ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Երբ 1996 թուականին կատարուեց Լարք երաժշտանոցի պաշտօնական բացումը՝ վախճանեալ Թորգոմ արք. Մանուկեանի ներկայութեամբ, Վարդգէսն ու Իշխանուհին արդէն մի քանի ամիսներէ մասնակցում էին այս երաժշտանոցի ձեւաւորման սկզբնական քայլերին: Եղել էր նախնական դրամահաւաք, կատարւում էին «Ծիածան» երգչախմբի արձանագրութիւնները. Colorado փողոցի վրայ գտնուող կլոր եկեղեցում շաբաթօրեայ դրութեամբ փորձեր էին տեղի ունենում: Պետրոսեան ամոլը հաւաքում էր անդամներ, ծնողներին բացատրում էր երաժշտական կրթութեան կարեւորութիւնը եւ կատարում էր կամաւոր աշխատանքներ: Վարդգէսը յիշում է, թէ ինչպէս կարգաւորեցին Accacia փողոցի վրայ գտնուող «Լարք»ի նախկին տարածքը. հիմնովին նորոգեցին, մաքրեցին, միջանցքի պատերին նկարներ դրին, կերպարանափոխեցին միջավայրը, երեխաների համար դասաւորեցին ուտելիք տրամադրելու պայմաններ եւ ստեղծեցին ընտանեկան մի մթնոլորտ, որ պահպանւում է մինչեւ այսօր: Այժմ, Arden փողոցի «Լարք»ի համալիրում, Շաբաթ օրերին, Իշխանուհու համադամ ճաշերը վայելում են թէ՛ ուսանողները, թէ՛ ուսուցչական կազմը, իսկ Վարդգէսի ձեռքից են անցնում շէնքին անհրաժեշտ բոլոր պէտքերը: Սրանք փաստական մանրամասնութիւններ են, որոնք կապում են Պետրոսեաններին Լարք հաստատութեան հետ:
Պետրոսեան գերդաստանի պատմութիւնն սկսւում է 1815 թուականից, Վան-Վասպուրականում, Մուխսի Օհանի ընտանիքով. այն Մուխսի Օհանը, որ 45 տարեկանին, էշի վրայ նստած ճամբորդում է Երուսաղէմ, 1860 թուականին: Վերադառնալուց յետոյ հայրենակիցները հաւաքւում են նրանց տանը՝ լսելու պատմութիւնները: Այս լուրը հասնում է տեղի կուսակալին եւ Օհանը կանչւում է նրա կողմից՝ անվերադարձ: Ամուսնու մասին տեղեկութիւններ ստանալու համար գնացող կնոջն առեւանգում է քիւրտ պաշտօնեան՝ իր հարեմի համար: Ընտանիքի 7 արու զաւակներից հինգ փոքրերը տարւում են թրքական որբանոց: Աւագները՝ Կարապետը եւ Սարգիսը, փախչում եւ ազատւում են:
Վասպուրականից սկսած, այս հայ երիտասարդները ճաշակում են տեղահանութեան եւ պարբերական գաղթերի բոլոր դառնութիւնները՝ իրենց ընտանիքներով. Վան-Երեւան- Սալմաստ-Համադան-Իրաք՝ Պաքուպա: Մուխսի Օհանի շառաւիղով շարունակւում են Կարապետը (Վարդգէսի մեծ հօր հայրը), Պետրոսը (մեծ հայրը), Համազասպը (հայրը) եւ վերջապէս հինգերորդ սերունդը՝ Վարդգէս Պետրոսեանը:
Այցելում ենք Պետրոսեանների առանձնատունը: Իրաքահայ ընտանիքը հաստատուն կերպով տեղաւորուել է Միացեալ Նահանգներում՝ դառնալով գերդաստան՝ երեք զաւակներով եւ հինգ թոռներով: Թերթում ենք նամակներ, թղթեր՝ միաժամանակ լսելով իւրաքանչիւր տարագիր հային բնորոշ, սակայն ամէն հային եւ նրա ընտանիքին յատուկ տարբեր դրուագներ, որոնց համադրումը մեր ժողովրդի պատմութիւնն է՝ դառը, բայց հերոսական:
1948ին էր՝ Քերքուքում, երբ Վարգէսը կուսակցութեան զինադրօշի վրայ տալիս է իր երդումը եւ միանում է Դաշնակցութեան շարքերին: Շուտով սկսւում են համայնավարական շարժումները եւ արդէն 1959ին, ազգայնական շարժման մասնակիցները բանտերում էին. Ապու Ղըրէյպի քաղաքական բանտարկեալների նշանաւոր կենտրոն էին ուղարկուած ութ հայ բանտարկեալներ: Կուսակցութեան անդամները մտահոգուած էին, թէ արդեօք ի՞նչ վիճակում էին իրենց ընկերները. ցուցմունքներ տալի՞ս էին կառավարութեանը: Վարդգէսի տանը անցկացուող ժողովի ժամանակ, կինը՝ Իշխանուհին, լսում է այս խօսակցութիւնները: Յաջորդ օրը, Վարդգէսի քրոջ հետ, գաղտնի, առանց նրանց գիտակցութեան, Իշխանուհին գնում է զինուորական ատեան եւ պահանջում է իրենց բարեկամների տեսակցութիւնը: Սակայն դրա համար պէտք էր արտօնագիր գաղտնի ոստիկանութիւնից: Խնդրագրի ստորագրումից յետոյ, Իշխանուհին եղաւ առաջին անձը, որ կարողացաւ մտնել Ապու Ղըրէյպի բանտ. նրա մուտքը բանտարկեալների համար հրեշտակի յայտնութեան էր նմանուել: Շաբաթական այցելութեամբ լուացւում էին բանտարկեալների հագուստները, ապահովւում էր սնունդը եւ փոխանցւում էին անհրաժեշտ տեղեկութիւնները:
20 հազարանոց հայկական գաղութը քայքայւում էր աստիճանաբար: Պարսկահպատակները, ասորիները, հայերը տարւում էին սահման, վտարւում էին երկրից: Պետրոսեան ընտանիքը, անցնելով Լիբանան՝ 1975 թուականին տեղափոխւում է Միացեալ Նահանգներ:
«Բարեգործութիւնը յատկանիշ մըն է, որ ի ծնէ պիտի ունենաս», ասում է Իշխանուհին, որը երկրորդում է Վարդգէսը: 60ական թուականներին Պաղտատում ստեղծել էր հայկական ակումբ, ուր մինչեւ մեկնումը՝ Պետրոսեան ամոլը նուիրուել էր այդ ընտանեկան մթնոլորտին եւ որի շարունակութիւնն էլ կարծես ամոլը գտաւ Լարք երաժշտանոցին ծառայելու մէջ:
Լոս Անջելեսում, նրանք շարունակում են օգտակար լինել հայ համայնքային միջոցառումներին: 1998ին, ՀՅ Դաշնակցութեան հիմնադրութեան 108րդ ամեակի հանդիսութեան համար, Իշխանուհին կարում է 112 եռագոյն խոշոր մետաքսեայ դրօշակներ՝ տրամադրելով օրեր, ամիսներ: Կարում է Ղարաբաղի դրօշակ՝ Շուշիի քաղաքապետարանի համար, ու քաղաքի լիազօր ներկայացուցչից ստանում է շնորհակալական նամակ. «Յոյսով ենք, որ ձեր նուիրած Ղարաբաղի դրօշն ամուր յենարան կը հանդիսանայ ղարաբաղեան քաղաքի ժողովրդի համար, հողն ամուր պահելու եւ յաւերժ գոյատեւելու…»: Մեծ եւ փոքր տասնեակ եռագոյն դրօշներ է կարում նաեւ Շուշիի Դ. Ղազարեանի անուան երաժշտական նորաբաց դպրոցի համար: Իշխանուհին ղարաբաղեան դրօշը համարում է սրբութիւն, եւ «անոր կարելը՝ պատիւ»:
90ական թուականներին սկս-ուեց ղարաբաղեան շարժումը: Սփիւռքը պէտք ունէր այդ երեւոյթի լուսաբանմանը, որի համար Լոս Անջելես էր հրաւիրուել Անդրանիկ Յարութիւնեանը: Վարդգէսը իր տան դռները լայն բացել էր հիւրին դիմաւորելու համար եւ ապահովել էր նրա ամիսների կեցութիւնը: 1992ին, ազատամարտիկը զոհւում է արցախեան պատերազմում:
Պետրոսեան ամոլը մինչեւ օրս իր աջակցութիւնն է փոխանցում մեր հայաստանաբնակ հայրենակիցներին, իր ուժերի սահմաններում, բայց՝ անդադար. նուիրաբերում ու բարեգործութիւն անում բոլորին: Իսկ «Լարք»ը նրանց համար երկրորդ տուն է:
«Իմ տարիքի մարդիկ նոյն ուժը չունին, ինչ որ ես ունիմ՝ շնորհիւ «Լարք»ի հետ կապիս: Շաբաթ օրերը, որ «Լարք» կու գանք, կարծես picnic կ՛երթանք: Նոր պզտիկ մը եկաւ դպրոց, ձեռքէն բռնեցի, ըսի՝ ես գիտցայ, որ մամադ բերաւ քեզի, ասիկա քու տունդ է, խոհանոց ունինք, հոս պիտի մեծնաս: Պզտիկ երեխաները, երբ սիմֆոնի կը լսէին, ես կապուեցայ, չկրցայ բաժնուիլ եւ զգացի որ ինչ բախտաւոր են ասոնք. դասական երաժշտութիւնը կը փոխէ մարդիկը. աւելի յարգալից կ՛ըլլան եւ իրար կը սիրեն», ասում է Վարդգէսը:
Իսկ «Լարք»ը այնքան է սիրել իր հիմնադիր նուիրեալներին, որ անուանել է նրանց՝ «Լարք»ի հրեշտակներ՝ Իշխանուհի եւ Վարդգէս:
Վարդգէս Եւ Իշխանուհի Պետրոսեաններ, you deserve the title of Angels. We love you because you are ready to serve your Armenian community. God bless you.