«GIFT» (The Glendale Individual & Family Treatment) Նախագիծը Դոկտոր Նուբար Ջանոյեանի Եւ Դոկտոր Արթուր Պօղոսեանի Նախաձեռնութեամբ
Պատրաստեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
«Կեանքի իմաստը կատարելութեան որոնումն է, իսկ իւրաքանչիւրիս խնդիրն է՝ առաւելագոյնս մերձեցնել նրա դրսեւորումը ինքներս մեր հետ».
ՌԻՉԱՐԴ ԲԱԽ
«All For Health, Health For All» առողջապահական կենտրոնի հերթական նախագիծը Գլենդելի անհատական եւ ընտանեկան բուժման կենտրոնն է (Glendale Individual & Family Treatment – GIFT), որի նպատակն է օգնութիւն տրամադրել պատանիներին եւ նրանց ընտանիքներին՝ հոգեկան եւ վարքագծային խանգարումների, ինչպէս նաեւ սոցիալական եւ կրթական խնդիրների դէպքում: Նախագիծը դոկտոր Արթուր Պօղոսեանի մտայղացումն էր, որը նա ցանկանում էր իրագործել հետեւելով դոկտոր Ջանոյեանի մարդկանց բուժման եւ օգնութեան բազմակողմանի ծրագրեր առաջարկելու ցանկութեանը: Նրանց համատեղ աշխատանքն արդէն մօտ էր աւարտին, սակայն դոկտոր Արթուր Պօղոսեանը չհասցրեց վերջնականապէս իրագործել այն: Նրա մտայղացումները այժմ շարունակում են գործընկերները, իսկ կազմակերպիչը եւ համակարգողը նրա այրին է՝ Աստղիկ Վարդանեանը. «Հոգեկան առողջութիւնը ինքներս մեզ սիրելու ու ընդունելու կարողութիւնն է, որի ճանապարհը բացայայտելու եւ ուրիշներին եւս ուղղորդելու ցանկութիւնն ունէր դոկտոր Արթուր Պօղոսեանը», պատմում է Աստղիկը, «Արթուրի նպատակն էր երիտասարդների եւ պատանիների համար կենտրոն ունենալ, որտեղ՝ ըստ նրա ցանկութեան, հնարաւոր կը լինէր ստանալ բոլոր հարցերի պատասխանները՝ մտաւոր, հոգեբանական, վարքային եւ սոցիալական խանգարումների վերաբերեալ: Արթուրի գործելակերպը նախ կանխարգելման բաւարար պայմաններ ստեղծելն ու գիտելիքներ տրամադրելն է. ճիշդ ժամանականին կատարուած օգնութիւնը կ՛օգնի խուսափել բարդացումներից: «GIFT»ը կը պահպանի Արթուրի մօտեցումները, աշխատանքը կը շարունակեն նրա գործընկերներները, ինչն էլ նրա յիշատակի նկատմամբ յարգանքի լաւագոյն ձեւն է: Ես էլ առանձնակի հաճոյքով պէտք է աշխատեմ՝ ի նշան Արթուրի գործի անմահացման»:
Յուլիսի 22ին կենտրոնի հանդիսաւոր բացումն էր: Մուտքի ժապաւէնը կտրեց դոկտոր Պօղոսեանի փոքր որդին՝ Հայկը: Բացմանը ներկայ պաշտոանատար անձանց թւում էր նաեւ Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայքլ Անտոնովիչը, ով իր խօսքում շեշտեց դոկտոր Ջանոյեանի հանդէպ ունեցած իր վստահութեան մասին. «Հպարտալին ինձ համար դոկտոր Ջանոյեանի՝ որպէս բժիշկ, նուիրումի տեսակն է», ասաց նա, «նա որպէս էմիգրանտ, սկսելով բժշկական մի գրասենեակից, այսօր արդէն մի հսկայ կազմակերպութեան նախագահ է, իսկ այդ կազմակերպութիւնը միւսներից տարբերւում է յատկապէս անկարողներին, ցածր վճարողունակութիւն ունեցող անձանց օգնելով եւ ոչ թէ շահոյթ ապահովելով»: Այս նորաբաց կենտրոնը նոյնպէս ենթարկւում է Դոկտոր Ջանոյեանի ղեկավարութեամբ գործող միւս կենտրոնների գործելակերպին՝ օգնել բոլորին, անկախ նրանց վճարողունակութիւնից: Սա «All For Health, Health For All» առողջապահական կենտրոնի բոլոր մասնաճիւղերի համար պարտադիր պայմանն է՝ նախագահ Նուբար Ջանոյեանի գործակերպը, ով դեռ ուսանողական տարիներից որոշել էր գնալ աշխատել այնտեղ, ուր բոլորը խուսափում են գնալ, ուր բոլորից շատ է անհրաժեշտ իր օգնութիւնը:
«GIFT»՝ այստեղից էլ կենտրոնի ոչ պատահական անուանումը, որի նպատակը կը լինի պատանիներին օգնութիւնը: Կենտրոնը միայն անվճարունակներին օգնելու ցանկութեամբ չէ, որ պէտք է առանձնանայ համայնքում, այլ նաեւ բուժման առաջարկած հոլիստիկ տարբերակով: Սա այլընտրանքային բժշկութիւնն է, որի արդիւնաւէտութիւնը առաւելապէս գնահատում էր դոկտոր Արթուր Պօղոսեանը՝ իր տարիների փորձառութիւնից յետոյ: Հոլիստիկ բժշկութեան հիմնական դրոյթը համընդգրկուն, լիագումար բժշկութիւնն է, որը ներառում է մարդու մարմինը, միտքը, հոգին եւ յոյզերը: Ըստ այս բժշկութեան փիլիսոփայութեան՝ մարդը կարող է առողջ լինել այս ընդհանուր համակարգի հաւասարակշռութեան դէպքում: Մարդը կազմուած է փոխկապակցուած մասերից, եւ եթէ մի մասը բաւարար չի գործում, ապա դա իր ազդեցութիւնն ունի ամբողջ օրգանիզմի վրայ: Բժշկական այս մօտեցումը դոկտոր Պօղոսեանն ընտրեց մեր ժամանակակից բժշ-կութեան ասպարէզում մեծ հեղինակութիւն վաստակելուց յետոյ:
«Երկար տարիների աշխատանքից ու հեղինակութիւն ձեռք բերելուց յետոյ Արթուրն որոշեց անցնել հոլիստիկ բժշկութեան, այդ ասպարէզում մասնագիտական որակաւորում ստանալով», ասում է Աստղիկը, «նա իր անցած ճանապարհը ժխտելով, որոշեց իր փորձից արուած եզրայանգումները կիսել իր հիւանդների հետ: Հոլիստիկ բուժման մեթոդները նա առաւել արդիւնաւէտ էր համարում: «GIFT»ում էլ նա ուզում էր ուժերը կենտրոնացնել առաւել խոցելի ու զգայուն հատուածի՝ պատանիների համար»:
Նորաբաց կենտրոնի տարածքը տրամադրել է Գլենդելի քաղաքապետարանը. Սիդեր փողոցի վրայ գտնուող «Glendale Heritage Garden» պուրակին կից տունն է: Այստեղ կը կազմակերպուեն խմբային եւ անհատական պարապմունքներ, մտաւոր, վարքային եւ այլ խանգարումների եւ բարդութիւնների դէպքում: Ուսուցողական դասարանները, սեմինարները եւ բազմատեսակ ոչ աւանդական խմբային հանդիպումները կը կազմակերպուեն մշտապէս: «Կ՛աջակցենք ձեզ հնարաւոր բոլոր միջոցներով»՝ այսպէս է խոստանում կենտրոնի կարգախօսը:
«Երեխաների խնդիրները չափազանց տարբեր են լինում՝ վտանգաւոր կախուածութիւններ, անհանգստութիւներ, վախեր, սոցիալական խնդիրներ, սովորելու դժուարութիւն, ընկճուածութիւն, վարքային խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում շատ բարդութիւններ են առաջացնում», շարունակում է Աստղիկը, «Արթուրի հիմնական մօտեցումը երեխաներին առանց դեղերի բուժելու ցանկութիւնն է: Շարունակելով այդ մօտեցումը, փորձելու ենք հնարաւորինս խուսափել դեղերից եւ օգնել օրինակ՝ սննդով, վարուելակերպով փոխելու վարքային խանգարումների կարգավիճակը»:
Կենտրոնն արդէն մի քանի սեմինար է անցկացրել պատանեկան մտահոգիչ խնդիրների մասին: Յուլիսի 28ին հերթական սեմինարն է, որի թեման էլեկտրոնային սիգարետների վնասի եւ այլ կախուածութիւնների մասին է, յաջորդը կը լինի դպրոցում ծաղրանքի, բռնութեան եւ դրա դէմ պայքարի մասին:
Կենտրոնի աշխատանքը միայն հիւանդ ու բժիշկ երկկողմանի կապով պէտք չէ կայանայ: Կենտրոնը պատրաստ է ընդունելու ցանկացած մասնակցութիւն, անգամ խնդրի բացակայութեան դէպքում բոլորի ներկայութիւնն էլ ցանկալի է:
Տեղեկատուութիւնը, որ պէտք է նաեւ ձեւաւորուի մասնագէտի եւ այցելուների երկխօսութեան օգնութեամբ, եթէ ոչ ձեզ, միգուցէ անհրաժեշտ լինի ձեր հարեւանին կամ ազգականին:
«Մենք յոյս ունենք, որ «GIFT»ը իսկական նուէր կը լինի մեր համայնքի պատանիներին եւ նրանց ընտանիքներին», ասում է Աստղիկ Վարդանեանը», «կը դառնայ իրենց երկրորդ տունը՝ լուծելու ցանկացած փոքր եւ մեծ ընտանեկան, հոգեբանական խնդիրներ: Մեր ամենամսեայ սեմինարները թող լինեն մեր առաջին հանդիպման առիթը: Սպասում ենք»:
Հերթական սեմինարները կը կայանան՝
Յուլիսի 19ին, ժամը 11-2ը, Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Վիոլեթ Մեսերխանի ղեկավարութեամբ կը կայանայ սեմինար՝ էլեկտրոնային սիգարետների օգտագործման մասին:
Յուլիսի 26ին, ժամը 2:30-4ը կայանալիք սեմինարի թեման է՝ «Ինչպէս կարող են ընտանիքները պայքարել դպրոցում դեռահասների ծաղրանքի եւ բռնութեան դէմ»: Կը վարի հոգեբան Սոնա Յովսէփեանը:
Հասցէ՝ 141 Cedar House: Glendale Heritage Garden, Glendale Ca 91205, հեռ.՝ (818) 839-4010, Fax։ (818) 839 4011։