
ՅԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԷԹԵԱՆ
Փոքր ուժերով՝ մեծ խնդիրներ: Սա Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի ամենակարեւոր յանձնարարականներից է: Իսկ այս բանաձեւը լաւագոյնս արտացոլւում է հակաօդային պաշտպանութիւնում (ՀՕՊ), որը համալրուել է նորագոյն միջոցներով: Արդիւնքում հակառակորդի օդուժից բխող սպառնալիքները յաջողութեամբ չէզոքացւում են հայկական զինուժի կողմից:
Օրերս «Ռազմինֆօ»ն այցելեց ՊՆ հակաօդային պաշտպանութեան ուսումնական զօրամասերից մէկը՝ հասկանալու, թէ ինչպիսին պիտի լինի ՀՕՊ զօրքերում ծառայողն ու ինչպէս է սկսւում ծառայութեան պատմութեան 2 տարին:
Հանգիստ բացւում են զօրամասի դարպասները, մտնում ենք ներս: Ամէն ինչ հանդարտ է ու կոկիկ: Արդէն ճաշի ժամ է, զինծառայողներն արդէն գնացել են սնուելու: Մեզ ընդունելուց յետոյ զօրամասում մեզ ընդունած հրամանատարական կազմը՝ փոխգնդապետ Մախսուրդեանն ու մայոր Յովհաննիսեանն առաջարկում են գնալ եւ ճաշել զինուորների հետ:
Միանշանակ համաձայնւում ենք: Տաք ապուր, միս, աղցան, կոմպոտ ու այն ամէնը, ինչ պիտի լինէր օրուայ ճաշացանկում: Մօտենում ենք զինծառայողներին ու հետաքրքրւում, թէ ինչպիսին է սնունդը զօրամասում: Բոլորը գոհ են, չնայած անկեղծանում են՝ մայրիկների պատրաստած կերակուրներին չեն հասնում:
Ճաշից յետոյ դուրս ենք գալիս ու սկսում մեր շրջայցը զօրամասում: Հէնց ճաշարանի դիմաց ճաշարանի հերթապահի աճեցրած եղեւնիներն են: Ճաշարանի հերթապահն ինքն է մշակում ծառերն ու հպարտանում ունեցած արդիւնքով:
Սկսում ենք զրոյցը փոխգնդապետ Մախսուրդեանի հետ: Անկեղծանում է՝ շատ է լինում, որ կնոջ հետ «վիճում են» ծառայութեան համար:
«Սիրում ենք մեր գործը, բայց տանն էլ մի փոքր կռիւ է այդ առումով: Ուշ գիշեր է, քունս չի տանում, հագնւում եմ, որ դուրս գամ, կինս ասում է՝ ո՞ւր, էլի գնացիր երեխեքիդ մէջքը ծածկես, գա՞ս: Ասում եմ՝ հա»,- կատակով պատմում է փոխգնդապետը, «ասում է՝ բա մե՞ր երեխեքը: Ասում եմ՝ մերոնք տանն են, իսկ նրանք ուրիշ են, նրանց առանձնայատուկ վերաբերմունք է պէտք»:
Հաւաստիացնում է՝ յատկապէս ադապտացիոն (հարմարուելու-Խմբ.) շրջանում նորակոչիկների կողքին լինելը շատ կարեւոր է:
«Արդէն բոլորն էլ գիտեն՝ հէնց նորակոչիկները մտան զօրամաս, քանի հոգի ուզում է լինեն, բոլորի հետ առանձին զրուցում եմ երկար ժամանակ, ծանօթանում, թէեւ պատմութեան ֆակուլտետն եմ աւարտել, բայց հոգեբանի դեր եմ տանում: Ընտանիքի բոլոր անդամների համարներն ունեմ, մէկ-մէկ զանգում եմ, ինքս տեսնում, թէ ընտանիքներում ինչպէս են: Բացի այդ, մի լաւ աւանդոյթ ունենք՝ հէնց նորակոչիկը եկաւ, մի քանի օր անց ընտանիքներին նամակ ենք ուղարկում, որով շնորհակալութիւն ենք յայտնում մեծացնել-պահելու ու մեզ յանձնելու համար», շարունակում է պրն. Մախսուրդեանը:
Զօրամասում հիմնականում դասապրոցես է, պատրաստում են ՀՕՊ զօրքերի համար մասնագէտների: Փոխգնդապետը յատկապէս կարեւորում է ամառային զօրակոչը, քանի որ այդ ժամանակ բանակ են զօրակոչւում բարձրագոյն ուսումնական հաստատութիւններն աւարտած տղաներ, ինչն էլ նոր մասնագիտութեան իւրացման գործում շատ կարեւոր է լինում:
Ուսումնական այս զօրամասում պատրաստում ենք բազամաթիւ մասնագիտութիւններով մասնագէտներ, որոնք աւարտելով ուսումնական փուլը՝ գնում են իրենց հիմնական զօրամասեր:
Տեղափոխւում ենք ուսումնական հատուած: Ցուցադրում են վարժասարքերը, որոնցով վարժւում են տղաները:
«Մեզ համար կարեւոր է հակառակորդին համարժէք պատասխան տալ ամէն ոլորտում, իսկ յատկապէս հակաօդային պաշտպանութիւնում մենք մեծ խնդիրները լուծում ենք փոքր ուժերով: Դրա վառ օրինակը «Իգլա» դիւրակիր ԶՀՀն է: Այն շատ յարմար է արագ ու արդիւնաւէտ պայքարի համար», վարժասարքերը ներկայացնելուց յետոյ մանրամասնեց մայոր Յովհաննիսեանը:
Յաջորդիւ ծանօթանում ենք նաեւ զօրանոցի պայմաններին, դասասենեակներին, ազատ ժամանակը կազմակերպելու հնարաւորութիւններին:
Խնդրում ենք տղաներին ֆիզիքական պատրաստուածութեան համար մի քանի ցուցադրական վարժութիւն անել:
Ինչպէս հրամանատարական կազմն է նշում, ՀՕՊ զօրքերի համար էլ է կարեւոր ֆիզիքապէս պատրաստուած զինծառայող ունենալը:
«Պիտի չմոռանանք, որ ՀՕՊ զինծառայողը պարտաւոր է տիրապետել ոչ միայն իրեն վստահուած ՀՕՊ տեխնիկային, այլ անհրաժեշտութեան դէպքում կատարել նաեւ հետեւակի պարտականութիւնները, որն իրենից պահանջում է ֆիզիքական բարձր պատրաստուածութիւն», բացատրում է փոխգնդապետ Մախսուրդեանը:
Իսկ վերջում չենք մոռանում նաեւ մշակութային զարգացուածութեան մասին: Թէեւ զօրամասում հաստիքով ակումբ կամ գրադարան չկայ, սակայն գրքերի հարցում զինծառայողներին աջակցում է փոխգնդապետը, իսկ երգողներից մէկին «Ռազմինֆօ»ն ձայնագրեց՝ «Մարտիկի երգը» կատարելիս:
Հրաժեշտի ժամն էր… օդային սահմանը վստահում ենք ներկայ ու ապագայ մասնագէտներին ու վերադառնում:


