ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Սոցիոլոգիական (ընկերաբանական-Խմբ.) ուսումնասիրութիւնների «Gellup» հեղինակաւոր կազմակերպութեան անցկացրած հարցումների արդիւնքում պարզուել է, որ նախկին ԽՍՀՄ 12 երկրների թւում Հայաստանն առաջին հորիզոնականում է հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկութիւն ունեցողների թուով: Ըստ այդմ՝ 2011-12թթ. արտագաղթելու պատրաստակամութիւն է յայտնել հարցուածների, նոյնն է թէ՝ բնակչութեան 40 տոկոսը, այն դէպքում, երբ բոլոր 12 երկրներում նման ցանկութիւն յայտնողների ընդհանուր միջին ցուցանիշը կազմել է ընդամէնը 15 տոկոս: Փաստօրէն, Հայաստանի պարագայում, գործ ունենք միջին այդ պատկերից մի այնպիսի շեղման հետ, որն այլ կերպ, քան խայտառակ կամ ուղղակի ողբերգական, չի կարելի որակել:
Եթէ նաեւ նկատի առնենք, որ Հայաստանի երկու հարեւան երկրներում՝ Վրաստանում եւ Ադրբեջանում, նման ցանկութիւն ունեցողները բնակչութեան ընդամէնը 14 տոկոսն են, ապա պէտք է եզրակացնել, որ Հայաստանում ուղղակի սկսուել է երկրի ժողովրդագրական անվտանգութեանը սպառնացող արտագաղթի տրամադրութիւնների տարածման մի աննախադէպ համաճարակ:
Սակայն դատելով արտագաղթելու այն պատճառներից, որոնք ընտրելու համար հարցուողներին ներկայացրել է «Gellup»ը, հայաստանեան իշխանութիւնները, ըստ տրամաբանութեան, դրան անպայման պէտք է առարկեն: Բանն այն է, որ արտագաղթի «շաբլոնային» (կաղապարուած- Խմբ.) պատճառների թւում, ինչպիսիք են կենսամակարդակի բարելաւումը, երեխաների ապագայի ապահովումը, աշխատանք գտնելու հեռանկարը, յանցաւորութեան ցածր մակարդակ ունեցող երկրներում ապրելու ցանկութիւնը եւ այլն, «Gellup»ը համարձակուել է չնշել ամենակարեւոր պատճառը, որի յայտնագործման հեղինակային իրաւունքը պատկանում է նախագահ Սերժ Սարգսեանին՝ առկայ «գաղջ մթնոլորտը»: «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը (խնդիրը-Խմբ.) մարդկանց մէջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները յանցագործները չեն: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պէտք է վերանայ: …Դա միայն իշխանութիւնների պատասխանատուութեան ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանութիւնն է, բայց միայն իշխանութիւնը չի, որովհետեւ Հայաստանից արտագաղթում են ոչ թէ նրա համար, ինչպէս յաճախ ասում էք՝ արդարութեան պակասի կամ աշխատատեղ չլինելու հետեւանքով: …Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լոյս չեն տեսնում, յոյս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնուազն երկու հեռուստաընկերութիւն, տասնեակ տպագիր եւ էլեկտրօնային լրատուամիջոցներ խօսում են միայն վատ երեւոյթների մասին, միայն սեւացնում են…», լրագրողների հետ անցած ամիս կայացած հանդիպման ժամանակ ասել էր Սերժ Սարգսեանը:
Ըստ այդմ՝ ստացւում է, որ եթէ Հայաստանում առաւօտից երեկոյ «միայն վատ երեւոյթների մասին խօսող» երկու հեռուստաընկերութիւնները եւ տասնեակից աւելի էլեկտրօնային լրատուամիջոցները չլինէին, գաղջ մթնոլորտ չէր լինի, հետեւաբար՝ երկրում մնացած բնակչութեան կէսն էլ արտագաղթելու «վիրուս»ով (վարակով-Խմբ.) տառապելիս չէր լինի: Կարելի է ենթադրել, որ այսօրուայ գործող իշխանութիւնը, կամայ թէ ակամայ, ընդունում է, որ 2006-07թթ., երբ մարդիկ արտագաղթելու փոխարէն սկսել էին տուն վերադառնալ, եւ միգրացիոն սալդոն (գաղթողների հաշուեկշիռը-Խմբ.) ոչ թէ բացասական, այլ դրական ցուցանիշներ էր արձանագրում, երկրում նման գաղջ մթնոլորտը վերացել էր իսպառ:
Ինչեւէ, այս տարուայ Յունուար-Փետրուար ամիսներին, ըստ պաշտօնական տուեալների, երկրից միայն օդային եւ երկաթուղային ճանապարհներով մեկնել ու չի վերադարձել 22,122 մարդ: Սա անցած տարուայ ցուցանիշը գերազանցում է 7728ով կամ՝ 35 տոկոսով, որն ուղղակի իտէալական ձեւով համադրւում է «Gellup»ի հարցման արդիւնքների հետ: Այսինքն՝ ստացւում է, որ ոչ միայն այդքան թուով մարդիկ զուտ մտածում կամ ցանկանում են ընդմիշտ հեռանալ, այլեւ իրագործում են այդ ցանկութիւնը: Եւ եթէ պրոցեսն (գործընթացն-Խմբ.) այս տեմպերով (թափերով-Խմբ.) շարունակուի, մի քանի տարի յետոյ «Gellup»ը կարող է Հայաստանում հարցում անցկացնելու համար նոյնիսկ անհրաժեշտ թուով մարդ չգտնել:
Արտագաղթի պատճառները շատ աւելի խորքային են, քան կարելի է ենթադրել, քան պատկերացնում է իշխանութիւնը: Ապագան երկրի հետ կապելու կամ չկապելու համար մարդիկ ոչ թէ ԶԼՄների լաւ կամ վատ լուրերով են առաջնորդւում, այլ՝ սեփական մաշկի վրայ զգացածով: Այս հասարակութիւնն այլեւս այն գիտակցութեանը չէ, որ վախեցնելով, գլխին կեղծ ու փուչ հայրենասիրական լօլօներ (քարոզներ- Խմբ.) կարդալով, սին խոստումներ տալով կամ ձեւական խորհրդակցութիւններ անցկացնելով, կարելի լինի համոզել, տրամադրել համակերպուելուն: Սա այլեւս այնպիսի հասարակութիւն է, որն իր եւ իր ընտանիքի իւրաքանչիւր անդամի կենսակերպի վրայ ազդող սոցիալական (ընկերային-Խմբ.), իրաւական, կենցաղային փոփոխութիւններ է պահանջում, որն սկսել է գիտակցել սեփական արժանապատուութիւնը, եւ որն այդ իրաւունքները պաշտպանելու համար երկու ճանապարհ է որոնում՝ պայքարելու կամ հեռանալու: Հեռացողները նրանք են, ովքեր պայքարի մէջ հեռանկար չեն տեսնում՝ իշխանութեան եւ քաղաքական համակարգի ծայրաստիճան աղտոտուածութեան եւ ապականուածութեան պատճառով:
Թէ՛ արտագաղթի տեմպերը եւ թէ այսպիսի հարցումները ցոյց են տալիս, որ այս զանգուածը մեծամասնութիւն դառնալու եզրագծին է, ինչի պատճառով հեռանալու ցանկութիւնը դարձել է համընդհանուր մտասեւեռում: Այլ կերպ չի կարող լինել, երբ սեփական երկրի նախագահը միայն փորձում է ամէն ինչում, բոլոր հիմնախնդիրներում իշխանութեան պատասխանատուութիւնը նուազագոյնի հասցնել՝ «արդեօք միայն իշխանութի՞ւնն է մեղաւոր» կամ «հասարակութիւնը պէտք է փոխուի, որ իշխանութիւնն էլ փոխուի» տրիւիալ (անկարեւոր.-Խմբ.), վաղուց իրեն սպառած տրամաբանութեամբ: Միայն իր վերջին ասուլիսի ընթացքում այս միտքը տարբեր ձեւակերպումներով Սերժ Սարգսեանը հնչեցրել է առնուազն չորս անգամ: Սա աւելի նման է պատասխանատուութիւնից փախուստի, քան հիմնաւորման, որովհետեւ ո՛չ հեռացողները եւ ոչ էլ մնացողները բացարձակապէս չեն տեսնում, չեն զգում, թէ ինչպէս է ուզում ինքն իրեն եւ թէ հասարակութեանը փոխել դրա բոլոր լծակներն ու հնարաւորութիւններն ունեցող պետութիւնը: Փոխարէնը մարդկանց ականջները շարունակ սղոցում է սեփական երկրի նախագահի արած ակամայ խոստովանութիւնը. «Արտագաղթի բուն պատճառը հէնց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լոյս չեն տեսնում, յոյս չեն տեսնում…»: