
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Լոյս ու մութ,
Լոյս ու մութ,
Մթնշաղ է.
Երեւում,
Չի երեւում գիշերը:
Հազիւ անցնում է ճամբան,
Թեքւում է ոլորանը,
Հասնում է երազին.
Այնքան լաւն է,
Այնքան քաղցր.
Իրականանում են ցանկութիւնները:
Մութ ու լոյս,
Մութ ու լոյս,
Աղջամուղջ է.
Երեւում,
Չի երեւում առաւօտը:
Վերջապէս աւելանում է լոյսը,
Աղջամուղջը հալւում է
Լոյսի մէջ.
Երազը անհետանում է:
Կանգ է առնում,
Վերադառնում է,
Անցնում է ոլորանը,
Փնտռում է երազին…
Լուսացել է,
Երազ չի մնացել…
***
Գոչեմ Հայրենեաց
Մենք կարօտել ենք քեզ այնպէս
Ինչպէս ամպերն են կարօտում գագաթներին,
Բարիք պարգեւելու բաղձանքով,
Եւ անդորրութիւն վաստակելու քրտինքով,
Ի խնդիր ինքնազտումի եւ արժանաւորութեան,
Ժառանգելու սեփականութիւնը մեր որդիական:
Մենք միշտ էլ կրել ենք քեզ մեր սրտերում,
Երբ նոյնիսկ չենք գտել քեզ քարտէսի վրայ:
Ժամանակը, պատմութիւնը եւ վայրը
Բռնագրաւել են մեր ճակատագիրը,
Չեն թողել լրումի հասնել,
Մնացել ենք
Սփիւռքցու երկփեղկ անաւարտութեամբ…
Չենք հասցրել ապրելու կեանքը
Որպէս ազգ ու ժողովուրդ
Պատկանելութեան շնորհով ծնուած:
Մենք միշտ պաշտել ենք քեզ,
Մեր սրտում ենք կրել քո քարտէսը,
Նաեւ այն մասերի,
Որ աշխարհագրութիւնը դեռ անգիտանում է…
Կոչում է խորթ ու սխալ անուններով…
Հարիւրամեակներ ապրել ենք
Որպէս չհայաստանցի,
Բռնադատօրէն հայրենազրկուած ու թալանուած,
Այլապէս՝ բազմաերկրացիութեամբ բարդուած,
Որպէս պարսկահայ… ընդհուպ մինչեւ
Ասիահայ,
Եւրոպահայ,
Ամերիկահայ,
Աֆրիկահայ,
Ովկիանիահայ… եւ մասամբ նոցին…
Հինգ ցամաքամասերի որդեգիր, որբագիր,
Մայրազուրկ,
Հայրական ազգանուամբ տոկացող…
Հասակ ենք առել
Եւ չափւում ենք նմանների հետ:
Բարբառում ենք հայ ոսկեղէնիկը,
Ու չենք ամաչում մեր բարբառից,
Օտար բառակոյտերով աղաւաղուած…
Ուզում ենք իւրացնել քոնը,
Նմանուել քեզ,
Գեղեցկանալ, ազգայնանալ,
Նետել մեր վրայից գաղութայնութեան քուրձը,
Համայնքայնութեան, միլլեթականութեան քուրձը,
Որով Սփիւռքն է ձեւաւորել մեր մարմինը
Անդամահատութեամբ դժխեմական,
Խեղաթիւրումով ու այլանդակութեամբ…
Ուզում ենք դառնալ ազգ ու հայաստանցի,
Մեր հայրենիքով…
Մենք պահել ենք մեր նկարագիրը,
Մեր դիմագիծը պահել ենք անաղարտ.
Նմանութիւնից իսկոյն ճանաչւում ենք:
Եւ մեկնում ենք մեր ձեռքը
Սրբութեանդ հասնելու հաւատքով,
Դիտաւորութեամբ ու նպատակով մոլեգնական.
Մենք մեկնում ենք մեր ձեռքը հեռուներից,
Չորս ծագերից սփիւռացեալ…
Հեռուները շա՜տ են մշուշուած
Պատմական բազում բիծերով.
Մենք նայում ենք քեզ մաքուր հայեացքով,
Յոյսով, հաւատքով, բուռն սիրով,
Որ քեզ նմանելը կը նշմարես,
Եւ կ՛երկարես ձեռքդ,
Որպէսզի բռնենք ու փրկուենք…
Մենք փրկել ենք մեզ այսքան ժամանակ,
Որ հասնենք վերջնական փրկութեան,
Շահենք քեզ պատկանելու օրինականութիւնը,
Բաւարարութիւնը,
Որ միշտ էլ սրտանց ենք ցանկացել:
Ապաքէն,
Արտացոլւում են իրարանցումներ…
Ենթարկւում ենք բախումների…
Քեզ հասնելը պարոյկւում է հարցականով…
Մեր Ա՞զգն ես…
Մենք մա՞սդ ենք…
Հունցւում է հարցը մոլորութեամբ…
Դեռ փոխադարձ չտեսնուած լիովին,
Չճանաչուած, չհարազատացած,
Մեր կշիռն է նժարւում, որպէս հակ ու բեռ,
Որպէս ներմուծելի, թէ… կթելի…
Մինչեռ յոյսով, հաւատքով ու բուռն սիրով
Ձգտում ենք հասնել քեզ.
Որ գտնուել ենք, որպէս կորուսեալ,
Երեւացել ենք հորիզոններից…
Ծագեծագ ցւրուած, սփիւռուած վաղուց
Հանց աստղափոշի…
Աստղը դո՛ւ ես եղել մեր սրտում,
Որ ճառագել ես, ցոլացել ես
Ու երբեք չես խամրել:
Փլուզումներ են աղէտւում ամէնուրեք,
Փլուզումների փոշին դեռ թանձր է,
Դեռ չի երեւում աշխարհը յստակութեամբ.
Անյայտ խորքերում դաւեր են լարւում,
Դրուժան որոգայթներ են ոստայնւում,
Կոփւում են ճիրաններ ու բռունցքներ,
Սուսերներ են յեսանւում
Մի աննախադէպ յօշոտումների…
Մինչդեռ պատկերը հանդարտ է թւում տակաւին…
Փլուզումների փոշին դեռ թանձր է,
Դեռ չի երեւում հորիզոնը յստակութեամբ…
Մենք յառնում ենք բռնագրուած պատմութիւնից
Մեր գրած բեմագրով,
Ժխտում ենք պարտադրուած ճակատագիրը
Որպէս նախապաշարութիւն,
Եւ քայլում ենք առ քեզ շիտակ հասակով,
Նպատակադիր մոլութեամբ անշեղ,
Ու հաւատում ենք մեր ելքին,
Ու ելքին հայոց,
Զաւակի առ հօր իրարհասութեան.
Ուզում ենք փայլես մեր հայեացքի հանդէպ,
Որպէս խոստում եւ մաղթանք,
Բեկանես պատուարներ ու խոչընդոտներ,
Որ չգայթենք կասկածներից,
Լքենք օտարների հրապոյրը
Ու ոգեւորուենք քո կարօտութիւններով.
Փլցնենք սարեր,
Լցնելու կարիքների ձորեր,
Լծուենք նաւապետիդ ղեկին
Նաւարկելու մեր ազգային նաւը
Արարատն ի վեր: