ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ
Միշտ ոգեւորւում եմ, երբ իմ յօդուածներին ի պատասխան ագրեսիւ, թունոտ մեկնաբանութիւններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, միւսները լի են մաղձով, չարութեամբ, որոնց հեղինակները անգամ ինտելեկտուալ ձեւանալով, ի զօրու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ՝ դո՞ւր են գալիս ինձ դրանք, թէ ոչ: Ես, ինչպէս մեկնաբանութիւնների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հաւատում են ինձ առանձին անհատներ, թէ՝ ոչ, ինձ համար, ներեցէք, միեւնոյնն է… Խօսքի ազատութեան սկզբունքը ոչ միայն ցանկացածիդ ասելու իրաւունքն է, այլեւ չլսելու: Իսկ ոգեւորում է ինձ այն, որ մեկնաբանողների վրդովուած գրառումներում, նոյնիսկ նրանց, ովքեր այնքան էլ լաւ չեն հասկացել յօդուածի իմաստը, զգում եմ շփոթմունք եւ ամօթի զգացողութիւն…
Նրանցից շատերը երեւի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները բարիկադներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) եւ բանտ նստում յանուն իրենց ազատութեան, իրենք լռում էին եւ թաքցնում գլուխները ոտքերի արանքում: Բայց չէ՞ որ այն ժամանակ էլ կար խօսքի ազատութիւն, եւ կարելի էր չլռել: Եւ բանտ էլ նստում էին հէնց նրանք, ում մեկնաբանութիւնների քաջ եւ անանուն հեղինակներն անուանում են դաւաճան: Ընդհանրապէս, «դաւաճան» բառը պէտք է զգուշօրէն գործածել: Քանի որ ո՞ւմ կարելի է դաւաճանել: Նրան, որ քո հաւատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թէ ընտրակաշառքների թակարդն է ընկել, եւ ում չեն շեղել կեղծ այլընտրանքների՝ սիրամարգի պոչի նման գոյնզգոյն խոստումները: Իսկ քանի՞ նման կայուն եւ հաւատարիմ մարդ է եղել մեր հասարակութիւնում: Արդեօք նրանք շա՞տ են այժմ: Ցաւօք, ոչ: Մեր հասարակութիւնը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկութեան, որը կը գայ առանց իր անմիջական մասնակցութեան: Դրա օրինակները շատ են: Եւ միշտ արդիւնքը հիասթափութիւնն է եղել: Վերցնենք մեր ոչ վաղ անցեալը, որ հիմնական լէյտմոտիվը (հիմնական դրոյթը-Խմբ.) փրկչի փնտռտուքն է: Միայն հաշուէք, թէ քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մէկուկէս տասնամեակի ընթացքում:
De mortuis nil nisi bonum՝ հանգուցեալների մասին կա՛մ լաւը, կա՛մ ոչինչ, իհարկէ, սակայն յիշէք 90ականների վերջը, երբ փրկչի փնտռտուքը առաջին անգամ երեւան հանեց մեր հասարակութեան՝ վաղուց հեռացած քաղաքական դէմքերին յարութիւն տալու բացառիկ կարողութիւնը:
Իսկ երկուհազարականնե՞րը…
Մոսկովեան մեսսիա (փրկիչ-Խմբ.) Արկադի Վարդանեանը իր բուռն բազմամարդ հանրահաւաքներով, որոնց հետեւեց նահանջը եւ յոյսերի տապալումը: Յետոյ արդէն տեղական հերոսների շքերթը՝ Արամ Կարապետեան, Արտաշէս Գեղամեան, Ստեփան Դէմիրճեան, Արթուր Բաղդասարեան, Տիգրան Կարապետիչ, կոնգրեսական առաջնորդները՝ ԼՏՊի գլխաւորութեամբ եւ վերջապէս՝ համահայկական ղեկավարութեան ձգտող էքստրավագանտ (արտառոց-Խմբ.) յաւակնորդը, որը զարմացրեց բոլորին քաղաքական հացադուլը նախազատիկեան պասի վերածելու կարողութեամբ:
Բոլորը խոստանում էին պարզապէս մետաքսեայ-բամբակեայ յեղափոխութիւններ, սակայն արդիւնքում՝ կրկին նահանջ, երբեմն սրտխառնոց առաջացնող նահանջողականութիւն, եւ նորից յոյսերի փլուզում…
Բայց դաշնակցականներին այս աստղաբոյլի հետ մի խառնէք: Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք՝ եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կ՛առաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: Սակայն եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել ինչպէս ապրում էիք՝ մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստաէկրանի առաջ եւ հեռուից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնը, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: Այնպէս որ, սիրելի հայրենակիցներ, մեզնից մի՛ դժգոհէք, մենք չենք դաւաճանել ձեր յոյսերը, քանի որ դուք մեզ հետ ոչ մի յոյս չէիք էլ կապել: Արդէն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար եւ յաղթանակ: Ձեր պայքարը եւ ձեր յաղթանակը: Պարզապէս մենք ուրիշներից լաւ գիտենք, որ մէկն առանց միւսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարէն ընտրում էք կախարդական հեքիաթը, կամ այլ խօսքերով՝ որ ձեզ յիմարի տեղ դնեն: Եւ արդիւնքում ունէք այն, ինչին արժանի էք: Ընդ որում, ուշադրութիւն դարձրէք, որ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է հայ իրականութեան մէջ, որը բացէիբաց ընդունում է իր սխալները եւ բաց քննադատութեան է արժանացնում սեփական անցեալը եւ սեփական ղեկավարութեանը:
ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ՀԱՅԿԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՐԲԵՔ
ՉԻ ՅԱՄԱՐՁԱԿՈՒԵԼ
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՈՎ ՆԱՅԵԼ ՍԵՓԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆԸ
Նոյնը, ցաւօք, վերաբերում է մեր հասարակութեանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ արհամարհական եւ Դաշնակցութեանը ազգի բոլոր դժբախտութիւնների մէջ մեղադրող գրառումները թողնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ մեր կեանքում ինչ որ բան սխալ է, բայց սեփական մեղքը տեսնել չեն ուզում: Սովոր չեն:
Դուք չէ՞ք նկատել՝ ովքեր են ամէնից շատ եւ յաճախ բողոքում եւ դժգոհում կեանքի եւ աշխարհի անարդարութիւնից: Նրանք, ովքեր երբեք եւ ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մէկը կամ միւսը: Ցաւով ստիպուած ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակութեան մէջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են յատուկ ուսումնասիրութիւն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ եւ բազմագործօն երեւոյթ է: Գելլափի սոցիոլոգների կատարած հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ Հայաստանում հարցուածների մէկ երրորդից աւելին համարում է իրենց տառապեալ:
Թւում է, թէ դա պէտք է բաւական լինի, որպէսզի ընտրութիւններին իշխող կոալիցիայի (միաւորումին-Խմբ.)՝ կրկին յարմարաւէտ իշխանական աթոռը զբաղեցնելու յոյսերը տապալուեն: Սակայն հէնց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիօրէն ցածր, յանուն սեփական երկրի, սեփական երեխաների աւելի լաւ ապագայի պայքարելու պատրաստակամութիւնը: Հէնց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամութեամբ ենթարկւում են իշխանամէտ նախընտրական շտաբերի լկտի կատարածուներին: Այդ «հնազանդներ»ի մտքով անգամ չի անցնում գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հաւաքողներին եւ դառնալ ազատ՝ հարկադրանքից եւ ընտրակաշառքներից: Վաղուց է յայտնի, որ ստրուկը ոչ թէ ազատութիւն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպէս Ցիցերոնն է ասել եւ չի սխալուել: Միգուցէ նրա ծանօթների մէջ հայե՞ր են եղել: Սակայն, թերեւս, դա համընդհանուր կանոն է, եւ միայն մեզ չի վերաբերում:
Մարդկութիւնը, ընդհանուր առմամբ, ինչպէս եւ առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհաւասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում պրոգրեսը, նրանք, ովքեր ակտիւ դիմադրում են դրան, եւ նրանք, ովքեր պասիւ սպասում են այդ գործընթացի արդիւնքներին՝ «ճանապարհին գցած գերան»ի կարգավիճակում:
Եւ նոյնիսկ այնքան կարեւոր չէ, թէ նշուած կատեգորիաներից որն է աւելի շատ շահում սոցիալական, քաղաքական, տնտեսական ռեֆորմներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կը տանի կասկածների արահետով՝ մոլորակն ապականող մեր քաղաքակրթութեան նպատակայարմարութեան (Աստուածային մտահղացման) եւ կենսունակութեան տեսակէտից: Կարեւորն այն է, որ պրոգրեսի համար անհրաժեշտ է, այսպէս կոչուած, պատուիրատու, շահագրգռուած սոցիալական խումբ, որը ճիշդ, թէ սխալ, բայց եւ այնպէս գիտակցաբար տեսնում եւ զգում է իր շահը պրոգրեսից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նիւթական, չնայած դա նոյնպէս շատ կարեւոր է, բայց հոգեկան բաւարարուածութիւն (օրինակ՝ հպարտութիւն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր յաղթանակի զգացողութիւն) անպայման պէտք է բերի:
Իհարկէ, գերադասելի է, որպէսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հէնց իշխանութիւնը: Հայաստանում այն, ցաւօք, ի տարբերութիւն սոցիալիստական ճամբարի աւերակների վրայ առաջացած շատ պետութիւնների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ աւելի կարեւոր է «երրորդ շերտ»ի՝ պատուիրատուի առկայութիւնը: Եւ հէնց այստեղ է բացւում իրօք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրութեան արդիւնքում պարզ է դառնում, որ դեռեւս չկայ սոցիալական շերտ, որը շահագրգռուած լինի բարեփոխումներով: Կամ հնարաւոր է՝ արդէն չկայ: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականօրէն ասած, վերածուել է մեր հասարակութեան բեռի, շատ բարձր է: Պառակտումը, իներտութիւնը եւ կամազրկութիւնը հասել են այնպիսի վտանգաւոր սահմանի, որ արդէն կասեցնում են ազգի վերարտադրուելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը: Դրա օրինակները մենք հանդիպում ենք ամէն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրէցօր: Կա՛մ զարթօնքի թարմ քամի եւ քայլ դէպի ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ. ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպէս որ, յարգելի՛ ընկերներ, մի՛ շեղուէք դէպի անիմաստ բանավէճեր սուր մեկնաբանութիւններ թողնող հեղինակների հետ. թող գրեն՝ ինչ ուզում են: Կարեւորն այն է, որ կարդում են, եւ ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշդ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նեարդայնանում են: Բայց նրանք նոյնպէս մեր հարազատն են, մեր հայրենակիցները, եւ եթէ նրանք ճշմարտութիւն են փնտռում, մենք չենք թողնի նրանց մենակութեան եւ անորոշութեան մէջ:
Դէ ինչ, շարունակե՞նք: