ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Անահիտ Ներսիսեանը հայ դասական երգի բարձրարուեստ եւ լաւագոյն մեկնաբաններից է եւ հայ երգարուեստի պատմութեան մէջ պիտի գրանցուի որպէս այդպիսին: Դուք մեծ ծառայութիւն էք մատուցել եւ շարունակում էք մատուցել հայ դասական երգի անաղարտ կատարման եւ տարածման ասպարէզում: Հակիրճ՝ ձեր ստացած երաժշտական կրթութեան մասին, եւ ինչպիսին է ձեր մօտեցումը լաւ երգիչ դառնալու վերաբերեալ: Երաժշտական բնատուր տուեալներից բացի, ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ երգչին առաւելագոյն արդիւնքի հասնելու համար:
ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Երաժշտական կրթութիւնս ստացել եմ նախ Ռոմանոս Մելիքեանի անուան ուսումնարանում, ապա՝ Կոմիտասի անուան կոնսերվատորիայում: Ինչ վերաբերում է լաւ երգիչ դառնալու հանգամանքին, նշեմ, որ կրթութիւնը երգչին մարզում է միայն տեխնիկական խնդիրներում: Երգիչ դառնալու համար երգը պէտք է աշխարհընկալում դառնայ: Ես երգը մշտապէս ընկալել եմ որպէս երկու անձանց միջեւ երկխօսութիւն, աշխատել եմ իմ մօտեցումով չվիրաւորել մեծ երգարուեստին, որի մէջ մտնում են նաեւ խօսքարուեստը եւ ձայնային այն ելեւէջները, որ բխում են հոգուց: Եւ իւրաքանչիւր ֆալշ (աղաւաղում-Խմբ.), ոչ ազնիւ վերաբերմունք, կարող է աղարտել երգը եւ այդպէս փոխանցել յաջորդ սերնդին: Կարեւորում եմ երգիչ-կատարողի կողմից ճշգրիտ փոխանցման կէտը, որովհետեւ իւրաքանչիւր երգիչ երգի պաշտպանն է, յատկապէս՝ ազգային երգի:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Քանի որ նշեցիք պաշտպանի հանգամանքը, ապա ի՞նչ էք մտածում այսօրուայ հայ երգարուեստի մասին:
ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Ցաւօք սրտի, այն ոտնահարուած է այսօր տնտեսական, քաղաքական եւ այլ պատճառների բերումով, եւ մարդկային հոգին մոռացութեան է մատնուած: Երգարուեստի մէջ ճիշդ կողմնորոշուելու համար պէտք է կրթութիւն, բանիմացութիւն եւ ազգային գիտակցութիւն ունենալ: Մասնաւորաբար ժողովրդական երգը պէտք է առաւել դիմացկունութիւն ցուցաբերի քաղաքականութեան հանդէպ, ամուր պահի իր տեսակը:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Երգն, անտարակոյս, առնչւում է գրականութեան հետ, որը ոչ միայն երաժշտութեան, այլեւ արուեստի այլ ճիւղերի պարագայում եւս հիմնական դերակատարութիւն ունի: Ռուս մի մտածողի բնութագրմամբ, եթէ արուեստի ճիւղերը քոյրերի տեսքով պատկերացնենք, ապա գրականութիւնը նրանց աւագ քոյրն է: Ի՞նչ կ՛ասէիք այս հարցի վերաբերեալ:
ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Երգարուեստում, եւ ընդհանրապէս արուեստում, պէտք է բնաւորութիւն ունենալ, որպէսզի կարելիութիւն լինի դիմակայել արդի կարծրատիպ «արուեստին», որը բաւական խորը վնասել է իր համատարած անգրագիտութեամբ, անփոյթ վերաբերմունքով: Տեղին է նշել, որ ժամանակն է դաստիարակել «արուեստագէտ» կոչուածներին, թէ ինչ չի կարելի անել, ինչպէս մի քանի շաբլոն (սովորական դարձած-Խմբ.) խօսքերի հիման վրայ երգ կառուցել, բացառել երգի գրական հէնքը: Սա վիրաւորանք է հայ երգարուեստի, հայոց լեզուի եւ հայ գրականութեան հանդէպ: Խիստ հսկողութիւն է պէտք հեռուստատեսային ծրագրերի առնչութեամբ:
ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- 2015ը ցաւոտ է հայ ազգի համար նաեւ այն առումով, որ Հայոց Ցեղասպանութիւնից անցել է 100 տարի, եւ արդարութիւնը չի վերականգնուել: Այս տեսանկիւնից դիտուած, արուեստագէտները շատ անելիք ունեն: Փափաքս է տեսնել համահայկական Կոմիտասեան շարժում, աշխարհի որեւէ ծայրում՝ կ՛ուզենայի, որ Կոմիտասը հնչէր: Կոմիտասը հայ երգի անձնագիրն է, եւ համատարած բնոյթ պէտք է կրի նրա ստեղծագործութեան տարածումը: Հակառակ այն հանգամանքին, որ դասական երգարուեստի լսարանը փոքրացել է, չեմ կարող համարել, որ այն մեռնող ժանր է, ինչպէս չեն կարող մահանալ նկարչութիւնը, ճարտարապետութիւնը, գրականութիւնը եւ արուեստի միւս ճիւղերը: Կը գան, կը վերադառնան ժամանակներ, տնտեսական եւ քաղաքական իրավիճակը կը կայունանայ, իսկ մինչ այդ մեզ հարկաւոր են արուեստի պահապան զինուորներ: Մեր արդի կեանքում անհատականութիւնների պակաս կայ:
Այսօր կիսագրագէտները դարձել են մեր ժանանակի հերոսները, նրանք են թացն ու չորը խառնողները, նրանք են աղբ խառնում արուեստին, ներկայացնելով այն իբրեւ նորարարութիւն: Շատերն ուզում են զարմացնել, բայց ոչ հիացնել: Պէտք է վերականգնել արուեստագէտ պատրաստելու համակարգը, որի մէջ մտնում է կրթութիւնն իր ամբողջութեան մէջ: Մենք ունենք հրաշալի երիտասարդութիւն, եւ արուեստագէտը պէտք է աշխատի նոր սերնդի հետ, ուղղորդի նրան դէպի ճիշդ ճանապարհ, յանուն ազգային նկարագրի պահպանման:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Դուք առաջնակարգ երգչուհի էք եւ բազմաթիւ ելոյթներ էք ունեցել հայ եւ օտար բեմերում, զարդարելով այդ բեմերը ձեր ելոյթներով: Ձեր հակիրճ անդրադարձն այդ, նաեւ ապագայի, ծրագրերի մասին:
ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսարանի հրաւէրով «Ստէյփըլ» կենտրոնի մէջ, ֆուտբոլային խաղերից առաջ, 30 հազար հանդիսատեսի ներկայութեամբ կատարել եմ ԱՄՆի հիմներգը: 2008թ. միջազգային մրցոյթի ժամանակ, 500 մասնակիցների շարքում ստացել եմ առաջին մրցանակ, որն ինձ իրաւունք է տուել երգելու հռչակաւոր «Կարնեգի» համերգասրահում: Բազմաթիւ ելոյթներ եմ ունեցել Հայաստանում, ինչպէս նաեւ Գլենդելի սիմֆոնիկ նուագախմբի հետ: Շատ եմ ցանկանում երգել այն երգերը, որոնք ես եմ ուզում երգել, որը կարելի է անել անհատական համերգների միջոցով: Ծրագրում եմ յառաջիկայ ամիսներին, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ, ունկնդրին ներկայանալ այդպիսի մենահամերգով: