
ԵՐԵՒԱՆ, «Թերթ».– «Հայաստանում իրաւունքների պաշտպանութեան ծով խնդիրներին իբրեւ«բոնուս» գումարուող գազի թանկացման տեղեկութեան կապակցութեամբ որոշ պատուիրառու ծաղրածուներ արդէն խորաթափանց մտքեր են յայտնել. այն է՝ սառը կերակրատեսակներ ուտել, «կոփել մարմինը» շարքից», «Թերթ»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութեան նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:
«Հաւանաբար հեռու չի նաեւ այն օրը, երբ սպիտակուցներով հարուստ միջատներ ուտելու ՄԱԿի խորհուրդը հնչեցնեն Հայաստանում», յայտնած է ան՝ պատասխանելով այն հարցումի, թէ կը միանա՞յ «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախագահի կոչին՝ պաշտպանել սեփական իրաւունքները եւ կազի ակնկալուող սղութեան դէմ պայքարիլ անձնական քայլերով՝ հրաժարելով վճարել կազի գումարը:
Ըստ Լիլիթ Գասպարեանի, այսօր Հայաստանի մէջ մարդոց բռնաբարուած իրաւունքներու պաշտպանութեան համար արմատական փոփոխութիւններու կարիք կայ: «Իրականում շատ լրջօրէն տխուր է վիճակը եւ մեր իրաւունքների ու տրորուած արժանապատուութեան պաշտպանութիւնը արմատական քայլեր է ենթադրում՝ ներառեալ վերոնշեալ ակցիան: Մեր համբերութեան թելը շատ է բարակել», նշած է ան։
Լիլիթ Գալստեանի համաձայն՝ «Հայաստանում իրաւունքների պաշտպանութեան ծով խնդիրներին իբրեւ բոնուս գումարուող գազի թանկացման գոյժին հասարակութիւնը, որը ապրում է սոցիալական ու բարոյական լարուած ու շարունակական հետընթացների պայմանում ու անցնում է աղքատութեան 35 տոկոսի շեմը, երկու պատասխան կարող է ունենալ»:
«Աւելի ճիշդ՝ նրան երկու ճանապարհ է թողնուած. կա՛մ սոցիալական ընդվզում՝ անհնազանդութիւնը, կամ արտագաղթ»: Ըստ Լիլիթ Գալստեանի, «լքել երկիրը շատ պարզ մոտիվացիայով ու ապրել օտար աշխարհագրութիւններում» տխուր է, յուսադրող չէ, արժանապատիւ չէ: