
Մասնագէտները զգուշանում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութիւնը կարող է վերածնուել վատագոյն տարբերակով, գրում է ֆրանսիական «Le Monde» թերթի յօդուածագիր Պեօտր Սմոլեարը, ում յօդուածը ներկայացնում է «InoPressa» կայքը:
Սառեցուած հակամարտութիւնների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են ամենավատ տարբերակով: Նման մտավախութիւն ունեն Կովկասի փորձագէտները՝ Լեռնային Ղարաբաղի առնչութեամբ:
Թերթը նշում է, որ այդ տարածքին յաւակնում են Հայաստանն ու Ադրբեջանը եւ որ խնդրով զբաղուող ԵԱՀԿ Մինսկի խմբի դիւանագիտական ջանքերը դեռեւս որեւէ արդիւնքի չեն յանգեցրել:
Տարածաշրջանի դիտորդները լարուածութեան աճի նշաններ են նկատում:
Խօսքը ոչ միայն փոխհրաձգութիւնների մասին է: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղը սիրիահայ փախստականներով բնակեցնելու համար՝ ժողովրդագրական ներկայութիւնն ամրապնդելու նպատակով, գրում է թերթը:
Երեւանի գնահատականներով՝ երկու տարուայ ընթացքում 10 հազար սիրիահայ է ժամանել Հայաստան:
Մտավախութիւնը՝ կապուած ճգնաժամի վերսկսման հետ, պայմանաւորուած է հակամարտութեան կողմերի զինուելու մրցավազքով:
Յօդուածագիրը յիշեցնում է, որ 2003թ.ին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 163 մլն. դոլար: 2013թ.ին ռազմական բիւջէն կազմել է արդէն 3.7 մլրդ. դոլար:
Ձեռք են բերուել նաեւ մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ժամանակակից հակաօդային համակարգեր, տանկեր, հրետանային համակարգեր, որոնք կարող են վնասել հակառակորդի ցանկացած թիրախ: 2012թ.ին Իսրայէլը համաձայնուել է Բաքու ուղարկել 60 անօդաչու:
Աւելի ուշ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է Հարաւային Կորէայից 3 մլրդ. դոլար արժողութեամբ զինամթերք, այդ թւում՝ ռազմանաւեր, սուզանաւեր եւ այլ տեխնիկա գնելու մտադրութեան մասին: Սակայն Սէուլն այդ քայլին չգնաց՝ չցանկանալով նպաստել տարածաշրջանում լարուածութեան աճին: Այդ ֆոնին Հայաստանը 25 տոկոսով մեծացրեց ռազմական բիւջէն՝ հասցնելով այն 450 մլն. դոլարի:
Միջազգային ճգնաժամային խմբի՝ Սեպտեմբերի 26ին հրապարակուած զեկոյցի համաձայն՝ իրավիճակը տարածաշրջանում թւում է յեղյեղուկ եւ անկանխատեսելի, փխրուն եւ պայթիւնավտանգ:
Յօդուածագիրը նշում է, որ այն պահից ի վեր, երբ միջնորդական ջանքերը պասիւացան, Բաքուն աւելի յաճախ է սկսել խօսել հակամարտութեան ռազմական լուծման մասին:
Օդային հարուածները յիշատակւում են որպէս ցանկացած յարձակման նախնական փուլ:
«Առաջադրանքը լինելու է հետեւեալը. արագ գործողութեան ընթացքում վերադարձուելու է այսպէս կոչուած՝ բուֆերային (արգելակումի-Խմբ.) գօտին, որն ստեղծուել է Լեռնային Ղարաբաղի շուրջ, կամ, այլ խօսքերով, 7 շրջանները, որոնք գրաւել են հայերը պատերազմից յետոյ», գրում է հեղինակը:
Երեւանն ընտրութիւն է կատարել ԵՄի հետ Ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գօտու ստեղծման ու Մաքսային միութեանն անդամակցելու միջեւ՝ վերջինիս օգտին:
«Պատճառները Մոսկուայի կողմից ճնշումները չեն կամ արագ տնտեսական շահը. այս փոքրիկ երկրի հիմնական մտահոգութիւնն անվտանգութիւնն է: Հազարաւոր ռուս զինուորների ներկայութիւնն այդ հողում, ռուսական զէնքի ոչ թանկ արժէքը, Ռուսաստանի հետ սերտ բարեկամական յարաբերութիւններ ունենալու գաղափարը, այդ բոլոր տարրերը հանդիսանում են անվտանգութեան երաշխիք այն թիրախների համար, որոնց հետապնդում է Բաքուն», եզրափակում է յօդուածագիրը:
«Թերթ»