
«ԵՐԿԻՐ».- Ֆրանսիայում մի խումբ ազդեցիկ քաղաքական գործիչների կողմից ստեղծուել է Արցախի հետ բարեկամական շրջանակ (խումբ): Այս կապակցութեամբ yerkir.am-ը զրուցեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանի հետ:
«ԵՐԿԻՐ».- Պարոն Գէորգեան, տեղեկացանք, որ Ֆրանսիայում Արցախի հետ բարեկամական խումբ է ստեղծուել: Կ՛ասէ՞ք, թէ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ովքե՞ր են խմբի անդամները:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԷՈՐԳԵԱՆ.- Սա ֆրանսիացի քաղաքական գործիչների նախաձեռնութիւնն է, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի քաղաքական շրջանակները, ինչը շատ ուրախալի փաստ է: Այն ֆրանսիացի քաղաքական գործիչները, ովքեր ցանկութիւն են յայտնել ստեղծել ԼՂՀի հետ բարեկամութեան այս շրջանակը, յղում են կատարել այնպիսի համամարդկային արժէքների, ինչպիսիք են ազատութիւնը եւ ժողովրդավարութիւնը: Խմբի ստեղծումը բաւականին խնդիրներ է լուծելու, քանի որ այն, բնականաբար, անդրադառնալու է Արցախի ճանաչմանը, առկայ խնդիրների լուծմանը եւ աւելի մօտիկից այդ խնդրի ծանօթացմանը, մանաւանդ՝ Ֆրանսիայի տարածքում:
«Ե».- Վերջին շրջանում, կարծես, ակտիւացել են ԼՂՀի ճանաչման աշխատանքները: Որքանո՞վ կարող ենք յաւակնել, որ այս խումբը կը դառնայ պաշտօնական խումբ:
Յ. Գ.- Իհարկէ, մենք մեծ ոգեւորուածութեամբ տեղեկացանք, որ վերջերս Լիտուիայի Հանրապետութիւնում ստեղծուել է բարեկամական նման խումբ: Փաստօրէն, այս կերպ Ֆրանսիայի քաղաքական գործիչներն իրենց ցանկութիւնը յայտնեցին համագործակցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք Արցախի ժողովրդի կողմից են, պաշտպանում են նրանց որդեգրած արժէքները: Մենք փորձելու ենք կապեր հաստատել Արցախով հետաքրքրուող այլ քաղաքական անձանց հետ եւս եւ, նրանց միմեանց հետ ծանօթացնելով, ամուր կապեր ստեղծել:
«Ե».- Վալերի Բուայէից բացի, ովքե՞ր են նախաձեռնողների թւում:
Յ. Գ.- Շատ ուրախալի է, որ բոլոր այդ անձինք կիսում են նոյն արժէքները: Բոլորը, ովքեր երէկ ստորագրել են յայտարարութեան տեքստը, ակտիւ դերակատարութիւն են ունեցել խմբի շրջանակից դուրս էլ: Նրանք ԱԺ պատգամաւորներ են, նախկին պատգամաւորներ, քաղաքապետեր: Ահա նրանց անունները՝ Ռոլան Բլում՝ Մարսելի փոխքաղաքապետ, Ժորժ Կոլոմբիէ՝ նախկին պատգամաւոր, Վալերի Բուայէ՝ պատգամաւոր, Բեռնար Ֆուրնիէ՝ սենատոր, Սոֆի Ժուասեն, սենատոր, Ռիշար Մալի՝ նախկին պատգամաւոր, Ֆիլիպ Մարինի՝ սենատոր, Ժակ Ռեմիլէ՝ նախկին պատգամաւոր, Վիենի քաղաքապետ, Ֆրանսուա Ռոշբլուան՝ պատգամաւոր, Ռենէ Ռուքէ՝ պատգամաւոր, Գի Տեսիէ՝ պատգամաւոր: Օրինակ՝ Ռոլան Բլումը քաջատեղեակ է Արցախեան հիմնախնդրին, քանի որ մինչեւ անցեալ տարի նա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հարաւային Կովկասի եւ, մասնաւորապէս, Արցախի մասով զեկուցողն էր:
«Ե».- Արդեօ՞ք այս խումբը մօտ ապագայում կարող է այցելել ԼՂՀ, եւ ի՞նչ է արուելու ադրբեջանական կողմի հնարաւոր բացասական արձագանքի դէպքում:
Յ. Գ.- Այս քաղաքական գործիչների գերակշիռ մասն արդէն եղել է Արցախում եւ ծանօթ է արցախեան իրականութեանը: Այս ծրագրի նպատակներից մէկն էլ ֆրանսիացի քաղաքական գործիչների տեղեկատուական այցը ԼՂՀ կազմակերպելն է՝ տեղում իրավիճակին ծանօթանալու համար: Բնականաբար, առաջնութիւնը կը տրուի նրանց, ովքեր դեռ չեն այցելել Արցախ, թէեւ բոլորի մօտ մեծ ցանկութիւն կայ կրկին այցելել Արցախ: Տեղեակ չեմ, թէ ինչպիսին է եղել ադրբեջանական իշխանութիւնների արձագանքը, բայց կ՛ուզէի ընդգծել, որ նման շրջանակի ստեղծումը պատ չէ որեւէ ազգի, ժողովրդի դէմ: Սա ԼՂՀին, տեղի ժողովրդին սատարող խումբ է, ԼՂՀի ժողովրդի եւ իշխանութիւնների պայքարին նեցուկ կանգնելու եւ տեղեկատուական առումով էլ աւելի հասանելի դարձնելու համար է: Այն պետական կամ ոչ պետական ինչ որ խմբի դէմ չի ստեղծուել: