ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ*
Թողենք Բանակն Իր Գործն Անի
Գրեթէ բոլորը խօսում էին այն մասին, որ պէտք չէ խուճապ ստեղծել, որ բանակն իր գործը լաւ է անում, բայց իրենք պէտք է երիտասարդ զինուորների եւ սպաների կողքին լինեն: Առաջիկայում Ազատամարտիկների դաշինքը՝ ԱԴն, 11 հոգուց բաղկացած խորհուրդ կը ձեւաւորի: Այն համակարգող մարմին եւ տեղեկատուական կենտրոն է ունենալու: «Մեր դաշինքում ղեկավար չի լինի», ասաց գեներալ Գագիկ Մելքոնեանը, որը վարում էր հաւաքը, «ազատ թող լինի»: «Որ ջոկատն ուզում է, որ հրամանատարն ուզում է՝ թող գայ այստեղ: Դրա համար մենք ուզում ենք մի մարմին ստեղծել, որը կը կօօրդինացնի (կը համակարգէ-Խմբ.) աշխատանքը»: Նորաստեղծ կառոյցին միացել են դաշնային հրամանատարները, նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայէլեանը: Երէկ յոյզերն ու կրքերը շատ էին, ինչպէս եւ սովորաբար լինում է ազատամարտիկների ժողովների ժամանակ: Կոշտ քննադատութեան պակաս չկար, հումորի՝ եւս: Յիշեցին անտեղի մեդալներ ստացածներին, որոնք պատերազմի հոտ չեն քաշել, Շարմազանովին: «Էնքան մեդալ է ստացել, որ «բայեւիկ» (կռուող-Խմբ.) է դարձել», կատակեց մէկը: Բայց ընդհանուր տրամադրութիւնը հումորային չէր. «Այսօր տեսնում ենք երկրի վիճակը», ասաց Ռուստամ Գասպարեանը, «սոված, գաղթող ժողովրդին, սխալ վարած քաղաքականութեան արդիւնքում ամէն օր տեսնում ենք սահմանին զոհուող երեխեքին: Տեսնում ենք մեր պատմութիւնը, մեր ընտրած ճանապարհը մեր ձեռքից խլողներին: Էսօր հաւաքւում ենք՝ էս «սելաւ»ի (ջրհեղեղի-Խմբ.) դէմն առնենք: Համաձա՞յն էք, տղերք, կանգնէք այս երկրին տէր: Էս ա խնդիրը: Էսօր ամէն մէկս մի գործի ենք, մի ծառայութեան, մեր գլուխը պահում ենք, բայց երկիրն է կործանւում: Հոկտեմբերեանի ֆայլաբազարի փողոցով ամաչում եմ անցնեմ, սաղ մեր տղերքն են կանգնած: Սպասում են, թէ որ չինովնիկն ա գալու, տանի իրա բախչեն կամ զուգարանի փոսը փորել տայ, որ մի երկու կոպեկ տայ, գնայ իր ընտանիքը պահի, ստեղ ա մեր ամօթը: Դրա համար ենք հաւաքուել՝ տէր կանգնելու»:
Ֆիդայական «Խոդեր» Պէտք Չեն
Ռեպլիկ լսուեց. «Երէկ Դիլիջանից 8 աւտոբուս մարդիկ են արտագաղթել»: «Զօրավար Անդրանիկ»ի հրամանատարն էլ ասաց, որ դրսում, Ռուսաստանում էլ են ազատամարտիկները համախմբւում. «Բայց կարեւորը ստեղ է: Նրանք սպասում են, թէ այստեղից ինչ ինֆորմացիա կայ, ինչ կայ: Օգնութիւն, եթէ պէտք է, նրանք ինչ պէտք է՝ կ՛անեն»: Ըստ գեներալ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնեանի՝ այս իրավիճակում չի կարելի խուճապի մատնուել: «Չսարքենք 92 թուականը: Այն ժամանակ բոլոր կռուող տղաները նոյնիսկ հիւսիսային շրջանները թողեցին, գնացին Երասխ: Քաոս էր: Ո՞ւր էին գնում, ինչի՞: Բայց էդ ժամանակուայ իշխանութիւններն արագ կողմնորոշուեցին, մարդկանց հաւաքեցին իրար գլխի եւ կօօրդինացրին (համակարգեցին-Խմբ.): Այսօր մեր կայացած պետութիւնում, մեր կայացած բանակի առկայութեան դէպքում էլի նորից սկսել են էդ նոյն ֆիդայական շարժումները, խոդերն (քայլերն-Խմբ.) անել: Մէկը ելոյթ է ունենում, թէ պէտք է գնամ Բաքու՝ գործ ունեմ: Հիմա Բաքւում տների գինը «ռեզկի» (կտրուկ-Խմբ.) ընկել ա, մտածում են՝ ոնց փախնեն: Միւսն ասում է՝ Կիրովաբադի օդակայանն իմն է: Այ, էս խօսքերը մեզ պէտք չեն: Ադրբեջանը մեզ պէտք չի: Մենք չենք յարձակւում այդ երկրի վրայ: Մեր խնդիրը լինելու է այսօրուայ սահմանները պաշտպանելը, համախմբուելը: Տարածեցին, որ Լաչինից արդէն 100 հոգի գնացել են սահման: Ինչո՞ւ են գնացել, երբ որ մենք ունենք ռեզերվային (պահեստային-Խմբ.) գնդեր, որոնցից ամէն մէկն իր տեղն ու դիսլակացիոն (տեղակայման-Խմբ.) վայրերը գիտի: Սա լրացուցիչ խուճապ է, որը պէտք չի»:
Մենք Մերանն Ենք
Հրամանատարները կոչ էին անում ապաւինել բանակին, չտրուել խուճապի, բայց նրանց ելոյթներից վառօդի հոտ էր գալիս: «Մենք անելիք ունենք այս քաղաքական վիճակում, այս բարոյահոգեբանական բացակայութեան ֆոնի վրայ», ասաց Ապարանի նախկին քաղաքապետ, գնդապետ Ռազմիկ Պետրոսեանը: «Մեր տեսակի տղերքը միշտ եղել են որպէս զսպաշապիկ իշխանութիւնների համար, որ չշեղուեն ժողովրդից: Ի դէմս մեզ են միշտ նրանք հաշուետու եղել ժողովրդին: Հիմա մենք յայտարարում ենք, որ կանգնած ենք մեր ժողովրդի կողքին: Ցաւում եմ, բայց նոյնիսկ քաղաքական ծանրութիւնն էլ է մեր ուսերին մնացել: Մենք դառնալու ենք այն մերանը, որի շուրջ ժողովրդին ծառայել ցանկացող բոլոր քաղաքական ուժերը կը համախմբուեն: Մեր պայքարի երկրորդ փուլում մեր պետականութիւնն է դրուած նժարի վրայ: Մենք որ կողքից նայում ենք մեր տեսակին, զարմանում ենք: Սա մեր տեսակը չի: Մենք աշխարհում Գինեսի ռեկորդ ենք սահմանել մեր աւելորդ հանդուրժողականութեամբ: Մի չկայացած չինովնիկ իրեն իրաւունք է վերապահում մեր տեսակի մասին կարծիք յայտնել, մնում է անպատասխան: Նոյնիսկ շարքային կոչում չունեցողը համազգեստը հագնում է, գնում է սահման, հայ սպան, որ սրբութիւն է եւ վեհութիւն է, գալիս զեկուցում է այդ չինովնիկին: Ես, որպէս հայ սպայ, ցաւ եմ ապրում, ստորացում եմ ապրում: Եկէք մի անգամ մէջքներս դզենք (շտկենք-Խմբ.) 88ի նման: Երկրորդ մոբիլիզացիան է հիմա, հաւաքուենք իրար շուրջ: Մենք միշտ Աստուած էինք կանչում, որ պէտք չգանք մեր ազգին, բայց էսօր նորից պէտք ենք»: Իսկ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրէն Սարգսեանն էլ ասաց, որ բանակն իր գործը լաւ է կատարում, եւ կրակոցները դեռ պատերազմ չեն, բայց եթէ լայնամասշտաբ պատերազմ յանկարծ իրօք սկսուի, «այս երկրի իշխանութիւններին անմիջապէս պէտք է ճամբել եւ ինչքան շուտ, այնքան լաւ, որովհետեւ նրանք չեն արտայայտում ո՛չ իմ, ո՛չ քո, ո՛չ էլ մեր ժողովրդի հոգեվիճակը. դրա վկան, փաստը մեր դատարկուած սահմաններն են, անտէր ժողովուրդը, գող ու կաշառակեր պաշտօնեան: Բայց դա իմանալով հանդերձ, մենք մեր բանակի կողքին ենք: Այս խուճապային իրավիճակն իշխանութիւններին ձեռնտու է, որպէսզի վախեցնեն ժողովրդին: Մի վախեցէք, չունենք վախենալու բան, թող իշխանութիւնն ինքը վախենայ: Պէտք չի, որ քաղաքական կուսակցութիւնները սպեկուլեացիաներ (չարաշահումներ-Խմբ.) անեն՝ գնում ենք դիրքեր: Պէտք չի վազ տալ դիրքեր, ազնիւ եղէք այս ժողովրդի հետ, փրկէք այս ժողովրդին այս ապիկար իշխանութիւններից եւ ինքներդ չմտածէք, որ դառնալու էք յաջորդ գողն ու թալանողը: Էլ չի լինելու այդպէս»:
Յ.Գ.- Հրամանատարները խօսում էին, նրանց դէմքերին ծանր կեանքի, պատերազմի հետքը դեռ կայ: Ամէն մէկի մէջքի յետեւում մի քանի տասնեակ իրենց նման տղաներ են կանգնած: Այս տարիներին նրանցից շատերին սոցիալական նուաստացուցիչ բեռի տակ գցեցին, ֆայլաբազարներ նետեցին ու բերդեր, ստորացրին, բայց նրանք հիմա էլ առաջին գծում են լինելու, նրանք չեն դաւաճանում, ինչպէս հողը:
*Սիւզան Սիմոնեանը լրատուութեան ասպարէզում աշխատում է 1994 թուականից: Սկսել է լրագրողական գործունէութիւնը պետական հեռուստատեսութեան «Լրաբեր» ծրագրում: Այնուհետեւ եղել է «Նորք» հեռուստատեսութեան հիմնադիրներից: Աշխատել է նաեւ Հ1, «Ար», «Պրոմեթեւս», «Կենտրոն» հեռուստատեսութիւններում: «Վարկած 4», «Յատուկ գօտի», «Մարդկանց երկիր» հեռուստաշարքերի, բազմաթիւ ֆիլմերի հեղինակ է: «Հրապարակ» օրաթերթում աշխատում է 2009 թուականից: Աւարտել է ԵՊՀ ռուսաց լեզուի եւ գրականութեան ֆակուլտետը: Զբաղւում է իրաւական լրագրութեամբ, լրագրողական հետաքննութիւններով: