
ՍԱՔՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Մտքեր ու խոհեր արտայայտելու լաւագոյն միջոցներից է գեղարուեստը: Գեղարուեստն էր այն միջոցը, որով հիմնական փոփոխութիւններ մտցուեցին ժողովուրդների մտայնութեան ու կենցաղի մէջ՝ զոր օրինակ հէնց Միջնադարում՝ սկիզբ դնելով Վերածննդին: Արուեստը մշակում է մարդու հոգին: Արուեստի միջոցով անմիջական կապ է ստեղծւում յօրինողի ու հասարակութեան միջեւ: Խօսքս սահմանում եմ նկարչութիւն արուեստի շրջագծով, որին կարելի է ծանօթանալ մանուկ հասակից: Զգալ ու տեսնել շրջապատը եւ թղթին ու կտաւին յանձնել զգացմունքներ ու մտքեր, խոհեր ու մտորումներ՝ տարբեր հարցերի վերաբերեալ:
Մեր համայնքում գովելի աշխատանք է ծաւալել տիկին Արմինէ Հաւան-Նաջարեանը՝ իր նորաբաց «Creative Lounge Art Studio»ի միջոցով՝ մանուկներին եւ մեծահասակներին նկարչութեան արուեստին ծանօթացնելու եւ նկարչութիւն դասաւանդելու առումով:
Արմինէ Հաւանը իր առաջին Masters-ը ստացել է Թեհրանի համալսարանից՝ գրաւելով առաջին տեղն իր ճիւղում: Աւարտաճառն է եղել՝ «Հայկական Խաչքարերը»: Նա միութենական աշխոյժ կեանք է ունեցել Թեհրանում. մանուկ հասակում եղել է Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան սկա-ուտ, ապա՝ մարզիկ, իսկ յետագայում՝ տարիներով եղել է Թեհրանի «Ահարոնեան» ազգային մանկապարտէզի նկարչութեան դասատուն:
1999 թուականին՝ իր ամուսնու հետ հաստատուել է Միացեալ Նահանգներում ու շարունակել իր մշակութային գործունէութիւնը մեր համայնքում: Նախքան իր անձնական ստուդիոյի հիմնադրելը՝ նկարչութեան դասատու է եղել ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղում եւ Փասադինայի «Յովսէփեան» դպրոցում (մանկապարտէզից մինչեւ 8րդ դասարանի աշակերտների): Բարձրագոյն վկայական է ստացել Սան Ֆրանսիսքոյի Saybrook Graduate University-ից՝ Expressive Art Therapy ճիւղում եւ ստացել է Masters-ի վկայագիր: Միացեալ Նահանգներում մասնակցել է նկարչութեան ցուցահանդէսների՝ արժանանալով բարձր գնահատականների, պարգեւների եւ առաջնութեան:
Շաբաթ, Նոյեմբերի 30ին, ներկայ եղայ Արմինէ Հաւանի աշակերտների նկարչական առաջին ցուցահանդէսին, որ տեղի ունեցաւ իր անձնական ստուդիոյում՝ 2656 Honolulu Ave., Montrose, CA 91020 հասցէով:
Ձեռնարկը համեստ ու կոկիկ էր եւ նախատեսուած էր նկարչութեան այդ դասարանները յաճախող 4ից 12 տարեկան՝ թուով 25 հայ մանուկների ծնողների, հարազատների ու հայկական դպրոցների աշակերտութեան համար: Թէեւ գովազդ եւ յայտարարութիւն չէր կատարուել այս ձեռնարկի վերաբերեալ, բայց ընդառաջումը եղաւ լաւ: Այցելուները ցուցադրուած նկարների միջոցով մուտք գործեցին մանկական գունեղ ու բազմազան աշխարհ: Այնտեղ կար մտքի թռիչք, անկեղծութիւն, անմիջականութիւն եւ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ: Այո՛, ստեղծագործութիւն ու դրա հնարաւորութեան ընձեռում, որ ամենախորն ու էականն է մարդու ապագան իւրովի կերտելու մէջ: Ստեղծագործութեան կարելիութիւն՝ հէնց մանուկ հասակից, որն իր անջնջելի հետքն է թողնելու, անտարակոյս, մանուկների նկարագիրը կոփելու եւ մշակելու ուղղութեամբ: Նկարչութեան դասարաններ յաճախող այդ մանուկների համար սա եղաւ մի լաւ սկիզբ՝ այդ իմաստով, եւ այցելուն առիթ ունեցաւ վայելելու անկեղծ պահեր՝ միաժամանակ յուսադրուելով, որ մեր համայնքում շարունակում են գործունէութիւն ծաւալել երիտասարդ յանձնառուները, որոնք հայեցի դաստիարակութեամբ կրթում են մեր նոր սերունդներին:
Սիրելի Արմինէ՛, քեզ ցանկանում եմ յաջողութիւն: Ճանաչում եմ քեզ եւ քո ընտանիքին Թեհրանից, ու վստահ եմ, որ այստեղ էլ նոյն նուիրուածութեամբ քո գիտելիքն ու մեծ կարողութիւններն ի սպաս կը դնես մեր համայնքային կեանքը աշխուժացնելու ուղղութեամբ՝ գեղարուեստի միջոցով կրթելով ուրոյն եւ հայեցի մտածող յանձնառու սերունդներ: Նրանց կարիքն զգացւում է մեր համայնքային առօրեայում:
Յաջողութիւն քեզ եւ վարձքդ ի կատար: