Charlie Hebdo-ն Ֆրանսիայի ամենամեծ ժողովրդականութիւն վայելող երգիծական հանդէսն է: Վերջին դէպքերի ժամանակ սպաննուած գլխաւոր խմբագիր Շտեֆան Գարբոլին աշխարհի ամենահանրաճանաչ եւ ամենալաւ վարձատրուող երգիծաբաններից էր: Հանդէսն իր գործունէութեան ընթացքում երբեւիցէ «լաւ» վերաբերմունք չի ցուցաբերել կրօնի նկատմամբ եւ մշտապէս ծաղրել է ոչ միայն մուսուլմաններին, այլեւ քրիստոնեաներին ու հրեաներին:
Հանդէսը Ֆրանսիայում ընկալւում էր որպէս ֆրանսիական յեղափոխութեան նախօրէին յատկապէս Մարիա Անտուանետին ծաղրող «սկանդալային բրոշիւրներ»ի աւանդութիւնների այսօրուայ կարեւորագոյն ներկայացուցիչ: (18րդ դարում այս բրոշիւրների թիրախում էին սեքսուալ սկանդալները թագաւորական ընտանիքների միջեւ, կոռուպցիան, իսկ այսօր՝ պահպանողական աջակողմեան քաղաքական գործիչները, ոստիկանութիւնը եւ բարձրաստիճան հոգեւորականները):
Թուրքիայում այս պարբերականը յայտնի դարձաւ յատկապէս այն ժամանակ, երբ 2006թ. հրապարակուեցին Մուհամեդ մարգարէի ծաղրանկարները: Խմբագրութիւնը, չվախենալով սպառնալիքներից, 2011թ. կրկին սկսեց Մուհամեդ մարգարէի ծաղրանկարների հրապարակումը, որից յետոյ նրա դէմ մոլոտովեան կոկտէյլներով յարձակումներ տեղի ունեցան: Հանդէսը շարունակեց իր խիզախ ոճը եւ նոյնիսկ 2012թ., երբ աշխարհում քննարկւում էր «Մուսուլմանների անմեղութիւնը» ֆիլմը, այս անգամ էլ տեղ տուեց Մուհամեդի մերկ ծաղրանկարների հրապարակմանը:
Վերջերս հանդէսը մեծ տեղ էր տալիս «Իսլամական պետութեան»՝ ISIS-ի թեմային:
Charlie Hebdo-ն միշտ պայքարեց մամուլի եւ խօսքի ազատութեան համար, եւ միլիոնաւոր մարդիկ աջակցեցին նրան հէնց այս նպատակով: Ուստի տեղի ունեցածը Արեւմուտքի համար, անկասկած, ընդունուեց որպէս ոճրագործութիւն մամուլի եւ խօսքի ազատութեան դէմ:
Այս պահին եւրոպական բոլոր պարբերականները եւ արեւմտեան կառոյցները դատապարտում են «յանուն իսլամ»ի տեղի ունեցած յանցագործութիւնը, սակայն դեռեւս ոչ մի մուսուլմանական պետութիւն կամ իսլամական կառոյց համապատասխան դատապարտող ելոյթով կամ յայտարարութեամբ հանդէս չի եկել:
Գնալով մեծանում է Արեւմուտք-Իսլամ անջրպետը, քանի որ նման ահաբեկչական գործունէութիւնն ամէնից առաջ մուսուլմանները պէտք է դատապարտէին:
ԻՆՉ Է ԱՍՒՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում կրօնական ուղղուածութիւն ունեցող թերթերը գրում են. «Մեր մարգարէ էֆենդիի նկատմամբ անյարգալից վերաբերմունք ցոյց տուող հանդէսի վրայ են յարձակուել»: Ենթագիտակցութեան մէջ ներարկում են «արժանի էին կամ իրենց հասնում էր» միտքը: Նման թերթերի համար գրող լրագրողները նոյնիսկ սոցցանցերի իրենց անձնական հաշիւներում չեն թաքցնում հպարտութիւնը եւ կոչ են անում թուրքական որոշ ծաղրանկարիչների դաս առնել կատարուածից:
Մի կողմ թողնենք Թուրքիայի պահպանողական գրողներին: Նոյնիսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաւուշօղլուն, իր այսպէս կոչուած «դատապարտող» ելոյթը սկսեց խօսքերով, որ «Եւրոպայում օրեցօր աճում է իսլամատեացութիւնը, պէտք է պայքարել դրա դէմ, եւ Եւրոպայի թշնամական վերաբերմունքն է, որ մարդկանց մօտ զայրոյթ է առաջացնում, պէտք է դրա մասին էլ մտածել»: Սրանով արտգործնախարարը, կոպիտ ասած, կրկին շեշտում է այն միտքը, որ եւրոպացիներն էլ պակաս չեն: Համանման մտքեր արտայայտեց նաեւ նախագահ Էրդողանը թուրք դեսպանների ամէնամեայ հաւաքի ժամանակ: Ժխտողականութեան քաղաքականութեանը միացան իսլամիստ քաղաքագէտներն ու փորձագէտները, որոնք դէպքը սկսեցին բացատրել որպէս միջազգային գերտերութիւնների խաղեր, Եւրոպայում իսլամն արժէզրկելուն ուղղուած սադրանք, իսրայէլեան դաւադրութիւն: Նոյնիսկ որոշ «ամենագէտներ» դէպքը բացատրում են միջազգային հաւասարակշռութեան ռազմավարական պլաններով:
Այո, Եւրոպայում աճում է իսլամատեացութիւնը, որն ունի նաեւ որոշակի պատճառներ. Սեպտեմբեր 11ի դէպքերը Ամերիկայում, Թալիբանի արիւնարբու գործողութիւններն Աֆղանստանում եւ Պակիստանում, ISIS-ի դահիճները եւ համացանցում տարածուած սարսափ տեսանիւթերը, ինչպէս նաեւ մինչ օրս չինտեգրուող եւ ինտեգրուելու ցանկութիւն չունեցող հազարաւոր մուսուլման միգրանտները Եւրոպայում…
Յատկապէս Սառը պատերազմի ժամանակ գերտերութիւնների կողմից օժանդակութիւն ստացան ահաբեկչական եւ նաեւ իսլամական խմբաւորումները, սակայն չպէտք է մոռանալ, որ դա միշտ եղել է փոխադարձ համագործակցութեան առկայութեամբ, որոնք մեծանալով եւ ազդուելով տարբեր քաղաքական եւ ֆինանսական հոսանքներից՝ դարձել են Ալ Քաիդա, ISIS եւ այլն:
Այս պահին իրատեսական եւ ազնիւ չէ ասել, որ այս ահաբեկիչները չեն ներկայացնում իսլամը, եւ այս ամէնն Արեւմուտքի խաղերն են: Իսլամիստական հոսանքը ինչքան էլ փորձենք դիտել բռնաճնշումների դէմ պայքարի տեսանկիւնից, պէտք է խոստովանել, որ այս պահին իսլամիստներն Արեւմուտքի դէմ կռւում են կուրօրէն, գիտելիքների սահմանափակ շրջանակներում եւ նաեւ կեղտոտ քաղաքական խաղերի մէջ թաթախուելով: Այսօր իսլամ դաւանողների մի մասը ճնշուածութեան եւ բարդոյթների պատճառով դարձել է Արեւմուտքի կոյր սիրահար՝ հեռանալով ինքնութիւնից, իսկ միւս մասը յայտնուել է գնալով բարձրացող մութ կատաղութեան մէջ: Այս վերջինների արմատականութիւնը ծնում է դժբախտութիւններ, ինչպէս Յունուարի 7ինը:
Միգուցէ ճիշդ է՝ այս ահաբեկիչները իսկական հաւատացեալներ չեն, իսկական իսլամական հաւատքը մարդասէր է, մաքուր, միաւորող: Այդ դէպքում պէտք է «իսկական մուսուլմաններ»ի կողմից պատշաճ ձեւով դատապարտուի «յանուն իսլամ»ի ահաբեկչութիւնը, հակառակ դէպքում Թուրքիայի արտգործնախարարի ահաբեկչութեան մասին ասած անհեթեթ խօսքերը յիշեցնում են թուրքական կիսապաշտօնական մօտեցումը Հայոց Ցեղասպանութեանը. «Այո՛, այն թուականներին որոշ դէպքեր եղել են, բայց հայերն էլ իրենց մեղքի բաժինն են ունեցել»:
«ՍԻՎԻԼՆԷԹ»