ԽՈՐէՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Առաջարկեցին:
Համաձայնուեցի:
Դեկտեմբերի 9, երեկոյեան ժամը 6:30:
Ժամը վեցին եղայ միութեան կենտրոնատեղիում, որպէսզի մինչեւ միջոցառման սկսուելը ընկերական ու բարեկամական զրոյց ունենամ ընթերցողներիս կամ այսպէս ասած՝ հրաւիրուած գրասէր հասարակութեան հետ:
Զգացի, որ աճապարել, շուտ եմ ժամանել: Բարձրացայ երրորդ յարկ, գրադարանի դուռը բաց էր, առաջին անգամն էի լինում նորակառոյց շէնքի նորաբաց գրադարանում: Տրամադրող սրահ, աւելի քան 150 աթոռ, հազարաւոր գրքեր…
Դահլիճի խորքում, դէպի պատշգամբ բացուող դրան մօտ, երեկոյի աւարտի համար համեստ սեղան՝ թխուածքներ, ջուր, որոնց աւելացան նաեւ սուրճն ու թէյը: Ինչպէս ես, նրանք եւս սպասեցին:
Պայմանաւորուած ժամը վեց անց կէսին, բացի ինձ հետ եկած երեք ընկերներից ու միութեան երեք թէ չորս գրչակից անդամներից, որոնք, ըստ երեւոյթին հիւրասիրութեան գողտրիկ սեղանի պատասխանատուներն էին, ուրիշ մարդ չկար… Չորս ներկաներս ակամայից ժողովուեցինք ու միաձայն, 4 կողմ, 0 դէմ, որոշեցինք կէս ժամ եւս սպասել:
Որոշումը արդարացուեց, յայտնուեցին նաեւ երկու հոգի:
Գրողների միութեան վարչութեան անդամ պարոն Նալբանդեանը անհանգստանալով՝ դիմեց ինձ.
– Խորէն ջան, ո՞վ է գլխաւոր բանախօսը:
– Չգիտեմ, երեկոն դուք էք կազմակերպել, ես ի՞նչ իմանամ: Զանգի՛ր միութեան վարչականներին, թերեւս նրանք տեղեակ լինեն:
Պարոն Նալբանդեանը մի քանի հեռախոսահամար հաւաքեց:
Ոչ մի արդիւնք:
– Լաւ, եօթն անց է, բացումը ես կ՛անեմ, գրքին ծանօթ եմ, կը փորձեմ ներկայացնել,- ասաց պարոն Նալբանդեանն ու բոլոր ութ հոգուն հրաւիրեց օգտուելու ցանկացած թափուր աթոռից, որպէսզի պաշտօնականացնենք Կալիֆորնիահայ գրողների միութեան կազմակերպած երեկոն:
Պարոն Նալբանդեանի յանպատրաստի խօսքում, բնականաբար շեղուելով նիւթից, շեշտը դրուեց «Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ» թեմային, ու քիչ թէ շատ երկարեց, ապա ստանձնելով վէպից դրուագներ ընթերցելու պարտականութիւնը եւս, փորձեց գեղարուեստական շունչ տալ երեկոյին:
Յայտարարուեց ազատ բեմ:
Իր տպաւորութիւններով հանդէս եկաւ ընկերներիցս պարոն Անդրանիկը, տեղից խօսք առաւ միւս ընկերս՝ Ժորժը, ապա ոտքի վրայ վէպի մասին իր կարծիքը յայտնեց բանաստեղծ-արձակագիր Գէորգ Քրիստինեանը, որից յետոյ ինը հոգու բուռն ծափահարութիւնների ներքոյ խօսքը տուին օրուայ հերոսիս, այսինքն ինձ՝ Խորէն Արամունուս:
Հակիրճ անդրադարձ կատարելով նոր վէպիս, խօսեցի հայրենի երիտասարդ գրողների, ի մասնաւորի արձակագիրների մասին, ապա շեշտը դրեցի յետ անկախացման շրջանի թարգմանչական գրականութեան փուլերի եւ զարգացման վրայ, վերջում շնորհակալութիւնս յայտնեցի թափուր աթոռներով լեցուն դահլիճին, որը անվճար տրամադրել էր Իրանահայ միութիւնը, յատուկ շնորհակալութիւններով երախտագիտութիւնս յայտնեցի նաեւ Կալիֆորնիայի հայ գրողների միութեան վարչութեան բոլոր անդամներին, երեկոն լաւագոյնս կազմակերպելու իրենց անմնացորդ աշխատանքների համար:
Առիթից օգտուելով, այս գրութեամբ, ուզում եմ խորին շնորհակալութիւնս յայտնել երեկոյի բոլոր ներկաներին, ընկերներիս՝ Վաչագին, Ժորժին, Անդրանիկին: Գրչակից քոյրերիս ու բարեկամներիս՝ Ֆլորա Սարեանին, Մարգարիտ Դերանցին, Պօղոս Գուբելեանին, Գէորգ Քրիստինեանին, Յովսէփ Նալբանդեանին եւ Վահէ Մեսրոպեանին…
Արդարեւ, երեկոն անցաւ նեղ շրջանակում, ջերմ մթնոլորտում, անկեղծ եւ օգտակար մտքերի փոխանակումներով: