ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Մղձաւանջից արթնացայ առանց հասկանալու, թէ ինչու այդպիսի երազ տեսայ: Սովորաբար ասում են, թէ երազները արտացոլում են խորը թաքնուած մտքերը, որ նիրհում են ենթագիտակցութեան ծալքերում: Ի՞նչն էր պատճառը, չէ՞ որ երբեք նման մտքեր չեմ փայփայել…
Մի փոքր հեռուից սկսեմ: Հայրս՝ լուսահոգի Զաւէն Մելեքեանը, յարգուած արհեստաւոր էր Երեւանում: 1946 թուականին Յունաստանից հայրենիք ներգաղթելով, բազմաթիւ մասնագիտութիւնների տիրապետելուց յետոյ, վերջապէս գտել էր իր ճանապարհը: Հասուն տարիքում սովորել էր մի արհեստ, որի արդիւնքում հանրապետութեան տարբեր ծայրերից պատուէրներ էր ստանում: Գործուածքեղէնի վրայ մանրաթելերով տարբեր զարդեր էր պատրաստում, ժամերով գծելով ու ջնջելով դրանք: Մայրս՝ Անոյշը, ընտանիքով Թոքատ քաղաքից տեղափոխուել էր սկզբից Պլովդիւ, յետոյ՝ Գիւմրի, ապա՝ Երեւան: Երկար տարիներ հաշուապահ էր աշխատել: Իմ գերդաստանում ոչ ոք երբեւէ բարձրաստիճան պաշտօն չի զբաղեցրել: Ես ինքս՝ երբեք չեմ ձգտել աթոռի: Սկզբից տարուած եմ եղել երաժշտութեամբ, ապա ինձ գրաւել է ուսուցչի մասնագիտութիւնը: Որտեղի՞ց էր այդ տարօրինակ երազը, ինքս էլ չէի հասկանում:
Ինձ ընտրել էին… Հայաստանի նախագահ: Հրաժարուել չէի կարող, ի՞նչ կը մտածէին մարդիկ: Հազիւ առիթ էր ընծայուել մի բարի գործ անելու, ժողովրդի կարիքները հոգալու: Բայց որտեղի՞ց սկսէի: Խնդրեցի, որ իմ մօտ հրաւիրեն խորհրդականներին: Ներս մտան կաշուէ սեւ բաճկոններով միջահասակ մարդիկ, կիսաթրաշ, հեգնական ժպիտները դէմքներին: Անմիջապէս ճանաչեցի նրանցից մէկին, որն իր ընկերոջ ուսին յենուելով, ինչ որ բան էր փսփսում: Յիշողութիւնս ինձ չդաւաճանեց:
80ականների սկզբին Երեւանի մեր բնակարանի դուռը թակեցին: Սեւ բաճկոնաւորն էր կանգնած, իր շքախմբի հետ: «Վարպետ Զաւէնը ստե՞ղ ա ապրում, ջահել», ինձ ասաց: «Ներս համեցէք», ասացի: Նրանք ներս մտան: «Հայրս հիմա կը գայ, խանութում է», աւելացրի: «Մի նեղուի, կը սպասենք, արի կողքս, տենամ ո՞վ ես», ասաց թուխ դէմքով, անթրաշ, ինքնավստահ մարդը: «Էս թաղում քեզ հո նեղացնող չկա՞յ», ասաց: «Ինչի՞ պիտի նեղացնեն, մեր համար հանգիստ ապրում ենք», ասացի: «Յանկարծ մէկը բան ասի, իմ անունը կը տաս, ու կ՛ասես՝ հերները կ՛անիծեմ», եզրափակեց, իսկ կողքի «սեւերը» համաձայնութեամբ գլխով արեցին՝ ժպտալով: Եկաւ հայրս, անկոչ «հիւրերը» ներկայացան: «Վարպետ, մեզ Սերգէյն ա քո մօտ ուղարկել, Մասկուա պտի մի հատ թազա «Վոլգա 24» նուէր ուղարկենք, աբիֆկի (նստատեղերի կտորածածկ) վրայ մի քանի հատ զարդ-մարդ գործի էս քանի օրը, լաւութեանդ տակից դուրս կը գանք, բայց էս շաբաթ ա պէտք»: Երբ հայրս իմացաւ, թէ ինչպիսի ծաւալի գործ էին ուզում, յայտնեց նրանց, թէ առնուազն երկու շաբաթուայ աշխատանք կը պահանջուի: «Չէ, վարպետ ջան, գոնէ 10 օրում արա, թէ չէ կը քաշուենք», ասաց անթրաշը, «փողդ մի բան էլ աւել կը տանք»:
Ես յիշում եմ, թէ ինչպէս հայրս 10 օրուայ մէջ պատրաստեց պատուէրը, աշխատելով օրական 14ից 15 ժամ՝ առանց հանգստանալու: Եկաւ ժամանակը: Շքախումբը ներկայացաւ, չափազանց գոհ մնացին աշխատանքից, մի շիշ թանկարժէք կոնեակ ու շոկոլադ տուեցին հօրս ու ասացին, թէ աշխատավարձի փողը Սերգէյի՝ հօրս հիմնարկի վարիչի մօտ են թողել: Աշխատանքը վերցրին ու հեռացան: Իսկ Սերգէյի մօտ անգամ չէին էլ գնացել, ընդամէնը զանգահարել էին ու խոստացել, որ «էսօր էգուց» փողը կը բերեն:
Ի հարկէ, կռահում էք, թէ ինչպիսի վախճան ունեցաւ «ղոչաղ» տղերքի հետ կապուած պատմութիւնը: Խեղճ Սերգէյը մի քանի ամսուայ մէջ քիչ քիչ վճարեց իր անունը գործածած ծանօթների պարտքը: «Դրանց հետ գործ չունես, Զաւէն ջան, աւելի լաւ է ես վճարեմ, ոչ դու, ոչ ես գլխացաւանքի մէջ չընկնենք», ասել էր Սերգէյը:
Հիմա այս նոյն մարդիկ կանգնած էին իմ «երազային» ընդունարանում ու իմ խորհրդականնե՞րն էին: Նրանց մէջ մի մարդկային դէմք էի փնտռում, ում հետ կը կարողանայի լեզու գտնել: Ընդունարանի դրսում աղմուկ էր, մի մեծ բազմութիւն իրենց խնդրագրերն էին փորձում ինձ տալ, բայց թիկնապահները անխնայ նրանց դուրս էին հրում: Աջ կողմից զնգում էր կարմիր հեռախօսը՝ Մոսկուայից էր: Մէջտեղի հեռախօսը, կապոյտը, Վաշինգտոնից ինչ որ անհասկանալի պատգամ էր փորձում հաղորդել: Մի կին հեռուստացոյցի էկրանից յոխորտում էր, թէ մարդկանց փողերը կերել եմ, ու ժամանակն է որ ետ վերադարձնեմ: «Ես կեանքումս փող չեմ կերել, փորձել եմ օգնել ում կարողացել եմ», արդարանում էի: Յանկարծ ներս մտաւ մի սուրհանդակ ու յայտնեց, թէ ադրբեջանական ու այլ երկրների զօրքերը խախտել են Հայաստանի սահմանը: «Ես ռազմական գործում թրծուած չեմ», մտածում էի, ի՞նչ պիտի անեմ: Խորհրդականները քմծիծաղ էին տալիս: Նրանցից հեռու, սենեակի աջ անկիւնում կանգնած էր լուսահոգի Սօս Սարգսեանը ու գլխիկոր ինձ էր նայում… Զառանցանքս դեռ երկար կը մնար ինձ հետ, եթէ չզարթնէի:
Աշնանային արեւոտ առաւօտն ինձ իրականութեան վերադարձրեց: Քրտնած էի, ծանր հեւում էի, ու նոյնիսկ մի բաժակ սառը ջուրը չօգնեց: Երեկոյեան միացրի հեռուստացոյցը, «Հայաստան» հիմնադրամի գովազդն էր, ասում էին, թէ ճանապարհ պիտի կառուցեն հանգանակուած փողերով: Մէկ ուրիշ հայկական ալիքով բերանացի գովազդում էին, որ «ոչ մի սենթ չուղարկենք հիմնադրամին»: Մարդիկ զանգահարում էին, գովում հաղորդման հեղինակին: Ես, շատերի հետ մէկտեղ, շփոթուած էի: Ամէն տարի իմ համեստ լուման եմ ներդրել ինչպէս հիմնադրամի, այնպէս էլ՝ մի շարք այլ բարեգործական նպատակներով: Իսկ հաղորդավարը յորդորում էր՝ չօգնել այս անգամ, «թող հայաստանեան մեծահարուստներից պատշաճ հարկեր գանձեն», ասում էր: Հարկման գաղափարին դէմ չեմ, արդար պահանջ է: Բայց լոսանջելեսեան ապահով բնակարանում նստած, բացի իմ հարազատներին օգտակար լինելուց, ինչպէ՞ս կարող եմ հայրենիքիս, ժողովրդիս օգտակար դառնալ: Միթէ՞ այս հարցում էլ համաձայնութիւն չկայ:
Մի քանի տարբեր օրինակներ կարելի է բերել, որտեղ հայրենի կառավարութիւնը բացայայտ ցոյց է տուել, որ… անզօր է: Փակ շուկայի շինարարութիւնը յայտարարում են ապօրինի պաշտօնապէս, բայց քայլ չեն ձեռնարկում: Այս կամ այն որոշումն ընդունւում է պաշտօնապէս, բայց իրագործող չկայ: Երկրից հեռանում են, այս մասին մտահոգուած են նոյնիսկ նշանաւոր արուեստագէտներ, դերասաններ: Նմանօրինակ դէպքերը խաղում են երկրի հեղինակութեան հետ եւ նկատելի ապատիա (ան-տարբերութիւն-Խմբ.) են առաջացնում մարդկանց մօտ:
Միւս կողմից՝ յայտնի պետութիւնները կազմակերպուած աշխատում են Մեծ Եղեռնի հարիւրամեակի հետ կապուած հայութեան աշխատանքները չէզոքացնելու, պախարակելու: Այս խառնաշփոթը ե՞րբ պիտի յստակեցուի: Որտե՞ղ են աւանդական ուժերը, ինչո՞ւ մեծ պատկերը չեն վերլուծում ու քայլեր թելադրում: Ժողովուրդը խեղճացած է, սոցիալապէս ճնշուած: Որոշ մտաւորականներ տարերային մտքերով հանդէս են գալիս, համախմբում են ժողովրդին ինչ որ ձեւով, բայց չի ստացւում որեւէ լուծում առաջարկել: Կաշուէ սեւ բաճկոնաւոր, անթրաշ, անգրագէտները գնալով աւելի ինքնավստահ ու լկտի են դառնում. Արարատեան դաշտի ջրերը ցամաքում են, ըստ վերջին տուեալների, քանի որ ձկնաբուծութիւնը այստեղ զարգացնելու արդիւնքում արտեզեան ջրերը նախատեսուած չափից աւելի են շահագործւում, հասարակ մարդիկ ջուր չունեն, որ իրենց արտը ջրեն: Բաճկոնաւորների բանկային հաշիւները ե՞րբ պիտի լցուեն, որ սրանք կշտանան ու ուշքի գան, մտածելով, թէ երկիրը ԴԱ-ՏԱՐ-ԿԸ-ՎՈՒՄ Է:
Լաւ, ինչքա՞ն կարելի է: Ծանօթներիցս մէկը քմծիծաղեց, «իսկ դու ասում էիր, ետ պիտի վերադառնաս, ո՞ւր ես գնալու, որ վրադ ծիծաղե՞ն, մի օր անգամ չես դիմանայ»: Որտեղի՞ց էր նրա մէջ ծնուել այդ ապահով, զզուելի անտարբերութիւնը: Ո՞վ էր սնում դա ներսից ու դրսից: Ինքը կաշին փրկել էր, երկմտանքի մէջ գտնուողներին էլ ծաղրում էր: Յիշեցի մի շատ խորհրդանշական հանդիպում:
2008 թուականն էր, Երեւանի Տէրեան պողոտայով քայլում էի դէպի հրապարակ, երբ տաքսու միջից դուրս եկաւ Սօս Սարգսեանը: «Վարպետ, թոյլ տուէք ձեր ձեռքը սեղմել, վաղը գնում եմ», ասացի, չգիտես ինչու, գլուխս կախելով: Պինդ սեղմեց ձեռքս, ծակող հայեացքով նայեց աչքերիս ու ասաց, «Ուուո՞ւր ես գնում, ինչո՞ւ…»: Չպատասխանեցի: Մօտ երկու երեք րոպէ ձեռքս բաց չէր թողնում: Լուռ զրոյցը ասես օրեր տեւեց: Աչքերին նայեցի: Ձեռքս բաց թողեց: «Գնա՛, բայց անպայման կը գաս», պատգամեց ու պինդ գրկեց: Ուշքի չէի գալիս երկար ժամանակ, կարծես ինքնագիտակցութեանս հետ էի հանդիպել, պատահաբար: Սօս Սարգսեանը նախագահի թեկնածու էր տարիներ առաջ: Տեսնես ի՞նչ խորհուրդ պիտի տային նրան կաշուէ բաճկոնաւորները, եթէ ընտրուէր Հայաստանի առաջին նախագահ:
Մի մտքից միւսը ցատկելը բացայայտ շփոթուածութեան նշան է: Խոստովանում եմ շփոթմունքս, բայց միթէ՞ մենակ եմ այսպիսի վիճակում…