ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Օտար ափերում սերունդներին հայեցի դաստիարակելու նպատակով էր, որ 1950 թուականին եօթ նուիրեալ հայորդիներ՝ Բիւզանդ Կռանեանը, Հերի Քարեանը, Արշակ Տիգրանեանը, Բէն Ղազարեանը, Մարդ Փիլոյեանը, Ալէք Փիլիպոսը եւ Արպակսատ Սեդրակեանը հիմնադրեցին Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ), որի նախնական դրամագլուխ 250,000 դոլարը նուիրեց Սոֆիա Յակոբեանը: 63 տարի շարունակ, այս կազմակերպութիւնը նոյն ոգեւորութեամբ ու հաւատով շարունակում է կրթութիւնը խթանող արդիւնաւէտ ծրագրեր իրականացնել Սփիւռքում, Հայաստանում եւ Արցախում՝ դառնալով Հայ կեանքի մի կարեւոր մասը:
«Ասպարէզ»ը կարեւոր է համարում Հայ Կրթական Հիմնարկութիւնը աւելի մանրամասն ծանօթացնել իր ընթերցողին: Ըստ այդմ, որոշեցինք զրուցել ՀԿՀ վաստակաւոր անդամների հետ: Կազմակերպութեան ատենապետ Հերմինէ Փախանեանը, Հանրային կապերի պատասխանատու Ռազմիկ Յովհաննիսեանն ու խորհրդի անդամ Վահիկ Պետրոսեանը պատմեցին, որ սերում են Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ընտանիքից, եւ մեծացել են հայկական ինքնութիւնը պահպանելու եւ հայրենիքին մշտապէս զօրավիգ լինելու պատգամով: Հայ սերունդներին կրթելու առաքելութիւնը, ըստ նրանց, լաւագոյն միջոցն է իրականացնելու այս նպատակը: Գլենդելում գործող ՀԿՀ գրասենեակում ջերմ մթնոլորտ է՝ խորհրդի անդամների հերթական հաւաքը նման է մեծ հայկական ընտանիքի աշխոյժ մի ձեռնարկի, որտեղից սկսւում եւ ընթացք են ստանում հայ սերունդների ապագային ուղղուած բազմաթիւ ծրագրեր: Այս «ընտանիք»ի անդամների համար Հայ կրթական հիմնարկութեան ծրագրերը նրանց կեանքի ծրագրերն են եւ նպատակը՝ արդիւնքն է, որին նրանք հասնում են ամէնօրեայ նուիրեալ աշխատանքի շնորհիւ: Գրասենեակի պատերին բազմաթիւ պատուոգրեր ու երախտագիտութեան խօսքեր կան՝ ՀՀ նախագահից, նախարարներից եւ օտար այլ ղեկավարներից, սակայն, ինչպէս զրուցակիցներս են նշում՝ իրենց ամենամեծ գոհունակութիւնը յարմարաւէտ դպրոցներում սովորող հայ մանուկների աչքերում փայլող ուրախութիւնն է:
ՀԱՐՑ.- Ի՞նչ նպատակով է ստեղծուել Հայ կրթական հիմնարկութիւնը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայ Կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) հիմնադրուել է 1950 թուականին եօթ նուիրեալ անհատների կողմից, որոնց նպատակն էր ֆինանսական օժանդակութիւն տրամադրել հայ ուսանողներին եւ կրթական հաստատութիւններին: Կազմակերպութեան գործունէութեան վաղ շրջանում, ՀԿՀը ֆինանսաւորել է Յունաստանում եւ Լիբանանում հայկական դպրոցների կառուցումը: 1960, 70ական թուականներին ՀԿՀը ֆինանսապէս աջակցել եւ դրամաշնորհներ է տրամադրել ԱՄՆում գործող ամէնօրեայ դպրոցներին, մասնակցութիւն է ունեցել Կալիֆորնիայի առաջին հայկական ամէնօրեայ դպրոցների՝ Մեսրոպեան (170 հազար դոլար) եւ Սրբոց Նահատակաց Ֆերրահեան (120 հազար դոլար) վարժարանների հիմնադրութեան եւ կառուցման աշխատանքներում: 1986թ.ին, ՀԿՀը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (ԻւՍիԷլԷյ) հիմնադրել է Արդի Հայոց Պատմութեան ամբիոնը՝ հիմնարկութեան վարչականների, Ռիչըրտ Յովհաննիսեանի ընտանիքի անդամների եւ համակիրների կողմից նուիրաբերուած կէս միլիոն դոլար ներդրումով: 1988 թուականի Սպիտակի երկրաշարժից յետոյ, եւ յատկապէս Հայաստանի անկախացումից յետոյ՝ 1991թ.ին, ՀԿՀն իր միջոցների մեծ մասը կենտրոնացրեց Հայաստանի, Արցախի եւ æավախքի սահմանային գիւղերում դպրոցների կառուցման եւ վերանորոգման ուղղութեամբ: ՀԿՆն նաեւ կրթաթոշակներ է տրամադրում հայրենիքի պետական բարձրագոյն հաստատութիւններում սովորող կարիքաւոր ուսանողներին, իսկ Սփիւռքում՝ հայկական ծագում ունեցող ուսանողներին: ՀԿՀ գլխաւոր նպատակը միշտ եղել է հայ գիր ու գրականութեան եւ մշակոյթի տարածումը՝ կրթական կեանքին օժանդակելու միջոցով, եւ մեր բոլոր ծրագրերը ծառայում են այս նպատակին:
ՀԱՐՑ.- Հայ Կրթական Հիմնարկութիւնը ներկայում ի՞նչ գործունէութիւն է ծաւալում Հայաստանում եւ Սփիւռքում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայաստանում ՀԿՀի գործունէութիւնը դպրոցների վերանորոգումն է, կրթաթոշակների տրամադրումը, գրենական պիտոյքների մատակարարումը դպրոցներին, համակարգչային դասընթացների անցկացումը, եւ համակարգիչների նուիրումը դպրոցին: Սփիւռքում՝ ՀԿՀը հիմնականում կրթաթոշակներ է տալիս հայ ուսանողներին եւ ֆինանսական յատկացումներ կատարում հայկական վարժարաններին:
ՀԱՐՑ.- Տարիների ընթացքում փոփոխուել կամ ընդլայնուե՞լ են արդեօք հիմնարկութեան նպատակներն ու ծրագրերը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ոչ, նպատակը մնացել է նոյնը. օգնել հայ ուսանողներին՝ նրանց մատակարարելով կրթաթոշակներ կամ՝ ուսման համար առաւել նպաստաւոր միջավայր: Այս նպատակի շրջանակներում մենք նոր ծրագրեր ենք աւելացնում արդէն գործողներին:
ՀԱՐՑ.- Այսօր որո՞նք են Հայ կրթական հիմնարկութեան ծրագրային առաջնայնութիւնները Հայաստանում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Անդրադառնալով հայրենիքում իրականացուող ծրագրերին, նշենք.
ա. Դպրոցների վերանորոգման ծրագիր
Այս ծրագիրը սկիզբ է առել 1988թ.ի երկրաշարժից յետոյ: ՀԿՀն նախապէս որոշում էր կայացրել դպրոցներ կառուցել եւ վերանորոգել աղէտի գօտում: Յետագայում, ընդգրկուեցին նաեւ սահմանամերձ գիւղերը: Առաջինը՝ Կրաշէն գիւղի տարրական դպրոցն ու մանկապարտէզն էր: Ապա՝ Սաւի եւ Ռալֆ Թիւֆենքեանների նուիրատուութեամբ վերակառուցուեց Գիւմրիի թիւ 5՝ Ռիչըրտ Թիւֆենքեան անուանակոչուած դպրոցը: ՀԿՀի հիմնադրման 50 ամեակին ընդառաջ, մեր վարչութիւնը որոշեց վերանորոգել 50 դպրոց, որ իրականութիւն դարձրինք երկու տարում: Դպրոցների վերականգնման նախագծի շրջանակներում սկզբից մինչ այժմ ՀԿՀն իրականացրել է 180 դպրոցների վերանորոգում Հայաստանում, Արցախում եւ æավախքում, որ արժեցել է 4 միլիոն դոլար: Դա հնարաւոր է դարձել մեծահոգի նուիրատուների շնորհիւ, որոնցից շատերը ստանձնել են առանձին դպրոցներ վերականգնելու հովանաւորութիւնը:
բ. ՀԿՀ կրթաթոշակների ծրագիր
ՀԿՀն աւելի քան կէս դար Հայաստանում եւ Սփիւռքում բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորող արժանի ուսանողներին է տրամադրում կրթաթոշակ: Հայաստանում կրթաթոշակները տրամադրւում են տուեալ ուսումնական տարուայ վարձավճարի չափով՝ խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմութեամբ եւ միեւնոյն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտ-նուող պետական համալսարանների ուսանողներին: ՀԿՀն գտնում է բարերարների, ովքեր յանձն են առնում չորս ուսումնական տարուայ համար վճարել մեր կողմից ընտրուած ուսանողների ուսման վարձը: Հայաստանում գործում է ՀԿՀ յանձնախումբ, որ կազմուած է Հայաստանի եւ ներկայում հայրենիքում բնակուող Սփիւռքի ներկայացուցիչներից, ովքեր կատարում են ընտրութիւնը: Առաջնայնութիւն է տրւում բարձր առաջադիմութիւն ունեցող ազատամարտիկների երեխաներին, ծնողազուրկ ուսանողներին, գործազուրկ ընտանիքներից եւ շրջաններից դիմածներին: Մեզ դիմողները լրացնում են դիմումաձեւ, որտեղ մանրամասն ներկայացուած են մեր պահանջները: Այս պահին Հայաստանում մեր կրթաթոշակից օգտւում է 37 ուսանող, որոնցից 14ը աւարտում են եւ 23ը՝ շարունակում են սովորել, եւ այս տարի ընտրելու ենք եւս 33ին: Մենք նաեւ ուսումնասիրում ենք ներկայում Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ ճիւղերը, որոնք են՝ համակարգչային գիտութիւն, գիւղատնտեսութիւն, տնտեսագիտութիւն, միջազգային յարաբերութիւններ, եւ կրթաթոշակները ուղղում ենք Հայաստանի եւ Արցախի պետական համալսարաններում յատկապէս այս մասնագիտութիւններով սովորողներին:
գ. Դպրոցական պարագաների մատակարարման ծրագիր
2007 թուականից գործում է դպրոցների մատակարարման ծրագիրը, որի միջոցով անհրաժեշտ գրենական պիտոյքներ ենք ուղարկել Հայաստանի, Արցախի եւ æավախքի շուրջ 15 հազար աշակերտի: Այս ծրագրին ակտիւօրէն մասնակցում են նաեւ ամերիկահայ մանուկները, որ օգնում են մեզ՝ իրենց դպրոցներից հաւաքելով անհրաժեշտ պարագաներ՝ հայրենիքի իրենց հասակակիցներին ուղարկելու համար: Հիմնարկութիւնն էլ լրացնում է մէկ տարուայ համար պահանջուած գրենական պիտոյքների քանակը եւ ուղարկում:
դ. Համակարգչային կրթութիւն
ՀԿՀ համակարգչային կրթական ծրագիրը կենտրոնացած է գիւղերում ուսուցիչներին դասընթացներ տալու ուղղութեամբ: ՀԿՀն տարբեր շրջաններից եւ գիւղերից ուսուցիչներին համախմբում է մէկ քաղաքում՝ 6 շաբաթեայ վարժանքների համար: Այս ընթացքում մենք հոգում ենք ուսուցիչների ապրելու եւ սնուելու ծախսերը: Հայ կրթական հիմնարկութիւնը կարեւորում է նոր տեխնոլոգիաներին (արհեստագիտութեանը-Խմբ.) տիրապետելու հարցը եւ այդու՝ յատուկ ծրագիր ենք ստեղծել մասնաւորապէս գիւղերի տարրական եւ աւագ դպրոցների աշակերտների համար: Ծրագիրն աւարտելուց յետոյ, իւրաքանչիւր դպրոցի յատկացւում է երկու համակարգիչ եւ տպագրող մեքենայ՝ ուսուցիչների օգտագործման համար: ՀԿՀն սերտօրէն աշխատում է «Մայքրոսոֆթ Արմէնիա» եւ «æի.Այ.Թի.Սի.» ընկերութիւնների հետ՝ ուսումնական նոր ծրագրեր ի գործ դնելու ուղղութեամբ:
ՀԱՐՑ.- Այս տարի արդեօք ունէ՞ք նոր ծրագրեր:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Այս տարուայ Սեպտեմբերից Արցախի պետական համալսարանում կը սկսի գործել Համակարգչային գիտութեան ամբիոնը, որ ստեղծուել է ՀԿՀի կողմից: «Այ. Արցախ» կոչուող այս նախաձեռնութեան շրջանակներում, ՀԿՀը նաեւ կրթաթոշակ է սահմանել այս մասնագիտութիւնը ընտրող շուրջ ութ ուսանողի համար: ՀԿՀ տնօրէնների խորհուրդը, 2013 թուականի բիւջէն քննարկելիս որոշեց ուշադրութիւնը կենտրոնացնել Արցախի անվտանգութեան եւ զարգացման համար կարեւոր նշանակութիւն ունեցող այս գիտութեան զարգացման վրայ եւ հաստատեց 100 հազար դոլարի բիւջէ՝ ամբիոնը բացելու եւ ֆինանսական անհրաժեշտ աջակցութիւն տրամադրելու համար: Այս ծրագրի ակադեմիական հարցերը վերահսկելու են «Գիտական, կրթական եւ մշակութային զարգացման» (SSECD) ընկերութեան գիտնականները:
ՀԱՐՑ.- Դուք ներկայացրիք Հայաստանում ՀԿՀի աշխատանքները, իսկ Սփիւռքում ի՞նչ գործունէութիւն էք իրականացնում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- ՀԿՀն կրթաթոշակներ է տրամադրում համալսարանների հայկական ծագում ունեցող ուսանողներին, աւագ դպրոցների աշակերտներին, տարբեր հայկական կազմակերպութիւններին ԱՄՆ-ում եւ Լիբանանում՝ 9 դրամաշնորհների միջոցով, որոնց անունները կը նշենք ստորեւ: Առաջնութիւն ենք տալիս հանրային կամաւոր աշխատանք կատարած դիմորդներին: Մանրամասներ եւ դիմումաձեւեր կարող էք գտնել մեր կայքում՝ http://www.aefweb.org/, կամ զանգահարել մեր գրասենեակ հետեւեալ հեռախօսահամարով՝ (818) 2424154:
ՀԱՐՑ.- Եթէ փորձենք ամփոփել ՀԿՀ գործունէութիւնը, ի՞նչ արդիւնքների մասին կարող էք խօսել:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նշենք, որ ՀԿՀն բացառիկ է նաեւ թափանցիկութեան առումով: Մեր 63 ամեայ գործունէութեան ընթացքում մենք տարեկան մանրամասն հաշուետուութիւն ենք ներկայացրել թէ՛ մեր անդամներին, թէ՛ նուիրատուներին ու հովանաւորներին: Մեր գործունէութեան մասին կարելի է տեղեկանալ նաեւ ՀԿՀ կայքէջից, որտեղ ի լրումն այս տեղեկութիւնների՝ նշուած է նաեւ, թէ որքան գումար ենք ստացել եւ ինչպէս ենք դրանք ծախսել: Օրինակ, 2000 թուականից սկսած Հայաստանի եւ Սփիւռքի ուսանողներին մենք յատկացրել ենք շուրջ 856 հազար դոլարի կրթաթոշակ:
ՀԱՐՑ.- Իսկ ինչպէ՞ս էք ձեռք բերում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ՀԿՀ ծրագրերի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ, մեր բոլոր անդամները տարեկան վճարում են 500 դոլար անդամավճար, որ սահմանուել է հիմնադրման ժամանակ 1950թ.ին: ՀԿՀի նիւթական միւս աղբիւրներն են՝ աւանդները, նուիրատուութիւնները, կտակները, աւանդների ձեւով մնայուն նուիրատուութիւնները, նաեւ՝ հովանաւորները, ովքեր ընտրում են մեր առաջարկած ծրագրերից մէկը կամ մի քանիսը եւ՝ ֆինանսաւորում: Ի լրումն, մենք ունենում ենք նաեւ դրամահաւաքներ: Նշենք, որ ՀԿՀը հայկական այն ինը կազմակերպութիւնների թւում էր, որ ստացել է 330 հազար դոլար՝ «Նիւ Եորք Լայֆ Ինշուրանս»ի կողմից Ցեղասպանութիւնը վերապրածների համար յատկացուած գումարից (Life Insurance Settlement for Survivors of Genocide):
ՀԿՀն ունի 9 դրամաշնորհներ տարբեր կրթաթոշակների համար՝ Սփիւռքում եւ Հայաստանում. Ռիչըրդ Թիւֆենքեան (նախատեսուածը ԱՄՆ, Հայաստանի եւ Արցախի համար), Ճօրճօրեան (Այնճար, Լիբանան), Փեշտիմալճեան (Բուլղարիա), Մովսիսեան (Հայաստան), Շիրիկեան (Այնճար, Լիբանան), Մկրտիչ Ֆիդանեան (Հայաստան), Շիրիկեան (Անթիլիաս, Լիբանան), Ճօրճօրեան (Հայաստան), Վահէ Շիրիկեան (Անջար, Լիբանան):
ՀԱՐՑ.- Ովքե՞ր եւ ինչպէ՞ս կարող են աջակցել Հայ կրթական հիմնարկութեանը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- ՀԿՀի աջակցելու տարբեր ձեւեր կան: Օրինակ՝ նիւթական յատկացում, որ կարող է առաջանալ զանազան առիթների (սուգ, տօնախմբութիւն, եւ այլն) բերումով կատարուած նուիրատուութիւններից: Կամ՝ անհատը կարող է ընտրել ՀԿՀի ծրագրերից մէկը եւ իր անունով ֆինանսաւորել այն: Մէկ այլ օրինակ, որ վերջերս ենք որպէս առաջարկ ստացել՝ «Առաջին քայլ» դպրոցի տնօրէնը առաջարկել է «Օգնենք Հայաստանի երեխաներին» ծրագիրը, որով դպրոցի աշակերտները գրենական պիտոյքներով լի մի պայուսակ են նուիրում, որ ՀԿՀի միջոցով ուղարկւում է Հայաստան: Այսպիսով, ամերիկահայ մանուկները կը զգան, թէ ինչպէս կարող են անմիջական օգտակարութիւն ունենալ Հայաստանի իրենց հասակակցի կեանքում: Ինչպէս նշեցինք, մեզ են դիմում նաեւ անհատներ, որ հետեւելով մեր գործունէութեանը եւ վստահելով՝ խնդրում են օգնել իրականացնելու իրենց մտադրութիւնը: Այս առումով, յատկանշական էր բոստոնաբնակ դոկտոր Ալբերտ Մելիք Ղասումեանի վերջերս կատարած նուիրատուութիւնը՝ 34 հազար դոլար, Արցախի երկու գիւղերի դպրոցների եւ 200 հազար դոլար՝ Արցախի պետական համալսարանի հանրակացարանի վերանորոգման համար: Դոկտոր Մելիք Ղասումեանը խոստովանեց, որ վերանորոգման նախագիծն իրեն աւելի մօտեցրեց իր հայկական ժառանգութեանն ու արմատներին: Մենք խրախուսում ենք նաեւ կամաւոր աշխատանքը՝ դրամահաւաքների եւ մեր մի շարք նախաձեռնութիւնների իրականացումը դիւրացնելու համար:
ՀԱՐՑ.- Կարո՞ղ ենք ասել, որ ՀԿՀի յաջողութիւնը նուիրեալների աշխատանքի արդիւնքն է:
ՊԱՏԱՍԽԱՆ.- ՀԿՀ անդամներից իւրաքանչիւրը մեծ պատասխանատուութեամբ է մօտենում իր գործին: Նրանք անձամբ են վերահսկում Հայաստանում տարուող գործունէութեանը՝ պարբերաբար այցելելով Հայաստան, ներկայ լինելով վերանորոգման աշխատանքներին, եւ համոզուելով, որ դրանք իրականցւում են նախատեսուած որակով: ՀԿՀ խորհրդի անդամները, այնուհետեւ ամսեկան հաշուետուութիւն են ներկայացնում, որ կիսում ենք մեր բոլոր անդամների հետ: Հարկ է նշել, որ մեր հաւաքած բոլոր գումարները 100 տոկոսով ծախսւում են միայն ծրագրերն իրականացնելու ուղղութեամբ, իսկ իրականացնողները՝ մեր անդամները գործում են զուտ կամաւորական հիմունքներով եւ երբեւէ ֆինանսական փոխհատուցում չեն ստանում՝ նոյնիսկ Հայաստան կատարած այցերի համար: Ի դէպ, ՀԿՀին կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր հիմնարկութեան տեսլականը եւ պատրաստակամ են աջակցելու մեր կազմակերպութան նպատակների ու առաքելութեան իրականացմանը:
Որպէս վերջաբան. ՀԿՀ անդամները, հաւատարիմ կազմակերպութեան հիմնադիրների տեսլականին, գործում են բացառիկ նուիրումով եւ այն հաւատով, որ հայ սերունդների կրթութիւնը մեր ազգի ապագան ապահովող ամենամեծ երաշխիքն է: