ԱՐՄԻՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ

Հոկտեմբեր 8ին, «Արամ Խաչատրեան» համերգասրահում ելոյթ ունեցաւ Լոս Անջելեսի «Կանթեղ» մեծահասակների գուսանական երգչախումը: Խմբի ամենատարեց անդամը 1916 թուականին ծնուած Յովհաննէս պապն է: Վեներա Վարուժանեանն էլ երգչախմբի մենակատարն է, որ թեւակոխել է 80ի շեմը: Նա պատմում է՝ երբ հեռուսատեսութեամբ լսեց, որ բացւում է մեծահասակների երգչախումբը, առանց վարանալու որոշեց դառնալ երգչախմբի անդամ: Աշխատել է Երեւանի պետական համալսարանում 30 տարի, որպէս աւագ հաշուապահ, սակայն 1988ին հանգամանքների բերումով յայտնուել է ԱՄՆում: Որեւէ երգչախմբում չի երգել, բայց՝ «մեծացել եմ Յովհաննէս Բադալեանի, Արաքսի Գիւրզադեանի երգերի ներքոյ»:
«Իմ գործունէութիւնը սկսել եմ Էջմիածին քաղաքից», պատմում է երգչախմբի ղեկավար, մշակոյթի վաստակաւոր գործիչ Գէորգ Չաքմանեանը: Նա նշում է, որ իր համերգներին մեծամասամբ տարեցներ էին գալիս եւ շատ յաճախ իր հետ հաւասար երգում: Որոշում է յայտարարութիւն տալ՝ խումբ հաւաքելու համար: Արդիւնքում՝ ստեղծուեց «Կանթեղ» մեծահասակների երգչախումբը:
Խմբի գեղարուեստական ղեկավարը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում հնչել է միայն կենդանի ձայն, իսկ նուագակցել է Արամ Մերանգուլեանի անուան ժողովրդական գործիքների համոյթը: Սա խմբի առաջին համերգն էր Լոս Անջելեսից դուրս:
«Ռադիօլուր»