Անկիւններից Լսում Էին Նրանք՝ Մեծացող Փոքրիկները…
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ամէնուր են յոբելենական տարեթուերը:
Լարք Երաժշտական ընկերակցութիւն, «Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշար, 10րդ յոբելենական տարի, 3րդ համերգ, որ կայացաւ Յունուարի 18, 2015ին, Կիրակի, կէսօրից յետոյ ժամը 3ին, իր մնայուն կայավայրում՝ «Քոլբըրն» երաժշտական դպրոցի «Զիփըր Հոլ» համերգասրահում:
«Խորը Յուզմունք» խորագրով համերգում, միջազգային ճանաչում ունեցող երաժիշտները մէկտեղուել էին «Դիլիջան»ի վարպետ կատարողների հետ եւ հանրութեան էին ներկայանում դասական երաժշտութեան ծրագրով՝ հնչեցնելով նոր գործերի համաշխարհային առաջին կատարումներ:
Համերգը իւրայատուկ էր, իսկ կատարուող գործերի հեղինակների ներկայութիւնը դահլիճում՝ պատմական երեւոյթ:
Այն սկսուեց Արթուր Աւանէսովի «Ես չեմ զղջում» (2010թ.) ստեղծագործութեամբ (առաջին կատարում ԱՄՆում)՝ գրուած ջութակի (Մովսէս Պօղոսեան) եւ թաւջութակի (Քարէն Ուզունեան) համար: Այստեղ չենք լսում ժամանակակից երաժշտութեան կտրտուածութիւն ու արտառոց թռիչքներ: Իրարից ոչ շատ հեռու գտնուող ձայների միջեւ կատարւում է երկխօսութիւն. ջութակի շարունակական, պարզ դարձուածքով, բներգի վրայ թաւջութակը զարգացնում է իր ուրոյն երաժշտութիւնը եւ կատարւում է նաեւ հակառակը: Այս սկզբունքով կառուցուած «բանավէճը» գործիքները հասցնում է այնպիսի լարուածութեան, որ թւում է, թէ լսում ես լարային գործիքների մի ողջ խումբ: Իսկ ինչպէ՛ս էր ունկնդրում հեղինակ Աւանէսովը՝ իր հիացումը արտայայտելով կատարման աւարտի ծափողջիւններով:
Շարունակւում են Աւանէսովի յօրինումները, ներկայանում է դաշնակահար Արթուրը՝ անպաճոյճ, բնական, գրուած գործերը կատարման պահին իսկ դարձեալ վերածնելու կարողութեամբ: Նրա կատարմամբ հնչում են «Feux follets»ի չորրորդ շարքից չորս կտորներ, որոնք ներկայանում էին որպէս համաշխարհային կամ ամերիկեան առաջին ունկնդրութիւն: Այս գործերը ունէին մեկնակէտեր՝ կա՛մ պօէմից մեջբերում, կա՛մ ամերիկեան ժողովրդական երգի հենք, կա՛մ դաշնամուրային յայտնի գործի մշակում, կամ էլ կոմիտասեան հայկական երաժշտութեան ներկայութիւնը:
Առաջին բաժինը ամբողջանում էր G. Enescu-ի ջութակի եւ դաշնամուրի համար գրուած «թիւ 3 Սոնատ»ով (Մովսէս Պօղոսեան, Արթուր Աւանէսով): Էնեսքու ընտանիքի 12 զաւակներից կենդանի մնացած միայն մէկը՝ æորջը, 4 տարեկանում ազգային երաժշտութիւնը լսողութեամբ նուագել սկսած՝ պիտի դառնար այն երաժիշտը, որ 1926ին գրէր այս «Սոնատ»ը՝ ռումինական ազգային երաժշտութիւնը իւրայատուկ ոճով արտայայտելու կոչուած այս գործը, նոյնիսկ առանց փոխ առնելու ազգային որեւէ մեղեդի: Պօղոսեան-Աւանէսով երկեակը, իր տիրապետած գործիքների քաջահմուտ կատարումներով դարձաւ հեղինակի միտքերի արտայայտիչը:
Համերգի ընդմիջումից յետոյ, բեմը տրամադրւում էր ջութակին (Վարդի Մանուէլեան) եւ վիոլային (Քիմ Քաշքաշեան)՝ ներկայացնելու համար Տիգրան Մանսուրեանի «Իմ պարողները» ստեղծագործութիւնը: Հեղինակը նշում է. «Իմ «պարողները» լեռների բնակիչներն են: Երբ նրանք պարում են, դարձնում են իրենց մէջքը լեռների կատարներին՝ իրենց աչքերի առջեւ ունենալով անսահման տարածութիւնները… Նրանց պարը մարմնաւորում է այդ տարածքները կոխկռտելու եւ բոլորելու ուրախութիւնը: Նրանք համարում են իրենց այդ տարածքների աշխարհակալները»: Հէնց դա է վկայում երկու գործիքների թափով մուտքը երաժշտութեան սկզբից եւեթ: Դարձեալ դահլիճում է հեղինակը՝ իր համեստ ներկայութեամբ:
Համերգը եզրափակւում էր Մենդելսոնի «թիւ 2 Լարային կուինտետ»ով. ջութակ՝ Վարդի Մանուէլեան, Մովսէս Պօղոսեան, վիոլա՝ Քիմ Քաշքաշեան, Խուան Միգել Հերնանդեզ, թաւջութակ՝ Քարէն Ուզունեան:
Քառամաս դասական այս գործում իրար էին յաջորդում մասերը.
1. Allegro vivace (տեխնիկական հմտութիւն),
2. Andante scherzando (պայծառ շարժում),
3. Adagio e lento (նուիրաբերման երաժշտութիւն), եւ
4. Allegro molto vivace (եզրափակման խանդավառութիւն):
Այս ելոյթը դարձեալ եկաւ հաստատելու «Դիլիջան»ի արուեստագէտների թէ՛ երաժշտական, թէ՛ կատարողական վարպետութիւնը։
Ունկնդիրը գոհ էր եւ բաւարարուած: Կար նաեւ գրեթէ աննշմարելի մի երեւոյթ. անկիւններից լսում էին նրանք՝ մեծացող փոքրիկները… Սրահի աջ եւ ձախ կողմերում, իրենց փոքրիկ գլուխները յենած պատշգամբի եզրերին՝ կիսամութ դահլիճի խորհրդաւորութեան մէջ համերգին հետեւում էին Հերմինէն, Արթուրը, Ալեքսանտրը, Նանորը, Տիգրանը, Օշինը, «Լարք»ի աշակերտները, նոյնիսկ՝ փոքրիկ Ուիլեըմիկը։
Թրծւում էր գալիքը, մեր ապագա՛ն: