
Հայաստանի թանգարանների նախատիպեր եղել են դեռ ուրարտական շրջանում (մ.թ.ա. IX-VI դարեր): Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում եւ այլ քաղաք-ամրոցներում՝ Մուսասիրում, Էրեբունիում, Թէյշեբաինիում կառուցուած տաճարներում հաւաքւում ու պահպանւում էին ծիսապաշտամունքային առարկաներն ու արուեստի բազմաբնոյթ կոթողները: Այդպիսի աւանդատներ ունէին նաեւ հեթանոսական տաճարները: Յայտնի է նաեւ, որ արքայական պալատներում եւ իշխանական դղեակներում առանձնացուած յատուկ սրահներում էին պահւում նախնեաց յիշատակներն ու պաշտամունքային տարաբնոյթ առարկաները, ինչպէս եւ տեղացի ու օտար վարպետների ինքնատիպ ստեղծագործութիւնները: Միջնադարեան Հայաստանում գործում էր թանգարանների երեք տիպ՝ արքունի, իշխանական եւ եկեղեցական: Երեւանում պաշտօնապէս թանգարան ստեղծելու առաջին փորձը ձեռնարկել է Խաչատուր Աբովեանը՝ հիմնելով գաւառական դպրոցի գրադարանին կից հնագիտական մի փոքրիկ թանգարան՝ հայկական նահանգի հնութիւնների պատմական ու բնապատմական արժէք ունեցող իրերն այնտեղ ցուցադրելու համար:
Հայաստանի պատմութեան պետական թանգարանը՝ գործողներից ամենահինը երկրում, հիմնադրուել է Առաջին Հանրապետութեան խորհրդարանի ընդունած օրէնքով եւ սկզբնական շրջանում կոչուել է Ազգագրական մարդաբանական թանգարան-գրադարան: Կազմաւորուել է Կովկասի հայոց ազգագրական ընկերութեան, Նոր Նախիջեւանի հայկական հնութիւնների թանգարանների, Անիի հնադարանի, Վաղարշապատի մատենադարանի հաւաքածուների հիման վրայ: Այցելուների համար այն բացուել է 1921թ. օգոստոսի 20ին: Այսօր պատմութեան թանգարանում պահպանւում է շուրջ 400,000 առարկայից բաղկացած հաւաքածու:
Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում կայ աւելի քան 25,000 ցուցանմուշ՝ հիմնականում հայկական, ռուսաստանեան եւ արեւմտաեւրոպական կերպարուեստից:
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանն ունի աւելի քան 30,000 ցուցանմուշ, որոնք վերաբերւում են Երկրորդ համաշխարհային եւ Արցախեան պատերազմներին:
Մատենադարանում պահւում են 17,300 ձեռագիր մատեաններ, որոնցից 2904ը օտար լեզուներով են, մնացածը՝ հայերէն:
«Թանգարանային գիշեր» ակցիան սկիզբ է առել 1999թ. Ֆրանսիայի մշակոյթի նախարարութեան առաջարկով. ֆրանսիական թանգարանում գարնանային որեւէ կիրակի հասարակութեան համար անվճար «Բաց դռների» օր յայտարարել ու անուանակոչել «Թանգարանային գարուն»: 2001թ. միջոցառումը դարձաւ համաեւրոպական, իսկ 2009ից նախաձեռնութեան միացաւ նաեւ Հայաստանը: 2012ին թանգարանային գիշերուան մասնակցել է 63 թանգարան ողջ հանրապետութիւնից, այցելուների թիւը՝ 134,436: Թանգարանային գիշերուան յաջորդող թանգարանների միջազգային օրերի ընթացքում, երբ դռները կրկին բաց են եղել, այցելուների թիւը եղել է 148.834:
2001 թուականին Հայաստանի թանգարաններում գրանցուել է 2,203,023 այցելութիւն, որոնցից 2,044,774ը՝ Երեւանում, այդ թւում 15 տոկոսը՝ դպրոցականներ: Համեմատութեան համար նշենք, որ նոյն թուականին Ադրբեջանում գրանցուել է աւելի քան 2,000,000 այցելութիւն, Վրաստանում՝ շուրջ 2,800,000: 2012 թուականի առաջին կիսամեակում «Էրեբունի» արգելոց-թանգարանն ունեցել է 9.800 այցելու: Երեւանում Փարաջանովի տուն-թանգարան տարեկան այցելում է 15,000-18,000 մարդ: Գառնիի ամրոցն ու տաճարը տարեկան այցելում է մոտաւորապէս 140,000-150,000 մարդ:
Երեւանի թանգարանների տոմսերի ներկայիս միջին գինն է 500-1,000 դրամ, դպրոցականների եւ ուսանողների համար՝ 200-500 դրամ:
Երեւանում այսօր գործում է 48 թանգարան.
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան թանգարան-հիմնադրամ
Երեւանի բժշկական համալսարանի անատոմիայի թանգարան
Պրոֆեսոր Հրանտ Կարապետեանի անուան երկրաբանական թանգարան
Եղիշէ Չարենցի տուն-թանգարան
Էրեբունի պատմա-հնագիտական արգելոց-թանգարան
Յովհաննէս Թումանեանի թանգարան
Մարտիրոս Սարեանի տուն-թանգարան
Երեւանի պատմութեան թանգարան
Հայաստանի բնութեան պետական թանգարան
Երեւանի պետական համալսարանի պատմութեան թանգարան
«Մայր Հայաստան» ռազմա-պատմական եւ զինուորական թանգարան
Ժամանակակից արուեստի թանգարան
Ագրարային համալսարանի անատոմիական թանգարան
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանութեան ինստիտուտի կենդանաբանական թանգարան
Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան
Ալեքսանդր Սպենդիարեանի տուն-թանգարան
Փայտարուեստի պետական թանգարան
Հայաստանի պատմութեան թանգարան
Հայաստանի ազգային պատկերասրահ
Խաչատուր Աբովեանի տուն-թանգարան
Աւետիք Իսահակեանի տուն-թանգարան
Մատենադարան
Գեղագիտութեան ազգային կենտրոնի մանկական պատկերասրահ
Յակոբ Կոջոյեանի եւ Արա Սարգսեանի տուն-թանգարան
Ռուսական արուեստի թանգարան
Սերգէյ Փարաջանովի թանգարան
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ
Գաֆէսճեան արուեստի կենտրոն (թանգարան-հիմնադրամ)
Կարէն Դեմիրճեանի թանգարան
Գիւղատնտեսութեան ակադեմիայի պատմութեան թանգարան
Միջին Արեւելքի թանգարան
Ալ. Թամանեանի անուան գիտահետազօտական թանգարան-ինստիտուտ
Խ. Աբովեանի անուան հայկական մանկավարժական համալսարանի պատմութեան թանգարան
Յովհաննէս Շարամբէյեանի անուան ժողովրդական արուեստի թանգարան
Դերենիկ Դէմիրճեանի տուն-թանգարան
Անդրանիկ Օզանեանի թանգարան
Երկաթուղային թանգարան
Երեւանի «Արարատ» կոնեակի, գինու, օղու կոմբինատի թանգարան
Գեւորգ Գրիգորեանի (Ջիոտտօ) թանգարան-արուեստանոց
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի պատմութեան թանգարան
«Արարատ» կոնեակի գործարանի թանգարան
Շառլ Ազնաւուրի թանգարան
Արամ Խաչատրեանի տուն-թանգարան
Երուանդ Քոչարի թանգարան
Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտ
Շախմատի թանգարան (Ագրարային համալսարան)
Սիլվա Կապուտիկեանի տուն-թանգարան հիմնադրամ
Կապի թանգարան
Ներկայացրեց՝
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆը