրել, իսկ 46րդ ընտրատարածքում հայորդի Ադրին Նազարեանը՝ յաղթական: Այս ընտրութիւնները մէկ անգամ եւս ապացուցեցին, թէ հայ ընտրազանգուածի համախմբման, կազմակերպման հարցում դեռեւս անելիքներ ունեն այն կազմակերպութիւները, ովքեր ի վիճակի են, քաղաքականապէս գրագէտ են, ու նպատակամղուած:
Ինչպէս արդէն նշեցի, ընտրական կրքերը ետեւում են, եւ Միացեալ Նահանգների բնակչութիւնը բաւականին խոշոր, հիմնականում տնտեսական, խնդիրների լուծման պատասխանի է սպասում: Կը կարողանա՞յ արդեօք նախագահ Օբաման նմանակել նախկին դեմոկրատ նախագահի՝ Բիլ Քլինթընի արդիւնքները, ով երկրորդ անգամ ընտրուելուց յետոյ երկրի տնտեսութիւնը նաւարկեց դէպի աննախադէպ բարգաւաճում: Ժամանակը ցոյց կը տայ: