
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
«Հալէպի Հայ Աւետարանական Էմանուէլ եկեղեցին լեցուն էր ունկնդիրներով: …Երգահանների ընտրուած հաւաքածոյի դասական երաժշտութեան մի ձեռակերտ ծաղկեպսակ էր դրւում հանգուցեալի հեռաւոր, Քեսապի Էքիզօլուխի գերեզմանոցում հանգչած շիրիմին:
Խաղաղութիւն շիրիմիդ»: (Կ.Տ.Գ.-«Զարթօնք», 3 Մայիս, 2002, Պէյրութ). հետեւեալ տողերը կարդում ենք լիբանանահայ մամուլի 12 տարի առաջուայ յօդուածում, նուիրուած հալէպահայ ակնաբոյժ Ռ. Ճեպեճեանի մահուան Ա. տարելիցին:
Բժիշկը կարող էր ունենալ իր փառաւոր դամբարանը Հալէպի գերեզմանատանը: Սակայն, ըստ հանգուցեալի ցանկութեան, հարազատները նրան հողին էին յանձնել Էքիզօլուխում, իր ամառանոցին մօտ, իր տիկնոջ տապանաքարի կողքին: Փշոտ կածաններով առաջնորդուող, լեռների բարձունքում ծուարած այդ գերեզմանը, հայութեան պատմական ապահով մի անկիւն էր՝ տուեալ հողի վրայ նրանց գոյութիւնը փաստող:
Ինչպէ՜ս պիտի կռահէր 1909ին Այնթապում ծնուած բժիշկը, որ թրքական տարագրութիւնից յետոյ հայութիւնը պիտի ապրէր սիրիական տարագրութիւնը:
Պատերազմական օրերին արդէն լքուած է Հալէպի հայոց ազգային գերեզմանատունը: Իսկ այժմ անմատչելի է դառնում Քեսապը:
Յուսա՞լ, որ մի օր խունկ ու մոմ կարելի է վառել Էքիզօլուխում, անորոշ է…