Արամայիս Սահակեանի այս բանաստեղծութեանը պատասխանելու ցանկութիւն է առաջանում.
Երբ պատերազմը նոր էր վերջացել,
Կայարան էի ամէն օր գնում:
Գնացքը յոյս էր շատերին դարձել,
Իսկ շատերին էլ՝ յուսախաբութիւն:
Մի զինուոր տեսայ՝ թեւքերը դատարկ…
Նայում էր տխուր, գուցէ սպասում,
Իսկ հեռուից, գրկած ծաղկեփունջը թանկ,
Խելագարի պէս մի կին էր վազում:
Հասաւ, վազի պէս փաթաթուեց նրան,
Յետոյ շփոթուած մեկնեց ծաղիկներ,
Բայց ծաղիկները թափուեցին-ընկան,
Ինչպէս զինուորի թեւերն են ընկել:
Շատ տարիներ են անցել այդ օրից,
Եւ շատ դէպքեր են եղել իմ կեանքում,
Բայց ծաղիկներ են նուիրւում երբ ինձ՝
Երկու ձեռքերս դողում են թաքուն…
…Իսկ այն օդաչուների հարազատների ձեռքերն ինչպէ՜ս են դողում: Իսկ հայի ձեռքերն ինչպէ՜ս են դողում, երբ դատարկ թեւքերի տեղ գրկում են միայն օդի դատարկութիւնը ու պղպջակների պէս սին խօսքերը: Կռիւը՝ կռիւ, թշնամութիւնը՝ թշնամութիւն, բայց կայ մի բան, որ իւրաքանչիւր ազգ, եթէ թուրքին էլ ազգ համարենք, պիտի յիշի. ինքն էլ տղաներ ունի, ինքն էլ զինուոր ունի: Ու խաղաղ պայմաններում հայ զինուորներին նման մահ պարգեւելով, հայի հոգին զինում է վրէժխնդրութեան կրակով, որը մի օր թափուելու է իրենց տղաների գլխին: «Ինչպէս որ տաքտեղն իր ջղերի մէջ պահում է մռու կծուութիւն՝ ուտողի բերանն այրելու համար, հայի արեան մէջ տաքանում է վրէժխնդրութեան կրակը՝ արնախում թշնամիներից վրէժ լուծելու համար»:
Այսօր հայ երեք օդաչուների մարմինների չյանձնումը, ադրբեջանցիներին խայտառակում է աշխարհի առաջ: Իսկ աշխարհը, որ անարձագանգ է ու միայն պղպջակային հրավառութիւն է անում, հայի համար դառնում է էլ աւելի մեռած ու անուվ… Եւ երիցս արժեւորւում է այն խօսքը, որ սուրը բանեցնողի ձեռքում է զօրեղ:
Օդաչուները հոգու թեւերով այս խօսքն են ասում.
Զինուորը երբեք մահ չի ունենում,
Միք փնտռի ի զուր մեզ հողի վրայ,
Հոգու թեւերով հայի մեծ հոգում
Կրակ ենք վառում վրէժխնդրութեան: