ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Հայաստանում սպասւում են նախագահի ամենաթաքնուած ընտրութիւններ: Թեկնածուների առաջադրումից երեք օր առաջ դեռ յայտնի չէ, թէ ո՞վ է լինելու գործող նախագահ Սերժ Սարգսեանի մրցակիցը: Որոշ փորձագիտական շրջանակներում սա գնահատւում է որպէս ընտրութիւնների նկատմամբ հասարակութեան անտարբերութեան ու անվստահութեան եւ քաղաքական ուժերի կողմից հասարակական կարծիքն անտեսելու հետեւանք:
Առաջադրումը տեղի կ՛ունենայ Դեկտեմբերի 25ից մինչեւ Յունուարի 5ը՝ ամանորեայ արձակուրդի ժամանակ, որին մարդիկ արդէն տենդօրէն նախապատրաստւում են՝ առեւտուր անելով եւ ոչ ընտրական միջոցառումներով: Եւ, փաստօրէն, արձակուրդից վերադառնալով, նրանց կը հրամցուի թեկնածուների ցուցակը, որոնց առաջադրմանը նրանք ոչ մի առնչութիւն չունեն: Ու թէպէտ առաջադրման ժամկէտները սահմանուած են Սահմանադրութեամբ, սակայն դրանք ընդգծում են հասարակութիւնից քաղաքական ընտրութիւնների լիակատար կտրուածութիւնը:
Ի դէպ, արդէն յայտնւում են հնարաւոր թեկնածուների մասին առաջին լուրերը: Առաջադրուելու ցանկութիւն է յայտնել Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատեանը: Նա Դեկտեմբերի 24ին գումարելու է իր «Ազատութիւն» կուսակցութեան համագումարը, որը կարող է նրան թեկնածու առաջադրել: Ընդ որում, Բագրատեանը «Ֆէյսբուքի» իր էջում յայտարարել է, որ եթէ Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջադրուի, ապա ինքը կը հանի իր թեկնածութիւնը:
Հաւանաբար Բագրատեանը խիստ կասկածում է, որ Տէր Պետրոսեանը կ՛առաջադրուի: Դեկտեմբերի 22ին տեղի կ՛ունենայ Հայոց Համազգային Շարժման համագումարը, որում Տէր Պետրոսեանը կը յայտարարի իր որոշման մասին: Արդէն տարբերակներ են քննարկւում, որ նա, ամենայն հաւանականութեամբ, կա՛մ կը սատարի իր հովանաւորեալ եւ քաղաքական ժառանգ Լեւոն Զուրաբեանին, կա՛մ «Բարգաւաճ Հայաստանի» պատգամաւոր Վարդան Օսկանեանին:
Միեւնոյն ժամանակ թեկնածուների պակաս չկայ, նրանցից մէկը՝ Անդրէաս Ղուկասեանը, որը յայտնի է իր քաղաքացիական գործունէութեամբ, երէկ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը խարսխուած է քաղաքացիական վերահսկողութեան ուժեղացման, ազգային հարստութեան վերաբաշխման եւ օլիգարխիան արմատախիլ անելու վրայ:
Մինչ այդ, սոցիոլոգիական ծառայութիւններն արդէն հրապարակում են առաջին կանխատեսումները: Հայաստանի բնակչութեան 49%ը իր ձայնը կը տար Սերժ Սարգսեանին, 21%ը՝ Գագիկ Ծառուկեանին, 6%ը՝ Լեւոն Տէր Պետրոսեանին, 5ական տոկոս կը ստանան Ռոբերտ Քոչարեանը եւ Րաֆֆի Յովհաննիսեանը: Այս մասին Դեկտեմբերի 20ին հաղորդեց Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն: Հարցուածների 21%ը, ովքեր յայտարարել են, թէ պատրաստ են իրենց ձայնը տալու Գագիկ Ծառուկեանին, ասել են, որ եթէ նա չառաջադրուի, իրենք իրենց ձայնը կը տան Սերժ Սարգսեանին, Ռոբերտ Քոչարեանին, Րաֆֆի Յովհաննէսեանին՝ 36%ը՝ 13% եւ 9% համապատասխանաբար: Հարցումներն անցկացուել են «Արմնիւզ» հեռուստաընկերութեան պատուերով՝ նախքան «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի՝ չառաջադրուելու մասին յայտարարութիւնը:
«Արմինիա Նաու»