Իմ համար, գուցէ օրինաչափ չէ, նամակ յղել իմ սիրելի օրաթերթի սիրելի խմբագրին, որ յաճախ է տպագրում իմ բանաստեղծութիւնները «Ասպարէզ» օրաթերթում: Բայց կարելի է, ո՞ր ընկերը ընկերոջը չի գրում… ել-նամակ:
Ուրեմն սկսեմ «Ասպարէզ» օրաթերթը գովելով, որ յաճախ ու առաւելաբար նրա օրական համարների բովանդակութիւնը բաւարարում է ինձ, որպէս ընթերցող: Երբեմն եկեղեցական ու միութենական մանրամասնութիւնների աւելորդութիւններ կան… բայց գործունէութիւն են, համայնքի կեանքն են… եւ կարող են աւելի բնորոշ գրուել: Պիտի ասել, որ եկեղեցա-կրօնականն ուղղակի շատ է: Հասարակական կեանքի արտացոլումը ցանկալի է աւելացնել, թղթակիցների եւ աշխատակիցների երկար անուանացանկը գուցէ կարող կը լինի բացը զարգացնել, ուրեմն՝ դա մնում է ցանկալի:
«Ասպարէզ» օրաթերթը հայաշխարհում ամենաթանկ հրատարակուող օրաթերթն է: Նոյնքան էլ կարեւոր: ՀՅ Դաշնակցութեան եւ ընկերների ներդրումը «Ասպարէզ»ի հրատարակութեան գործում, գնահատելի է: Այդպիսով է «Ասպարէզ» օրաթերթը յարատեւում իր առօրեական աշխատանքում: Եւ դա մեր այս օրերում, որ հայերէնատառ թերթերը դադարումների են միտում, ինչպէս տեսնում ենք մեր համայնքում:
Մեր համայնքի ընթացիկ վիճակով «Ասպարէզ» օրաթերթն է ամենակարեւոր արտացոլողը մեր հասարակութեան: Եւ բնական է, որ բոլորիս ցանկութիւնն էլ դա է: Ինչ որ «Ասպարէզ» օրաթերթում գրւում է, կարեւոր ու յարգելի է մեր համար: Կարեւոր է խմբագրութեան համար: Եւ այդպէս էլ պիտի լինի: «Ասպարէզ» օրաթերթի էջերում բարձր է պահւում համայնքիս յարգն ու պատիւը: Մեր համայնքային ու ազգային դէմքերը… իրենց անուններով ու գործունէութամբ… նաեւ իրենց նկարներով… անուամբ ու նկարով… բայց ճիշդ այստեղ, մի բան այն չէ, որ պիտի լինի: «Ասպարէզ» օրաթերթը սովորութիւն է դարձրել համայնքի ձեռնարկներ ու անհատների նկարներ ու նկարներ հրատարակել առանց անունների կամ՝ բացատրութիւններ նշելու նկարների տակ: Դա ճիշդ չէ: Այդ նկարները հէնց այնպիսի Մասիս Արարատեանի ծաղրանկարներ չեն, որ ի դէպ, նա միշտ էլ անուանագրում ու իմաստագրում է: Այդ նկարները անհատներ, ձեռնարկների գործունէութեան պատմական դարձող փաստագրութիւններ են, որ չպիտի անանուն ու անիմաստ լցնեն թերթի էջերը, որպէս ոմանց ուրախացնող անբովանդակ լցուած էջեր: Վերջապէս ամէն նկար իր բովանդակութեամբ արժէք ունի ու իր անհատական պատկանելիութեամբ ունի նաեւ իր յարգն ու պատիւը:
«Ասպարէզ» օրաթերթի իրագործումները բոլորս ենք յարգում, ու «Ասպարէզ» օրաթերթն էլ յարգում ու գնահատում է իր շրջապատը, պատկանելիութիւնը իր համայնքին ու ազգայիններին: Ուստի, նման անտեսում, անանուն նկարների էջ լցոններ… ոչ, պատշաճ չէ: Ապագայի պատմական իմաստաւորման տեսակէտից էլ եթէ նկատի առնենք:
Մնում է, որ «Ասպարէզ» օրաթերթը ճանապարհը ճարի… Ճանապարհը գիտի:
Յարգանքներով՝
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.