Իր գործունէութեան առաջին օրուանից՝ 2007թ. Դեկտեմբերի 5ից, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի դռները բաց են եղել Ջավախքցի հարիւրաւոր երեխաների առջեւ: Նրանք այստեղ սովորում են տարբեր կրթամշակութային խմբակներում: Այժմ ԱԵԿում գործում են 23 խմբակներ: Առաւել մեծ պահանջարկ ունեն լեզուների՝ հայոց, վրաց, ռուսաց, անգլերէն, ինչպէս նաեւ համակարգչային ուսուցման եւ այլ խմբերը:
Բացի այդ, արդէն երրորդ տարին անընդմէջ այստեղ իրականացւում է դիմորդների վերապատրաստման ծրագիր, ԲՈՒՀերի քննական 9 տարբեր առարկաներից: Այն հովանաւորում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից, բարերար, ֆիզմաթ գիտութիւնների թեկնածու Սամուէլ Մարգարեանը: Ծրագրի նպատակն է օգնել կարիքաւոր, միաժամանակ խելացի, ուսման նկատմամբ սէր ունեցող երեխաներին անվճար վերապատրաստելու Վրաստանի եւ Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ ընդունուելու հարցում:
Երիտասարդական կենտրոնը կոչուած է երեխաների ազատ ժամանակը արդիւնաւէտ կազմակերպելու եւ անցկացնելու, օգնելու ծնողին ու դպրոցին, նրանց պիտանի մարդ դաստիարակելու գործում:
Ուսուցումը կենտրոնի բոլոր խմբակներում անվճար է: Մեր ուսուցիչները, որոնք մեծ մասամբ երիտասարդներ են, իրենց գործին նուիրուած մարդիկ են: Նրանք այստեղ կազմակերպուող տարաբնոյթ միջոցառումների ոչ միայն կազմակերպիչն են, այլեւ մասնակիցը: Իսկ վաստակաշատ ուսուցիչներ Վ. Ռստակեանը, Կ. Թադէոսեանը, Լ. Չեչելեանը իրենց փորձն ու հմտութիւնը, երկարամեայ մանկավարժական վարպետութեան գաղտնիքները սիրով են փոխանցում երիտասարդ ուսուցիչներին: Արդիւնքում այս կրթամշակութային օջախը անցնող 7 տարիների ընթացքում, վերածուել է Ջավախք լեռնաշխարհում արտադասարանական-արտադպրոցական աշխատանքների դարբնոցի:
Կենտրոնի ուսումնա-դաստիարակչական աշխատանքները համակարգում է ուսումնական մասի պատասխանատու, իր սկզբունքայնութեամբ բոլորի կողմից սիրուած Արփի Միրաքեանը: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը լինելով կրթա-մշակոյթային հաստատութիւն, այն ապաքաղաքական կառոյց է:
Ուստի, այցելելով կենտրոն, այսօր արդէն քաղաքի ու տարածաշրջանի գիւղերի 300ից աւելի երեխաներ կտրւում են փողոցից, հեռու մնալով վատ արարքներ կատարելուց: Չէ որ ամենավատ արարքը սկսւում է փողոցից: Ծնողը երեխայի ձեռքից բռնած կամաւոր բերում է կենտրոն եւ ընդգրկում այստեղ գործող երեխայի հակումներին ու նախասիրութիւններին համապատասխան խմբակներում: Դրա շնորհիւ այստեղ երեխայի համար սովորելը ոչ թէ տանջալի ստիպողականութիւն է, այլ ցանկալի անհրաժեշտութիւն, հակառակ պարագայում երեխան այստեղ երկար չի մնայ, նրան ստիպողաբար չես կարող պահել: Սակայն կրթա-մշակութային այս օջախը եւս ունի իր խնդիրները, այն արդէն չի բաւարարում ժամանակի պահանջները, զգացւում է դասասենեակների, համակարգչային տեխնիկայի, մեթոդական գրականութեան պակաս: Պարի խմբակների համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պարային դահլիճ: Ի դէպ, վերջին տարիներին այստեղ են անցկացւում ՎՀՕՄի կազմակերպած ստեղծագործական շարադրութեան եւ հայոց պատմութեան մրցոյթների եզրափակիչ փուլերը:
Տարբեր ժամանակներում կենտրոն են այցելել Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ու գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, Ազգային ժողովի պատգամաւորներ, սփիւռքահայ եւ ջավախքահայ բարերարներ, ազգային ու հասարակական գործիչներ:
Վաղուց է, ինչ կենտրոնում ձեւաւորուած մի գեղեցիկ աւանդոյթ կայ: Դա մատաղ սերնդի հայեցի դաստիարակութիւնն է: Հայոց պատմութեան քառուղիներով միջոցառումների շարքը, ամէն տարի անցկացւում է Ապրիլին: Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի նախաշեմին ԱԵԿցիները մասնակցում են «Զօրի Զօրեան» երիտասարդական միութեան կազմակերպած ջահերով երթին, իսկ 24ը իւրայատուկ կերպով է նշւում:
Այցելութիւն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրուած խաչքարին, մասնակցութիւն Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած պատարագին, իսկ մնացած օրերին դասախօսութիւններ, ֆիլմի դիտումներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, թատերական ներկայացումներ եւ այլն: Մեր կենտրոնում ահա այսպէս ենք թերթում մեր ժողովրդի ողբերգական պատմութեան էջերը, որը նպատակ ունի նպաստելու մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակութեանը, պատանիների եւ երիտասարդների մօտ անցեալի յիշողութիւնները վառ պահելու, ուստի եւ, դաստիարակելու պահանջատէր սերունդ:
ԱԵԿում կարեւորում ենք հայ եւ վրաց ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնը պահպանելու եւ խորացնելու մեր պապերից ժառանգած դարաւոր աւանդոյթը: Օրինակ՝ եթէ Փետրուարի 21ին նշում ենք հայոց լեզուի օրը, ապա Ապրիլի 14ին՝ «Դեդա էնան»: Մենք համատեղ սգում ենք Ապրիլի 9ի Վրաստանի ազատութեան համար զոհուածների եւ Ապրիլի 24ի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Իսկ Մայիսի 26ին եւ 28ին տօնական միջոցառումներին ուրախանում ենք միասին:
Կենտրոնը սերտօրէն համագործակցում է Սամցխէ-æավախքի առաջնորդական փոխանորդութեան հետ: Մեր ուսուցիչները եւ աւագ տարիքի սաները մասնակցում են կրօնական միջոցառումներին, Սուրբ Խաչ եկեղեցում կատարուող պատարագներին, իսկ կենտրոնի միջոցառումները սկսւում են քահանայի Տէրունական աղօթքով ու բացման խօսքով: Մենք այսուհետ եւս կը շարունակենք աջակցել Հայրենի Ջավախքի հոգեւոր վերազարթօնքին:
Երիտասարդական կենտրոնը ունի իր աւանդական միջոցառումները՝ «Լեզուի օր», «Ոսկէ աշուն», «Կանանց միամսեակ», «ԱԵԿի օր», «Եռատօն», նշւում են ազգային ու կրօնական գրեթէ բոլոր տօները: Իսկ սփիւռքահայ երիտասարդների աջակցութեամբ ամռանը այստեղ կազմակերպւում է «Ջավախք ճամբարը», որը աւելի քան 100 երեխաների ակտիւ հանգստի հնարաւորութիւն է տալիս:
Ջավախքցին արուեստասէր է, նա սիրում է երգել, պարել, ուրախանալ: Այդ է պատճառը, որ պարի խմբեր ցանկացողների պահանջարկը շատ մեծ է: Պարուսոյց Նասլեթ Քէյանր 100ից աւելի տղաների ու աղջիկների սովորեցնում է հայկական պարի նրբութիւնները, նրանց մօտ բացայայտում է պարարուեստի նկատմամբ ունեցած հակումներն ու ընդունակութիւնները: Պարի, կար ու ձեւի, ուլունքագործութեան, ասեղնագործութեան, դիզայնի, նկարչութեան խմբակների գլխաւորը խնդիրը՝ երեխաների մէջ արուեստի նկատմամբ սէր արթնացնելն է, նրանց դիտել, տեսնել, զգալ, ապրել, սովորեցնելը, գեղագիտական ճաշակ ձեւաւորելը:
Մենք հաւատում ենք մեր լեռնաշխարհի վաղուայ օրուան: