ՄԵՐԻ ՄԱՄԵԱՆ
Բերձոր այցելութեան ժամանակ ասում էին, որ այստեղ բազմազաւակ ընտանիքները շատ են: Նախ՝ նրանց համար առանձին տուն է կառուցւում, յետոյ էլ պետութիւնը գումար է յատկացնում: Թուարկուած մի քանի բազմազաւակ ընտանիքներից առաջինը Մարգարեաններն էին: Տեղացիները նրանց մասին խօսելիս ժպիտով ասում էին, որ ընտանիքի հայրը՝ Մուրադը, երեխաների համար յատկացուած փողով անգամ մեքենայ է գնել: Մուրադեանների ընտանիքը Բերձորում յայտնի է նաեւ նրանով, որ ամենաշատ երեխաներն ունեն՝ 6 տղայ եւ 5 աղջիկ:
Երբ այցելեցինք Մուրադեաններին, տանը մայրն էր՝ Փառանձեմը, 5 աղջիկներն ու տղաներից մէկը: Միջանցքում դրուած վառարանի մօտ երեխաները ե՛ւ տաքանում էին, ե՛ւ իրար հետ զրուցում: Վառարանը փոքր չէր, բայց գրեթէ չէր ջերմացնում: Երկու փոքր աղջիկները՝ Լիլիթն ու Մարիամը, բոբիկ վազվզում էին սառը յատակի վրայ, ապա արագ վազելով հասնում էին հիւրասենեակ՝ ուսումնասիրելու հիւրերին, ժպտում ու իրար ականջի փսփսում: Փառանձեմն ասում է, որ լրագրողներ իրենց պարբերաբար այցելում են, որպէս բազմազաւակ ընտանիք՝ հետաքրքրւում իրենցով:
Փառանձեմը ցոյց է տալիս տունը. սառը հիւրասենեակից անցնում ենք աւելի սառը ննջասենեակներ: Մէկը ամուսինների սենեակն է, միւս երկու սենեակները նախատեսուած են տղաների եւ աղջիկների համար: Անկողինները երեխաների թուից քիչ են, բայց մայրն ասում է, որ երեխաները տեղաւորւում են: Այնուհետեւ ցոյց է տալիս գաջած պատերից կախուած նկարները՝ «երեխաների վերանորոգումը»:
– Իսկ փոքրերը որտե՞ղ են քնում, – հարցնում եմ:
– Դէ, իրենք էլ՝ որտեղ պատահի», – պատասխանում է մայրը:
Այն հարցին, թէ արդեօք քնելու համար չե՞ն օգտագործում հիւրասենեակը, Փառանձեմը պատասխանում է. «Դէ, չէ, սա հիւրասենեակ ա, քնելու համար չենք օգտագործում»:
Բոլոր աղջիկները ժպտալով հետեւում են մօր զրոյցին, ամաչելով պատասխանում հարցերին կամ միայն ժպտում՝ կարծես չհամարձակուելով միջամտել «մեծեր»ի խօսակցութեանը: Ամենալուռը մեծ աղջիկն է՝ Լուսինէն, ով ամբողջ ընթացքում լուրջ դէմքով նստած է: Խօսակցութեան ընթացքում միայն մի պահ է ժպտում ու աչքերը փայլում են, երբ խոստովանում է, որ ցանկանում է երգչուհի դառնալ: Միւս քոյրերն էլ ժպտալով հաստատում են, որ աւագ քոյրը լաւ երգում է: Այդ ընթացքում երեխաները հերթով գնում-գալիս են հիւրասենեակ՝ հագնելով իրենց լաւագոյն շորերը. երեւի մայրն էր ասել, քանի որ խնդրել էի լուսանկարել բազմանդամ ընտանիքը:
Այնուհետեւ տուն եկան միւս երկու տղաները՝ Անդրանիկն ու Վահագնը, ովքեր գնացել էին տան մօտակայքից փայտ բերելու: Վահագնը այս տարի գնացել է առաջին դասարան, մայրն էլ հպարտութեամբ ասում է, որ մաթեմատիկայից ուժեղ է: Յետոյ աւելացնում, որ ինքը միայն առաջին դասարանցիներին է օգնում դասերի հարցում, միւսները միմեանց օգնում են, անգլերէնի հարցով էլ բոլորը դիմում են Լուսինէին: Իսկ փոքրերին մանկապարտէզ չի ուղարկում. քանի որ չի աշխատում, ինքն է նրանց խնամում:
Այն հարցին, թէ ինչպէս է կարողանում պահել բազմանդամ ընտանիքը, Փառանձեմն ասում է, որ նպաստ է ստանում, նաեւ երկրորդ տղան է օգնում, ով երկու տեղում է աշխատում՝ դպրոցում եւ կոմունալ (կենցաղային-Խմբ.) ծառայութիւնում: Ընտանիքի հայրը՝ Մուրադը, մօտ 3 ամիս առաջ միւս տղայի հետ գնացել է Աբխազիա՝ արտագնայ աշխատանքի: Այնտեղ մանդարին են հաւաքում, բայց գործերից շատ գոհ չեն: Փառանձեմն ասում է, որ ամուսնու 45 հազար դրամ աշխատավարձը չէր բաւականացնում: Այն հարցին, թէ արդեօք ընտանիքը օգնութիւն չի ստանում, Փառանձեմը պատասխանում է, որ ստանում են, իրենց միշտ օգնում են, բայց յետոյ յաւելում է, որ՝ «վերջերս էդքան էլ շատ չեն օգնում»:
Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դաւիթ Դաւթեանը «Հետք»ի հետ զրոյցում նշեց, որ Մարգարեանների ընտանիքը պարբերաբար օգնութիւն է ստանում՝ հագուստ, սննդամթերք, օգնում է նաեւ «Ագապէ» բարեգործական կազմակերպութիւնն ու «Գուրգէն Մելիքեան» Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամը: 5 տարի առաջ էլ ընտանիքի համար հիմնադրամը կով է գնել, այնուհետեւ նրանց նաեւ պետական անասնավարկ է տրամադրուել:
Փառանձեմը քթի տակ անհասկանալի ձեւով պատմում է, թէ ինչու են կորցրել իրենց յատկացուած կովը ու ասում, որ հիմա 3 ոչխար ունեն, պատրաստւում է կրկին անասնավարկ վերցնել, որպէսզի կով առնի՝ կաթնամթերք ունենան: Այդ ժամանակ պատուհանից բակում երեւում են ոչխարները, որոնց շուրջ կային մի քանի հաւեր:
– Այս հաւերը ձե՞րն են, թէ հարեւանինը, – հարցնում եմ:
– Հաւերը մերն են, 5 հաւ ունեմ, – ասում է Փառանձեմը:
Մարգարեանների այս տունը երկրորդն է, որ կառուցուել է նրանց համար 2009թ.ին՝ 10րդ երեխայի ծնուելուց յետոյ: Իրենց տան հարեւան սեփական տունը եւս իրենց համար է կառուցուել աւելի վաղ: Երկրորդ տունը ստանալուց յետոյ այս տունը փակել են, եթէ ցանկացողներ են լինում, տալիս են վարձով: Առաջին տուն գրեթէ չեն գնում, երկու տանն ապրելը ծախսատար է, հաստատուել են երկրորդ տանը: Փառանձեմը ցոյց է տալիս տան յարակից հողատարածքը, որտեղ բանջարեղէն են մշակում: Այն հարցին, թէ արդեօք ինքն է մշակում, ասում է, որ ինքն էլ, բայց հիմնականում երեխաներն են օգնում. միայնակ չէր կարողանայ: Միայն թէ լաւ կը լինէր, որ առաջիկայում լուծուէր նաեւ ոռոգման ջրի խնդիրը:
Բերձորում ասում են, որ Մուրադի երեխաները խելօք, աշխատող երեխաներ են, ամբողջ ամառ աշխատում են, հատապտուղներ են հաւաքում, որ վաճառեն, այդպիսով փորձում են ծնողներին օգնել:
Փառանձեմն ու Մուրադը Բերձորում են հաստատուել 1999թ.ից, երբ դեռ միայն 4 տղայ ունէին: Այժմ նրանց մեծ տղան ամուսնացել եւ տեղափոխուել է Վայք:
Բազմազաւակ ծնողները շուտով թոռնիկ կ՛ունենան, իսկ իրենց երեխաներից ամենափոքրը՝ Լիլիթը, երեք տարեկան է: Փառանձեմն ուրախ է, որ շատ երեխաներ ունի, ասում է՝ նրանք Աստծուց տուած պարգեւներ են:
«Աստուած եթէ տալիս է, չպիտի մեղք գործես», ասում է Փառանձեմը, «Էրեխայ ա, էլի: Աստուած եթէ տալիս ա, Աստուած էլ պահում ա»:
Զրոյցի ընթացքում փոքր աղջիկները՝ Մարիամն ու Լիլիթը իրար գրկում էին, միմեանց ականջին փսփսում ու ծիծաղում, իրենցից աւագները՝ Վարդուհին ու Արմանուշը, իրար կողքի նստած հետեւում էին փոքրերի խաղերին, ժպտում:
Հետաքրքիր էր իմանալ՝ արդեօք լա՞ւ է, որ ընտանիքում այդքան շատ են: Աւագ աղջիկները չեն դժգոհում իրենց թուաքանակից, ասում են՝ «եսիմ» (ինչ գիտնամ-Խմբ.), յետոյ աւելացնում, որ միշտ չէ, որ դա լաւ է: Այնուհետեւ ժպտալով նշում են, թէ իրենցից ով քանի երեխայ կը ցանկանար ունենալ՝ 2, 3, առաւելագոյնը՝ 4: