ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխաւոր քաղաքը համարուող Ադաբազարից, որտեղ, համաձայն Օսմանեան ազգաբնակչութեան մարդահամարի ապրում էին 17,000 հայեր, Սեդա Փանոսեանի հայրական եւ մայրական կողմի հարազատներին տեղահանում են եւ աքսորում Դեր Զօր: «Մօրական կողմից մեծ մայրս է Աղաւնի Կալպաքչեանը եւ մեծ հայրս՝ Յարութիւն Կալպաքչեանը, մայրս՝ Մարի Փանոսեանն ու մօրեղբայրս, ովքեր փրկուել էին ջարդերից, իսկ տատիկիս եղբօրն ու երեխաներին սպանել էին, կնոջը՝ Քնար Աքոնայեանին առեւանգում է մի թուրք սպայ եւ պահում իր հարեմում», 1912թ.ին արուած մեծ հայկական ընտանիքի լուսանկարի անդամների ճակատագրերը մէկ առ մէկ ներկայացնում է տիկին Սեդան:
Աքոնայեանի յետագայ ճակատագրի մասին Սեդա Փանոսեանն ու մայրը տեղեկանում են տարիներ անց՝ հանդիպելով նրան Վաշինգտոնում: «Քնարին յաջողւում է փախնել հարեմից, որտեղ նա թողնում է իր թուրքից ծնուած որդուն: Պատկերացնում էք, ինչ հոգեվիճակում է եղել, որ հրաժարուել է իր զաւակից: Այնուհետեւ ամերիկացի միսիոներների օգնութեամբ Քնարը պատսպարւում է եկեղեցում, ամուսնանում է ջարդերից փրկուած մի որբ հայ տղայի հետ, եւ միասին մեկնում են Միացեալ Նահանգներ», Հայոց Ցեղասպանութեան պատճառով խեղուած ճակատագրերից եւս մէկն է բացայայտում Փանոսեանը: Յիշելով հօր ընտանիքի պատմութիւնը, տիկին Սեդան կրկին վերապրում է իր հարազատների սարսափն ու վիշտը:
«Դեր Զօր քշուած հայերի շարքում էին նաեւ հօրս ողջ մնացած ընտանիքի անդամները, որ ապրում էին ժամանակաւոր վրաններում: Թուրքերի հերթական յարձակման նպատակն էր սպաննել բոլոր ողջ մնացածներին, սակայն հօրաքոյրս գտնում է միջոց, որի արդիւնքում բոլորը փրկւում են: Նա քանդում է վրանը եւ հրահանգում բոլորին անշարժ պառկել վրանի տակ՝ ձեւանալով մահացած: Թուրքերն անցնում են այդ վրանի կողքով եւ կարծելով, որ այն արդէն աւերուած է եւ անկենդան՝ հեռանում են: Այսպէս, հայրական կողմիս հարազատները փրկւում են», յուզմունքով յիշում է տիկին Սեդան: Նրանք այնուհետեւ կրկին վերադառնում են Ադաբազար, բայց մէկ տարի անց՝ կրկին աքսորւում են եւ անապատներում քաղցած ու անօթի բնակւում են եւս չորս տարի: 1921 թուականին, Սեդա Փանոսեանի հայրական եւ մայրական կողմի հարազատները հաստատւում են Յունաստանի Սելանիկ քաղաքում, որտեղ եւ ծնւում է տիկին Սեդան:
Սեդա Փանոսեանի ընտանիքը 1947թ.ին հայրենադարձւում է Հայաստան, իսկ 1977թ.ին՝ տեղափոխւում Միացեալ Նահանգներ, սակայն նրանց հոգիները երբեք չեն հանդարտւում: Նախնիների բնակավայրը տեսնելու համար, Սեդա Փանոսեանը 1975թ.ին մեկնում է Ադաբազար. «Մեծ մայրս միշտ պատմում էր ցորենի արտերի մասին: Ես գտայ այդ արտերը, մոմեր վառեցի այնտեղ, ծնկաչոք աղօթեցի՝ այդպիսով իւրատեսակ հոգեհանգիստ մատուցելով իմ բոլոր զոհուած հարազատների համար, եւ հոգիս փոքր ինչ թեթեւացաւ: Իսկ քաղաքի հիմնական մասում աւերակներ էին, բնակիչները բոլորը թուրքեր էին, եւ միայն մէկ հայ էր ապրում, բժիշկ, ում չյաջողուեց տեսնել», պատմում է Փանոսեանը: «Վիրաւորանքը միշտ կա՛յ մեր սրտում, մենք չենք ներել: Մեր մէկ ու կէս միլիոն նահատակների հոգիները կը հանդարտուեն, երբ Թուրքիան ընդունի հայ ազգի դէմ իրականացրած ոճիրը, ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ ներողութիւն խնդրի: Սա միակ պայմանն է մեր ազգի համար՝ նաեւ համոզուած լինելու, որ պատմութիւնը չի կրկնուի», նշում է Փանոսեանը:
Այս ընտանիքի ժառանգները մասունքի պէս պահում են իրենց հարազատների լուսանկարները, որոնք Թուրքիայի մերժողական քաղաքականութեան դէմ վառ վկայութիւններ են: Այս նկարներն ընտանեկան ալբոմում կ՛ամրացուեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունի 20րդ դարում մարդկութեան դէմ իրականացրած առաջին ամենամեծ ոճիրը՝ Հայոց Ցեղասպանութիւնը:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
-Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական Եկեղեցի-Սան Ֆրանսիսքօ
-Սրբոց Նահատակաց Հայց. Առաքելական Եկեղեցի-Հոգեւոր Հովիւ, Հոգաբարձութիւն Եւ Յարակից Մարմիններ-Էնսինօ
-Համազգայինի Շրջանային Վարչութիւն