ՀՀում ԱՄՆի դեսպան Ջոն Հեֆըրնը ծաւալուն հարցազրոյց է տուել 1in.am-ին: Ի թիւ մի շարք հարցերի, Հեֆըրնն անդրադարձել է նաեւ «Որոտան»ի վաճառքին եւ ուշագրաւ ակնարկներ արել:
««Որոտան» ՀԵԿն ամերիկեան «Կոնտուր Գլոբալ» ընկերութեանը վաճառելու մասին համաձայնութիւնը ստորագրուեց Յունուարին, սակայն դա դեռ վերջնական չէ, որովհետեւ դեռ որոշ քայլեր պիտի կատարուեն, սակայն մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրն այնպէս, ինչպէս ստորագրուել է, կ՛իրականացուի, եւ դա եւս մէկ ազդանշան կը լինի: Եթէ այդ համաձայնագրի հետ ինչ որ բան չստացուի, դա շատ լուրջ ազդանշան կը լինի արեւմտեան ներդրողների համար, որը կը խօսի նման խոշոր համաձայնագրեր իրականացնելու հարցում Հայաստանի հնարաւորութիւնների, կարողութիւնների մասին», յայտարարել է Հեֆըրնը:
ՀԱՐՑ.- «Որոտան»ը կարեւոր նշանակութիւն ունի Հայաստանի համար՝ որպէս արեւմտեան ներդրողների համար յուսալի գործընկեր երկիր: Այն անհանգստութիւնները, որ հիմա մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր թեւերի մօտ՝ ոչ իշխանական քառեակի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանն արդէն հասցրեց դրա մասին արտայայտուել, որեւէ միտում տեսնո՞ւմ էք, որ «Որոտան»ի դէպքում արտաքին ուղղորդում կայ՝ տապալելու համար ամերիկեան ընկերութեան հետ ձեռք բերուած բանակցային ամբողջ փաթեթը:
æՈՆ ՀԵՖԸՐՆ.- Նախ՝ թոյլ տուէք համաձայնեմ հարցադրման առաջին հատուածի՝ այս գործարքի կարեւորութեան հետ, որ ցոյց է տալու, թէ Հայաստանը որքանով է պատրաստ, որքանով կարող է գործ ունենալ այսպիսի խոշոր, լուրջ գործարքների դէպքում: Ես տեսել եմ քառեակի յայտարարութիւնները, նախկին նախագահ Քոչարեանի յայտարարութիւնը, դրանք ինքնին խօսուն են, իսկ գործարքն ինքնին բաւական բարդ, խոշոր գործարք է: Սա առաջին գործարքն է, առաջին արեւմտեան ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում, սա առաջին անգամն է, որ Հայաստանը բանակցել է ամերիկեան ընկերութեան հետ, եւ ընկերութեան կողմից պահանջներն այլ են, քան եղել են միւս ներդրողների կողմից:
Այս գործարքը պատասխանատու ընկերութեան՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերութեան հետ, որն ունի իր իրաւական պահանջները, բաժնետէրերի առջեւ պատասխանատուութիւն, եկամտային ակնկալիքներ գործարքից, իր բնոյթով տարբերւում է այն գործարքներից, որ մինչ այժմ Հայաստանն ունեցել է: Միացեալ Նահանգների կառավարութիւնը այս գործարքի կողմ չի հանդիսանում, ես պայմանագրի բոլոր դրոյթներին տեղեակ չեմ, եւ մենք որպէս դեսպանութիւն այստեղ աշխատում ենք, որ Հայաստանի կառավարութիւնը եւ այդ ընկերութիւնը կարողանան վերջնականացնել այդ համաձայնագիրը: