ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՅԴ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ
ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը Tert.am-ի հետ զրոյցում ասում է, որ այսօր իրավիճակը, երկրի ընթացքը փոխելու շօշափելի ձեռագիր ու մարտավարութիւն չի տեսնում: «Իսկ երկիրն ու իշխանութիւնը փոխելու բոլոր չհասունացած մեկնարկները մի քանի քայլ յետ են տանում թէ՛ երկիրը, թէ՛ յուսախաբութեան եւ չարդարացուած սպասումների նոր ալիք բարձրացնում հասարակութեան մէջ: Զգացողութիւն ունեմ, որ առանց յեղափոխութեան, իշխանափոխութեան ու իրական ժողովրդավարութեան, յոգնել ենք յեղափոխութիւնից էլ, ժողովրդավարութիւնից էլ: Պայքարող քաղաքացու վերջին ծիլերն էլ են մարում կամ բթանում», ասում է նա:
ՀԱՐՑ.- Տիկին Գալստեան, եռեակի գործողութիւնների նպատակը երկրում փոփոխութիւններն են: Տեսնո՞ւմ էք նման անհրաժեշտութիւն, հասկանո՞ւմ էք քաղաքական ուժերի շարժառիթները: Եթէ այո, ապա ինչո՞վ էք բացատրում այս յապաղումը:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Յստակ է՝ Հայաստանը կառավարման այսպիսի որակներով, պետական ինստիտուտների կայացման այս մակարդակով, տնտեսական ու սոցիալական ներկայ վիճակագրութեամբ հեռանկար չունի: Յստակ է, որ արմատական փոփոխութիւններ են անհրաժեշտ յատկապէս կառավարման արդիւնաւէտութեան ու փիլիսոփայութեան, երկրի հեռանկարի ռազմավարութեան համատեքստում: Մենք այլընտրանքներ չենք ծրագրում: Մենք խայտառակ կերպով ձախողուել ենք հէնց երկրի կառավարման ինստիտուտներում: Կառավարման անարդիւնաւէտ մոդել ենք որդեգրել, դրա համար էլ պարտութեան իներցիան շարունակ ուղեկցում է մեզ ու դրդում իրավիճակային որոշումներ կայացնել: Այլընտրանքը միայն աշխարհաքաղաքական կողմնորոշումներին չի վերաբերում, այլ առաջին հերթին ներքին կեանքին, պետականութեան ներքին իմունիտետների զօրացմանը: Մեզ տրուած թանկ ժամանակը՝ հետանկախութեան ժամանակը, անարդիւնաւէտ օգտագործեցինք: Վատնել ենք բոլոր շերտերով՝ մարդկային, արժեհամակարգային, ինստիտուցիոնալ: «Մենք» ասելով նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր 24 տարի շարունակ Հայաստանում դերակատար էին, Հայաստանի քաղաքական բեմի խաղացող էին, ովքեր քաղաքական պատասխանատուութիւն ունէին: Բոլորս մի շղթայի տարբեր օղակներն ենք, եւ որեւէ մէկը չի կարող քաղաքական պատասխանատուութեան իր բաժնից խուսափել, ինչպէս նաեւ քաղաքական երջանկութիւն ապրել այն մտքից, որ այս պահին իշխանութիւն չէ:
Եւ եթէ մենք այսօր մեր կարողութիւնները, մեր ներուժը, մեր քաղաքական հնարաւոր պոտենցիալը չհամախմբենք յանուն Հայաստանի, մենք էլի մնալու ենք դատապարտուածութեան եւ հիւծիչ մաշումի այս ճանապարհին՝ մանաւանդ սրընթաց բեւեռացող աշխարհում:
Աւաղ, այսօր իրավիճակը, երկրի ընթացքը փոխելու շօշափելի ձեռագիր ու մարտավարութիւն չեմ տեսնում:
Իսկ երկիրն ու իշխանութիւնը փոխելու բոլոր չհասունացած մեկնարկները մի քանի քայլ հետ են տանում թէ՛ երկիրը, թէ՛ յուսախաբութեան եւ չարդարացուած սպասումների նոր ալիք բարձրացնում հասարակութեան մէջ: Զգացողութիւն ունեմ, որ առանց յեղափոխութեան, իշխանափոխութեան ու իրական ժողովրդավարութեան, յոգնել ենք յեղափոխութիւնից էլ, ժողովրդավարութիւնից էլ: Պայքարող քաղաքացու վերջին ծիլերն էլ են մարում կամ բթանում:
Գիտէք, վերջին շրջանում գնալով ամրապնդւում է համոզումս, որ տարբեր քաղաքական ուժերի մէջ պետական մտածողութեամբ պրոֆեսիոնալներ կան, եւ միթէ՞ անկարելի է համապատասխան քաղաքական միջավայր եւ մթնոլորտ ստեղծել ու այս էներգիան օգտագործելու յանուն Հայաստանի:
Այս մտածումս գուցէ քաղաքական ռոմանտիզմի շարքից է, բայց ակներեւ է չէ՞, որ Հայաստանում այլընտրանքի բացակայութիւնը անյաղթահարելի նահանջներ է արձանագրում: Ընդհանրապէս, մենք պէտք է կարողանանք արժեւորել, տեսնել մարդկանց, ովքեր ունակ են Հայաստանն այս փոսից հանելու:
ՀԱՐՑ.- Եղել են չէ՞ կոալիցիոն կառավարութիւններ, ի՞նչ են դրանք տուել Հայաստանին:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Եղել են, բայց խաղի կանոնները հաւասար ու մինչեւ վերջ յստակեցուած չեն եղել: Միգուցէ, քաղաքականութեան մէջ անկեղծութեան եւ բարոյականութեան մասին խօսելը միամտութեան շարքից է, բայց կարծում եմ, որ ամէնից շատ մեր քաղաքական դաշտին պակասում է անկեղծութիւնը, բարոյականութիւնն ու պատասխանատուութիւնը: Համ էլ մեր շուրջը սեղմուող օղակը արտակարգ լուծումներ է պահանջում:
ՀԱՐՑ.- Առողջացման բանաձեւ էք համարում բոլոր ուժերից կազմաւորուած կոալիցիա՞…
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ինչո՞ւ ոչ, կարելի է նաեւ համախոհական իշխանութեան այլ ձեւաչափ մտածել, եթէ, ի հարկէ, իրավիճակին սթափ գնահատական տալու քաղաքական խոհեմութիւն ունենք: Մի բան յստակ է, որ երկրում ընտրութիւններն իշխանութիւն ձեւաւորելու իրական գործիք չեն եղել: Եւ հէնց այս պատճառով իշխանութիւնները միշտ խոցելի են իրենց բարոյական լեգիտիմութեամբ: Միթէ՞ հնարաւոր չէ հասկանալ, որ այսպէս ձեւաւորուած իշխանութիւնը զօրու չէ պետութեան համար դեղատոմսեր, ինչ անելու շուրջ բանաձեւեր մշակել: Շատ յաճախ մշակում էլ են, բայց դրանք կեանքի չեն կոչւում, որովհետեւ, նախ՝ հանրային համախոհութիւն չեն կարողանում ապահովել, եւ յետոյ՝ բաւարար քաղաքական կամք չկայ:
ՀԱՐՑ.- Ասուածի համատեքստում արդարացի, ճի՞շդ կը համարէիք ձեր գործընկեր Արա Նռանեանի հնարաւոր նշանակումը Վաչէ Գաբրիէլեանի տեղակալի պաշտօնում: Մամուլում ոչ միայն այս հնարաւոր նշանակման մասին է խօսւում, այլ նաեւ, որ Դաշնակցութիւնը հնարաւոր է՝ մտնի կոալիցիա: Եւս մէկ դիտարկում. ՀՅԴ խմբակցութիւնը հանդէս եկաւ կոնկրետ այդ բռնարարքները դատապարտող նիստում ՀՀԿին համահունչ, նրանց հետ միակերպ:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ճիշդն ասած՝ վստահ եմ, որ Արա Նռանեանը Վաչէ Գաբրիէլեանի տեղակալ չի նշանակուելու, իսկ ինչ վերաբերում է կոալիցիային… կարծես թէ նախորդ միտքս նրա շուրջ էր, որ այսօր յանուն Հայաստանի մենք պարզապէս պարտաւոր ենք շատ հարցերում մոբիլիզացնել եւ արդիւնաւէտ օգտագործել մեր ներուժը, եթէ դա Հայաստանի Հանրապետութեանը պիտի օգտակար լինի: Իսկ մեր՝ կոալիցիա մտնելու մասին խօսակցութիւնները հիմք չունեն, պարզապէս, որովհետեւ այդպիսի որոշում չունենք:
Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի՝ այս երկու օրերի սկանդալին, ապա կարծում եմ՝ քաղաքական մեծամասնութիւնն ինքը պէտք է այնքան խոհեմութիւն ունենար, որ նիստը սկսէր 131ից 1ի, նոյնն է, թէ առհասարակ խորհրդարանի նկատմամամբ բռնարարքը քննարկելով: Ընդամէնը պէտք էր մի քիչ քաղաքական շրջահայեացութիւն եւ արժանապատուութիւն ունենալ եւ իսկապէս նիստը սկսել այդ հարցով: Բայց շարունակ ինչ որ կծիկներ, պատճառաբանութիւններ… ո՞ւմ էր պէտք այդ աւելորդ սկանդալայնութիւնը:
Ցաւօք, յաճախ եմ բախւում այն փաստին, որ քաղաքականութեան մէջ անհատական գործօնը, տղայականութիւնը աւելի շատ է առաջնագծում, քան պետական մտածողութիւնը:
ՀԱՐՑ.- Սկանդալ ասելով նկատի ունէք Սէյրան Սարոյեանի ելո՞յթը: Ոմանք, ի դէպ, նաեւ այն անկեղծ որակեցին: Բայց, ի՞նչ էք կարծում, կա՞յ հրճուելու բան:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Սէյրան Սարոյեանի ելոյթն իսկապէս անկեղծ էր, այն մեր քաղաքական արժէքային համակարգի ու կենսափիլիսոփայութեան անկեղծ երեւակումն էր՝ միաժամանակ ե՛ւ լալու, ե՛ւ խնդալու: Գրեթէ ռենտգենեան բացայայտում էր, խոստովանութիւն: Գեներալի այս 8 րոպէանոց ելոյթում տեղաւորւում է մեր երկրի ողջ կենսափիլիսոփայութիւնն ու քաղաքական արժէքային համակարգը: Խորհրդարանում եւ դրսում շատերն էին հրճւում՝ իրենց տեսնելով, մի մասը, ով յոյսեր էր փայփայում, սին յոյսեր՝ ժողովրդավարութեան, ազատութեան, մարդու իրաւունքների, քաղաքական ինստիտուտների ու իրաւական երկրի մասին, խորը ընկճախտի մէջ յայտնուեց՝ հասկանալով, որ երկրի փիլիսոփայութիւնը հէնց էդպիսին է եւ վերջ:
Գեներալը մեղաւոր չէ, ինքը ուղղակի անկեղծութեան պահին ասաց այն, ինչ շատերը գիտեն, ինչպէս շատերն են մտածում: Խօսքը երկու ճշմարտութիւնների Հայաստանի մասին է:
Եւ, այնուամենայնիւ, հայհոյանքը՝ լինի Շմայսի շուրթերով, թէ ընդդիմադիր որեւէ գործչի՝ արգահատելի է: Նոյնքան արգահատելի է բռնութիւնը, ինչը մեր քաղաքական մշակոյթի անբաժանելի մասն է: