
«Հրապարակ»ը գրում է . «Երէկ Ստեփանակերտի Ս. Յակոբ եկեղեցում տեղի է ունեցել Սերժ Սարգսեանի հոր՝ Ազատ Սարգսեանի հոգեհանգստի արարողութիւնը, որին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան: Մինչ հոգեհանգիստը, Ստեփանակերտում գտնուող ԵԱՀԿ եռանախագահները՝ æ. Ուորլիքը, Ի. Պոպովը, Ժ. Ֆորը, ինչպէս նաեւ Անջէյ Կասպրշիկը, այցելել են Սարգսեաններին, ցաւակցել մահացածի այրուն: Ս. Յակոբն այնքան էլ մեծ եկեղեցի չէ, եւ Երեւանում վաղուց վերածնուած աւանդոյթը՝ հանգուցեալին հրաժեշտ տալ եկեղեցում, Ղարաբաղում առաջին անգամ էր կիրառւում՝ տեղեկացրեց մեզ հետ զրուցող ղարաբաղցի բարձրաստիճան պաշտօնեան: Հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահի հօրը Երեւանում չյուղարկաւորեցին, ասաց. «Ղարաբաղցիք երբեք դա չէին հասկանայ»: Մեր զրուցակիցը յաւելեց նաեւ, որ իրենք ամէն ինչ արել են յաւուր պատշաճի, փորձել են բոլոր եկածներին հնարաւորինս տեղաւորել. «Ղարաբաղի սիրտը մեծ է, էն էլ սհենց օրերի»: Եւ, այնուհանդերձ, շատերը յետ են վերադարձել հոգեհանգստից անմիջապէս յետոյ, որովհետեւ գնացածները շատ-շատ են եղել, եւ անգամ Գորիսի հիւրանոցներում տեղ չի եղել: Հոգեհանգստին մասնակցել են Ռոբերտ Քոչարեանը՝ կնոջ՝ Բելա Քոչարեանի հետ, Մոսկուայից եկած Կարապետեանները, ախալքալաքցի Նորօն՝ Նորիկ Թեւանեանը, յատուկ այդ նպատակով Հայաստան եկած Յարութիւն Փամբուկեանը, Գագիկ Ծառուկեանը, ԲՀԿից, ՀՅԴից բաւականին մեծ թուով պատգամաւորներ, դրսից եկած հիւրեր, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարները՝ իրենց գեներալական կազմերով: Հոգեհանգստի վայրում այնպիսի հերթ է առաջացել, որ մարդիկ ժամից աւելի սպասել են, որ հնարաւորութիւն ունենան մօտենալու Սերժ Սարգսեանին՝ իրենց ցաւակցութիւնը յայտնելու համար»: