
Երիտասարդ կինը ձեռքերի ճկուն շարժումներով ցոյց է տալիս, թէ ինչպէս կարելի է պրոտեզի մետաղէ լարերը փոխարինել մեղրամոմով մոմած կօշկարի ամուր թելով:
«Բոլտ ու գայկա եմ նաեւ դրել, 2008ից յետոյ երեք անգամ քանդել ու հաւաքել եմ: Հին պրոտեզի մասերից էլ տանը ունենք: Թէ չէ պոկւում է, գնում-հասնում ենք Երեւան, էնտեղ էլ նեղւում են, բարկանում, թէ, վա՜յ, չունենք, չկայ, մեր մօտիները ամերիկեան չեն, գերմանական են, դէ, մենք էլ մեր գլխի ճարը ինքներս ենք տեսնում», ասում է 37ամեայ Լիլիթ Նալբանդեանը՝ ուղղելով ամուսնու վերնաշապկի թեւքերը:
«Կինս անցել է պրոտեզաւորման մասնագիտութեան: Կօշիկը ո՞նց է մաշւում, որքան շատ հագնես, այնքան շուտ կը մաշուի, չէ՞: Իսկ ես սա ամբողջ օրն օգտագործում եմ: Մաշուեց՝ պէտք է փոխուի: Հայաստանում չկայ այն ամէնը, ինչ արուել է ԱՄՆում, անգամ փոխելու դէպքում: Ամերիկեան պրոտեզները շատ պրակտիկ են: Թէ չէ այնպէս կոսմետիկ ձեռքեր ունեմ, բայց ինչի՞ս է պէտք, գցած են տան մի տեղ, չեմ էլ օգտագործում: Ծանր են ու գործողութիւններ չեն անում», Լիլիթին լրացնում է ամուսինը՝ Հրաչը, եւ կնոջ վերանորոգած պրոտեզով վառում հերթական ծխախոտը:
Հրաչի աչքերում ժպիտն անսպառ է, որքան էլ սրտի խորքում ծանրութիւնը շատ է: Անցեալի մասին փորձում է հիւմօրով պատմել, երեխաները լսում են հօր պատմութիւնը ու նրա մէջ տեսնում կենդանի լեգենդի, ով կարողացել է մէկ օր դիմանալ եռայարկ դպրոցի շէնքի փլատակների տակ:
Նալբանդեանների երիտասարդ ընտանիքը ապրում է Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գիւղում:
«æարդելով գալիս էին՝ լոմով: Շուխուռ արեցինք, որ հեսա մեր գլխին էք տալու, դրսից գոռում են՝ հլը արխայի՜ն, հլը վերեւի շերտն ենք, հլը ո՜ւր ես, որ ձեզի հասնենք, դուք արխային պառկէք, բայց, դէ, իրականութիւնը ծանր էր… մեր դասարանից 9ը հոգի, զուգահեռ դասարանից՝ 12… Ես, Ազնիւը, Ազգուշը, Մստօն հաշմանդամ դարձանք», Սպիտակի երկրաշարժն է վերհիշում 39ամեայ Հրաչը:
Երկու տղաների՝ Մուշեղի ու Արշակի, աղջկայ՝ Թագուշի հայեացքներում Հրաչի ժպիտի շարունակութիւնն է: Իսկ Արշակի աչքերից հայրն է նայում:
«Քաշած գինի չունե՞ս, հլը բեր՝ խմենք, թող Նալբանդի խաղողի համը տեսնեն: Լիլիթը Աշտարակից է հարս եկել Նալբանդ ու գինի քաշելու իսկական վարպետ է», կնոջն է ներկայացնում Հրաչը:
Ընտանիքը հաւաքւում է իրիկնահացի սեղանի շուրջը: Ինչպէս յատուկ է իւրաքանչիւր շիրակամուտցու՝ առաջինը խմում են 25 տարի առաջ տեղի ունեցած անմեղ զոհերի յիշատակի կենացը:
«Եթէ մեր գիւղի տեղը քաղաք լինէր, ահաւոր էր լինելու: Գետինը բացուել էր, տեղաշարժուել էր, գիւղի կողքով անցնող երկար գիծը 10-12 մ. տեղափոխել էր դէպի ներքեւ…», ասում են սեղանի շուրջը հաւաքուածները:
Հրաչը պատմում է, որ երկրաշարժից յետոյ Նալ-բանդում բոլորն անտուն մնացին, այդ թւում նաեւ՝ իրենք: Հայրական տան փլատակների տակ է մնում նաեւ Հրաչի մայրը: Երկու եղբայրներից միայն մէկի ոտքն է վնասւում:
«Ցնցումները չեմ յիշում, միայն՝ ժխոր ու մէկ էլ ամէն ինչ լռեց… Ուշքի եկայ, գիտէի՝ երազ է, գիտակցութիւնս կար-չկար, կար ու չկար… յետոյ հասկացայ՝ երկրաշարժ է: Մարդիկ դրսից բղաւում էին՝ տասե՞րն էք, հինգե՞րն էք, դասարաններով էին փնտրում իրենց երեխաներին: Հէնց ձայներ էին լսում, սկսում էին հարցեր տալ, ճշդել՝ ո՞վ կայ փլատակների տակ», պատմում է Հրաչը ու ժպտալով պատասխանում: «Ինձ հանեցին յաջորդ օրը՝ լուսադէմին, դէ, մինչեւ էդ էլ երեք հարկ պահում էի թեւերիս վրայ, էն էլ յոգնեցի, չկարողացայ մինչեւ վերջ պահել»:
Հրաչը թեւերը չի զգում արդէն շտապօգնութեան մեքենայում: Նրան վիրահատում են Երեւանում, նաեւ գլխի վնասուածքներ է ունենում: Պրոտեզաւորման նպատակով երեք անգամ՝ 1989ին, 1992ին եւ 2008ին մեկնում է ԱՄՆ՝ Չիկագօ: Այդ ընթացքում սովորում է նաեւ Երեւանի պետական համալսարանի Իրաւաբանական բաժնում: Այսօր աշխատում է Շիրակամուտի դպրոցում որպէս պատմութեան ուսուցիչ:
«Ուժե՞ղ եմ՝ չգիտեմ… Ինձ համար կեանքը պայքար է, ներքուստ շատ դժուար է: Մարդ ուժեղ է, երբ ձգտում է խնդիրները լուծելու: Կոնֆլիկտը հարցի լուծման մեխանիզմն է, իսկ ես աւելի շատ սիրում եմ այդ կոնֆլիկտները քնած վիճակում շրջանցել», խոստովանում է Հրաչը:
Սակայն Լիլիթն ասում է, որ ամուսնու կամքի ուժը օրինակ է իրենց բոլորի համար:
«Հրաչն ուժեղ է, ինձնից կախուած չէ, ինքնուրոյն է: Մի քանի տարի առաջ գլխի ուժեղ հիւանդութիւն տարայ, պառկել էի ու չէի կարողանում վեր կենալ, նայում էի Հրաչին ու ինքս ինձնից ամաչում, թէ ինչո՞ւ եմ պառկած, միթէ՞ նրա կէսի չափ կամքի ուժ չունեմ», պատմում է կինը:
Նոր տանը ընտանիքը ապրում է 2003ից, մինչեւ այդ ապրել են տնակում: Երեխաներից միայն Արշակն է, որ տնակում չի ծնուել:
Հրաչին անհանգստացնում են գիւղի փակ դռները, դպրոցի տարէցտարի պակասող դասարանները, քիչ ծնունդները: Ասում է, որ այս տարի Սամարայում, որտեղ արտագաղթել են շատ շիրակամուտցիներ, 13 երեխայ է ծնուել, իսկ Շիրակամուտում՝ 9:
«Երեխան դրսում մեծացաւ, այլեւս երբեք չի գայ այս գիւղում ապրելու: Մէկ շաբաթ հաճոյքով կը մնայ, որովհետեւ նրա համար նորութիւն կը լինի, իսկ յետոյ կը գնայ: Մեր հասարակութեան ու մեր երկրի համար այդ մարդիկ կորած են, այլեւս չկան: Այս հսկայ գիւղով քայլենք՝ փակ ա, փակ ա, բաց ա, փակ ա, փակ ա, բաց ա: Այդ բացը երկար ժամանակ չունի, թող Աստուած մեր ծերերին երկար կեանք տա, բայց վաղ թէ ուշ գնալու են, իսկ նրանց փոխարինողները այլեւս չեն գայ», ասում է Հրաչը: «Մի փոքր վերաբերմունք է հարկաւոր մնացածին տեղում պահելու համար, մի բան մշակեն, մարդու ոտքը մի կերպ երկրին կապեն, որ մարդը մնայ, չգնայ… դրա լուծումը կայ, մի՛ մոռացէք, որ մեր ազգից ստեղծարար ու աշխատող ազգ չկայ»:
Հրաչը համեմատում է գիւղի վերջին 25 տարիները ու ասում, որ «երկրաշարժից առաջն ու յետոն» դարձել են ժամանակագրական հասկացութիւն, ինչպէս մ.թ.ա.-ն:
«Մարդիկ խօսում են փողոցում. «Ժաժքից առաջ սպես, ժաժքից յետոյ՝ սպես, չէ՜, իմ ասածը ժաժքից առաջի մասին է»: Մի տերմին է, որը կիսում է մեր կեանքը երկու մասի: Իհարկէ, ժաժքից առաջ լաւ էին ապրում, իսկ ժաժքից յետոյ ամէն ինչ կործանուեց՝ տուն, աշխատանք, մարդկային կեանքեր, տարիներ էին պէտք վերականգնուելու համար»:
Հրաչի կեանքը վերականգնուել է աստիճանաբար՝ տուն, ընտանիք, երեխաներ, աշխատանք, բայց միեւնոյն է, դժուարութիւնները շատ են, սակայն ամենացաւոտը Հրաչի համար գիւղի փակուող դռներն են:
«Գնացողին չենք կարող մեղադրել, բայց չենք էլ կարող բոլորս գնալ, լաւ, բա ո՞ւմ թողնենք մեր էս հողը, ախր մերն է, չէ՞, պէտք է ապրենք, յաղթահարենք, շէնացնենք, ուժեղ լինենք… ամենամեծ հարստութիւնս մնացել են երեխեքս, գուցէ վաղը իրենց համար աւելի դժուար լինի ապրելը, բայց մէկ է՝ մեզնից լաւ են ապրելու», լաւատեսօրէն ասում է Հրաչը:
Նազիկ Արմենակեան
«ԱրմենիաՆաու»ի ֆօտօթղթակից