Ուրբաթ, Մայիս 17, 2013ին, երեկոյեան ժամը 7ին, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան կազմակերպութեամբ՝ հիասքանչ համերգային տարբերակով մեկնաբանուեց «Անուշ» օպերան: 100 տարի առաջ՝ 1912 թուին, Արմէն Տիգրանեանը, 5 արարով օպերայի վերածեց Յովհաննէս Թումանեանի «Անուշ» քնարերգութիւնը, որն առաջին անգամ նախատիպար, ինքնատիպ ոճով բեմադրուեց Ալեքսանդրապոլիսում: Յովհաննէս Թումանեանը 1892 թուին հայ ժողովրդին նուիրեց աւանդական եւ հայ մշակոյթի, սիրոյ, կենցաղի ու սովորոյթների այնպիսի մի հրաշք, որ մինչեւ օրս ապրում, սիրւում եւ յուզում է բոլորին: «Անուշ» օպերան օրըստ- օրէ փոփոխութեան ենթարկուելով բեմադրուել է ամբողջ աշխարհում: 100ամեակի առիթով խմբավար Միքայէլ Աւետիսեանը «Անուշ» օպերան ներկայացրեց՝ համերգային տարբերակով, որ նորոյթ էր եւ արտասովոր, որովհետեւ մենք խորապէս տպաւորուած ենք Հայաստանի օպերայում աւանդական թատերականացուած բեմադրութեամբ:
Ժողովրդի ընդառաջումն աննախնթաց էր: Իրանահայ միութեան շէնքին կից՝ First Baptist Church of Glendale, 209 N. Louise Street. Glendale, California 91206, եկեղեցու կոկիկ սրահն իր կլորաձեւ պատշգամբով՝ լեփ լեցուն էր աւելի քան 800 հանդիսատեսներով: Գօտեպնդիչ եւ հաճելի երեւոյթ էր, որ ներկայ էին մեծ թուով երիտասադութիւն, մեծահասակներ՝ հազիւ քայլող, հայ եւ օտար հանդիսատեսներ եւ ամենակարեւորը, մեծ թուով հիւրեր՝ հայ իրականութեան բոլոր խաւերից:
Բացման խօսքով հանդէս եկաւ ԻՀՄ Խնամակալ մարմնի խորհրդատու Թոմիկ Ալեքսանեանը: Նա ողջունելով ներկաներին՝ Արեւմտ-եան Ամերիկայի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի ներկայացուցիչ տէր Կոմիտաս քահանային, Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան սրբազանին, ներկայ արւեստագէտներին, մամլոյ ներկայացուցիչներին, յականէ անուանէ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նուիրատուներին, ժրաջան յանձնախմբի անդամներին, որոնք մեծ նուիրումով աշխատել ու սատարել էին միջոցառման իրականացմանը: Նա անդրադարձաւ ԻՀՄ երգչախմբին, նրա անցեալին եւ ողջունեց խմբավարներ՝ Ալֆրեդ Մարդոյեանի, Ալենուշ Եղնազարի եւ Ալէք Բազուկեանի ներկայութիւնը:
Լոս Անջելեսի Իրանահայ միութեան երգչախումբը ամենահին երգչախմբերից մէկն է: Կեանքի է կոչուել 1956 թուին, Յովհաննէս Թօփալեանի կողմից: Կարճ ժամանակ յետոյ, երգչախումբը ղեկավարել է Վարուժան Յաղբանդեանը: 1979-1998թ.թ. ԻՀՄ երգչախումբը ղեկավարել է երգահան եւ խմբավար Ալֆրեդ Մարդոյեանը: Շուրջ 20 տարի, Ալֆրեդ Մարդոյեանը փայլուն աշխատանք է ծաւալել երգչախմբի զարգացման համար, խմբերգների վերամշակմամբ եւ հետաքրքիր ու բարձրորակ հանդէսներ կազմակերպելով, ինչպիսիք են խմբավար Համբարձում Գրիգորեանին, Նիկոլ Գալանտերեանին նուիրուած երեկոները եւ բազմաթիւ այլ համերգներ՝ հին ու նոր, հայ եւ օտար, ազգային ու դասական երգերով:
1998-2002թ.թ., ԻՀՄ երգչախումբը ղեկավարել է Ալենուշ Եղնազարը:
Շուրջ 10 տարի է, ինչ երգչախումբը ղեկավարում է Միքայէլ Աւետիսեանը: Նա ծնուելով ու հասակ նետելով արուեստագէտ ընտանիքում, օժտուած է իւրայատուկ տաղանդով եւ շնորհիւ իր նկարագրի ու աշխատասիրութեան փայլում է Լոս Անջելեսի երաժշտական երկնակամարում: Նրա ներկայացրած իւրօրինակ ծրագրերից կարելի է յիշել «Հայկական ժողովրդական երգերի գանձերը», պարսկական ժողովրդական երգեր՝ «Բարգա Սաբզ» (Կանաչ տերեւներ), «Հայկական դասական եւ pop երաժշտութիւն», «Հայկական դասական երաժշտութեան մարգարիտները», «Անմոռաց երգեր» եւ այլն: Իսկ այսօր՝ «Անուշ» օպերան:
Ընտրուած սրահի ոճը հետաքրքիր էր, կարծես ընդարձակ օպերայի մանրապատկերը լինէր:
Բեմում ԻՀՄ երգչախումբն էր կանգնած՝ սեւ ու սպիտակ տարազով, իսկ բեմից ցած, ներքեւում՝ սրահի սկզբում, տեղաւորուած էր Գլենդելի սենեկային նուագախումբը՝ հետաքրքիր գործիքաւորմամբ: Ժողովրդի բուռն ծափահարութիւնների ներքոյ դիմաւորուեց խմբավար Միքայէլ Աւետիսեանը, եւ երբ հնչեց երաժշտութիւնը, սրահը ելեկտրականացած, զմայլուեց «Անուշ» օպերայի այնքան հոգեհարազատ մեղեդիներով: Ապա երգչախումբը, միաձուլուած նուագախմբին, ձայնային ու բառային խաղերով մեկնաբանում էր «Անուշ» օպերան երգեցողութեամբ: Երգչախումբ, նուագախումբ ու հանդիսատես՝ կարծես շնչում էին խմբավար Միքայէլ Աւետիսեանի ձեռքերի շարժումների ռիթմով, որ կանգնած հանդիսատեսի եւ նուագախմբի կողքին՝ ղեկավարում էր շուրջ 200 հոգիանոց խումբը:
Անուշի դերը մեկնաբանում էր սոփրանօ Նունէ Գենջոյեանը (Nune Genjoyan)՝ սպիտակ գիշերային զգեստով, նուրբ արտաքինով, կատարողական արուեստի բարձր մակարդակով: Սարոյի դերում՝ թենոր Սուրէն Մխիթարեանը՝ արհեստավարժ եւ հնչեղ ձայնով մարմնաւորում էր սիրահար Սարոյի կերպարը: Մոսիի դերը վերցրել էր Փարիզից հրաւիրուած բարիթոն Մկրտիչ Մկրտիչեանը, որն իր իւրայատուկ ոճով երգեց ու կերպարանաւորեց Անուշի եղբորը: Անուշի մօր դերը համոզիչ կատարումով դրսեւորեց՝ սպիտակ ու սեւ տարազով, մեցօ սոփրանօ Ժաննա Դաւթեանը: Յաջող էր նաեւ անցորդի դերում՝ թենոր Հրաչեայ Նիքսալեանի կատարումը: Աղջկայ դերում, երգչախմբի հետ մերթ ընդ մերթ, մեներգներով ելոյթ էր ունենում սոփրանօ Անահիտ Մանուկեանը:
Առաջին բաժնում տպաւորիչ էր բեմի անկիւնից աղջնակների խմբի մուտքը՝ պարզ տարազով, գլուխները ծաղկեպսակներով զարդարած, որ երգչախմբին միանալով իմաստաւորում էին Համբարձումի տեսարանը.
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ Է տալիս փրփրում,
Էն ում եարն է նստած լալիս
հոնգուր-հոնգուր էն սարում…
Համբարձում եայլա,
Եայլա ջան, եայլա:
Առաջին արարում հիւսւում էր Անուշի ու Սարոյի սիրավէպը՝ երգչախմբի, մեներգների ու զուգերգների կատարումներով: Եւ ահա Անուշի բախտորոշ տեսարանը, æան Գիւլումի խաղերը ու վիճակահանութիւնը, որով եւ կերտւում է Անուշի ողբերգական ճակատագիրը, ուր, ըստ աւանդոյթի, ասւում է. «Դոշին գիւլլա դիպչի քեզ սիրողին»:
Երկրորդ արարում ողբերգութիւնը կատարուած էր. Մոսին՝ Անուշի եղբայրը, սպաննել էր Սարոյին: «Վուշ-վուշ Անուշ» խմբերգով եւ նուագախմբի ազդեցիկ կատարմամբ գուժւում էր Անուշի սիրոյ մահը՝ Սարոյի մահը… եւ Անուշը բեմում, սեւ գիշերային զգեստով երգում էր ու ողբում իր բախտի խաղը: «Անուշ» օպերան հասել էր իր գագաթնակետին. Անուշի խելագարութեան տեսարանը եւ նրա անձնասպանութիւնը պատկերուեց երգեցողութեամբ ու երաժշտական աննախնթաց երանգներով, որ արհեստավարժ եւ ազդեցիկ արտայայտչականութեամբ ներկայացրեց Նունէ Գենջոյեանը:
Ժողովուրդը յոտնկայս եւ անվերջանալի ծափահարութեամբ գնահատեց հանդէսի աւարտը: Իրանահայ միութիւնը եւ այս առիթով կեանքի կոչուած յանձնախումբը, նուիրատուները եւ արուեստագէտները մեծ ճիգ ու ջանք էին գործադրել թէ՛ կազմակերպչական եւ թէ այլ բազմաթիւ դժուարութիւններ յաղթահարելու համար: Վրիպումներից խուսափելու եւ միութենական հոգեբանութիւնը եւ ամէն մի անհատի օգնութիւնը արժեւորելու սիրոյն՝ խուսափում եմ յիշատակելու անուններ:
Աննախընթաց էր երեկոն, տարբեր՝ մտածելու, խորհելու եւ նոր մտայղացումներ ներշնչելու իմաստով: Վարձքներդ կատար…:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.