
Ընդունուած է, որ իւրաքանչիւր ընտրութիւնից յետոյ, յաղթող ուժը յայտարարի հռչակած ծրագրերի իրականացման պարտաւորութիւնը ստանձնելու մասին: Եւ յետագայում էլ, իշխանութիւնը ներկայացնող ուժերը, ըստ հարկի (երբեմն էլ անհարկի), բարձրաձայնում են իրենց պատասխանատուութեան մասին: Սա չի նշանակում, սակայն, որ ընդդիմութիւնը ազատւում է ընդհանրապէս պարտականութեան պատասխանատուութիւնից: Անշուշտ վերջինս առարկայօրէն ունակ չի կարող լինել սեփական նախընտրական պլատֆորմի կենսագործումը հետապնդել ողջ ծաւալով եւ նախանշուած բոլոր թիրախների ուղղութեամբ, սակայն նա մնում է պատասխանատու նախ իրեն ձայն տուած ընտրողի եւ ապա ողջ այն հանրութեան առաջ, ում ուղղուած են եղել խոստումները: Գումարելով սրան նաեւ ընդդիմութեան անխախտ պարտականութիւնը՝ հետեւելու իշխանութեան գործողութիւններին, արտայայտելու դրանց նկատմամբ ունեցած իր անհամաձայնութիւնները:
Եթէ ընտրութիւններից առաջ քաղաքական ուժերի միջեւ միաւորումները կարող են տեղի ունենալ գաղափարական, քաղաքական, ծրագրային հենքի վրայ, ապա ընտրութիւններից յետոյ խորհրդարանական համագործակցութիւնը, մասնաւորապէս ընդդիմադիր ուժերի միջեւ, կարող է ունենալ մարտավարական բնոյթ, կոնկրետ հարցերի կամ հարցերի որոշակի ամբողջութեան շուրջ՝ կարճ կամ երկար ժամանակի հաշուարկով: Ըստ էութեան այն, ինչի մասին նշւում է ստորեւ, քաղաքական ուժերի, մասնաւորապէս խորհրդարանական գործունէութեան բնական ընթացքն է:
Երբ հարցը վերաբերում է առաջադրուած կոնկրետ նպատակների ոչ մի զարմանալի բան չկայ, որ կարող են համապատասխանել օրինակ սոցիալիստների (ընկերվարականներու-Խմբ.) եւ լիբերալների (ազատականներու-Խմբ.), երէկուայ մրցակիցների ու այլեւայլ տարակարծութիւններ ունեցողների միջեւ: Եթէ օրակարգում են յայտնւում ընդհանրական շահեր ու մտահոգութիւններ, ընդհակառակը ինքնանպատակ եւ անհասկանալի պէտք է լինի, թէ ինչու նոյն տեսակէտն արտայայտող ուժերը չեն համխմբում ուժերը, մանաւանդ երբ խօսքը վերաբերում է փոքրամասնութեան դաշտում գործող ընդդիմութեանը:
Շարադրուող այս մտորումների առիթը ներկայ իրականութիւնն է, այն ոչ համարժէք անդրադարձը, որ յաճախ որպէս արձագանգ ուղեկցում է խորհրդարանական ընդդիմութեան այսօրուայ գործունէութեանը: Չափազանցուած գնահատականներն ու բնորոշումները, որ քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից հրապարակւում են, եթէ միտում չունեն, առնուազն միամիտ են, նախ այն «չհասկացողութեան» պատճառով, թէ այս-այս դաւանանքն ու անցեալն ունեցող ուժերը ինչպէս կարող են իրար կողք նստել եւ ապա յաճախ չափազանցուած սպասելիքների ինչպէս եւ հիասթափութիւնների համար:
Դժբախտաբար Հայաստանի անկախ քաղաքական կեանքի ոչ հարուստ կենսագրութիւնը մեր հանրութեանը սովորեցրել է, որ քաղաքական ուժերը պէտք է գտնուեն կամ իրար գրպանում կամ բարիկադների (պատնէշ, դիրք-Խմբ.) տարբեր կողմերում եւ հետեւաբար մեր դատողութիւնները բխում են մեր եւ ոչ թէ ճանապարհ անցած աշխարհի քաղաքակիրթ կենսափորձից: Իսկ այս չափանիշներից ելնելով անբնականը այն պէտք է նկատուէր, որ իր հերթին իշխանութեան հայաստանեան սովորութիւնն է երկխօսութեան ընդառաջ քայլ չանելն ու ականջալուր չլինելը հակառակ կարծիք ունեցողներին: Ի դէպ եւ այն ութսուն տոկոսին, որ կարող է միանգամայն տարբեր տեսակէտ ունենալ իշխանութիւններից: Ակնարկուած գործելաոճը մեզանում, ոմանց համար դիտարկւում է որպէս թուլութեան եւ իշխանական դիրքերից նահանջելու նշան: Այդ նոյն դիրքերից էլ խիստ մռայլ գոյների մէջ է երեւում, երբ հակառակ ճամբարը ոչ թէ պառակտուած ու թշնամացած է, այլ ձգտում է համախմբման, օրախնդիր հարցերի համատեղ քննարկման եւ հետապնդման:
Ինչ արդիւնքների կը յանգեցնեն այսօրուայ ընդդիմադիր ուժերի միասնական գործելու ցանկութիւններն ու կատարուող առաջին քայլերը՝ ցոյց կը տայ ժամանակը: Բարեբախտաբար թէ՛ դժբախտաբար օրակարգերը մեծ են, մեծ ու փոքր նպատակները շատ: Հասարակական հնչեղութիւն ունեցող խնդիրների շուրջ համագործակցութիւնները բխում են հասարակութեան շահերից: