ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Այս տարուայ՝ 2014ի Յունուար-Օգոստոսին ՀՀ բանկային համակարգի միջոցով դէպի Հայաստան կատարուած ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները կազմել են 1 մլրդ. 153 մլն. 337 հազար դոլար: Հայաստանից դէպի արտերկիր դարձեալ ոչ առեւտրային նպատակով կատարուել են 226 մլն. 382 հազար դոլարի դրամական փոխանցումներ: Արդիւնքում ոչ առեւտրային նպատակով գումարների զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 926 մլն. 955 մլն. դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ տեղեկագրից:
Համեմատութեան համար նշենք, որ անցեալ տարուայ՝ 2013ի Յունուար-Օգոստոսին Հայաստան էր փոխանցուել 1 մլրդ. 139 մլն. 345 հազար դոլար, Հայաստանից դէպի արտերկիր՝ 202 մլն. 996 հազար դոլար եւ զուտ ներհոսքը դէպի մեր երկիր կազմել էր 936 մլն. 349 հազար դոլար:
Այսինքն, այս տարուայ առաջին 8 ամիսներին դէպի Հայաստան դրամական փոխանցումներն աւելացել են, բայց գումարների զուտ ներհոսքը դէպի Հայաստան փոքր ինչ՝ մօտ 10 մլն. դոլարով կամ 1 տոկոսով նուազել է: Դա պայմանաւորուած է երկու գործօնով՝ Հայաստանից դէպի արտերկիր դրամական փոխանցումների աճն աւելի մեծ է եղել, քան ներհոսքը, դրամական փոխանցումներ ուղարկող հիմնական երկրից՝ Ռուսաստանից դէպի Հայաստան փոխանցումները նուազել են:
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՆՈՒԱԶԵԼ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ռուսաստանի Դաշնութիւնից նոյն ժամանակահատուածում Հայաստան է փոխանցուել 958 մլն. 159 հազար դոլար, Հայաստանից դէպի Ռուսաստան՝ 128 մլն. 423 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը Ռուսաստանից Հայաստան՝ 829 մլն. 736 հազար դոլար: Նշենք, որ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում դէպի Հայաստան Ռուսաստանից փոխանցուել էր 972 մլն. դոլար, Հայաստանից դէպի Ռուսաստան՝ 114 մլն. դոլար, փոխանցումների զուտ ներհոսքը Ռուսաստանից կազմել էր 858 մլն. դոլար:
Փաստօրէն, դրամական փոխանցումների առիւծի բաժինը շարունակում է գալ Ռուսաստանից՝ 926 մլն. 955 հազար դոլար ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների դէպի Հայաստան զուտ ներհոսքից 829 մլն. 736 հազար դոլար բաժին է ընկնում Ռուսաստանին:
Միաժամանակ, նուազել են այդ երկրից դէպի Հայաստան փոխանցումների թէ՛ ընդհանուր ծաւալը, թէ՛ զուտ ներհոսքը , ինչը պայմանաւորուած է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացմամբ, որի հիմնական պատճառը Արեւմուտքի արգելքներն են այդ երկրի նկատմամբ եւ նաւթի գների շարունակուող անկումը, ինչը նոյնպէս, շատ մեկնաբանների կարծիքով, ԱՄՆ կողմից արւում է Ռուսաստանի բիւջետային մուտքերին հարուածելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՅԱæՈՐԴՈՒՄ ԵՆ ԱՄՆՆ ԵՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ
Երկրորդ երկիրը, որտեղ ապրող հարազատներից դրամական փոխանցումներ են ստանում հայաստանցիները, ԱՄՆն է: Այդ երկրից այս տարուայ 8 ամիսներին դէպի Հայաստան է փոխանցուել 64 մլն. 650 հազար դոլար, Հայաստանից դէպի ԱՄՆ՝ 22 մլն. 983 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը ԱՄՆից Հայաստան կազմել է 41 մլն. 666 հազար դոլար:
Երրորդը Ղազախստանն է: Այդ երկրից Հայաստան է փոխանցուել 18 մլն. 401 հազար դոլար, Հայաստանից դէպի Ղազախստան՝ 2 մլն. 288 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը Ղազախստանից Հայաստան կազմել է 16 մլն. 112 հազար դոլար:
«ԱԶԳ»