Յունուարի 30ին կայացել է Մոսկուայի մարզի Պուշկինօ շրջանի հայ համայնքի պաշտօնական բացման արարողութիւնը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին:
Պուշկինի շրջանում գործող հայկական ազգային մշակութային ինքնավարութիւնը, որի հիմնադիրներից է Արշակ Գրիգորեանը, արդէն աւելի քան մէկ տարի հարիւրաւոր հայերի համար դարձել է երկրորդ տուն եւ երկրորդ հայրենիք:
Անցած 1 տարուայ ընթացքում հայ համայնքն արձանագրել է մի շարք ձեռքբերումներ՝ մասնակցել է բազմաթիւ բարեգործական միջոցառումների, իրականացրել ծրագրեր, համախմբել հայ ընտանիքներին եւ նրանց երեխաներին՝ հայկական կիրակնօրեայ դպրոցի աշխատանքներում (դպրոցն անվճար է եւ ուսուցանում է հայոց լեզու, հայ գրականութիւն, հայոց պատմութիւն):
Միջոցառման ընթացքում հանդէս եկան հայկական ինքնավար մշակոյթային կենտրոնի սաները եւ կիրակնօրեայ դպրոցի աշակերտները՝ բռնելով միասնական շուրջպար, կատարելով հայկական երգ-երաժտութիւն: Ելոյթներ ունեցան նաեւ Պուշկինոյի քաղաքապետ Մարգարիտա Սմայլովսկայան, Իւանտէեւկայի փոխքաղաքապետը, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Թադեւոսը, հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորեանը, պաշտօնատար այլ անձինք:
Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Թադեւոսը Տէրունական աղօթքով սկսեց իր ելոյթը, ապա ներկաներին փոխանցեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի օրհնութիւնը։ «Մեր հայրենիքից հեռու ստեղծել էք մի նոր հայրենիք, ուր պիտի հնչի հայոց երգը, պարը: Այս գործը սուրբ է, որովհետեւ հայապահպան եւ ազգանուէր է», շեշտեց տէր Թադեւոսը:
«Հայկական կիրակնօրեայ դպ-րոցն այս 6 ամիսների ընթացքում կազմաւորել է դպրոցական դասարաններ՝ հաշուի առնելով աշակերտների տարիքային եւ կրթական առանձնայատկութիւնները, ձեւաւորել է պարի եւ երգի խմբակներ, ունի մանկավարժական յստակ կազմ, մանկավարժական խորհուրդ եւ առաջնորդւում է մշակուած ծրագրերով», իր ելոյթում նշեց դպրոցի տնօրէն Ազնիւ Պարոնեանը եւ յաւելեց. «Սիրելի աշակերտներ, առանց ձեզ, առանց ձեր աջակցութեան՝ դպրոցում եւ համայնքում ոչինչ իրագործել հնարաւոր չէ: Դուք էք ուժը, որ ձեր համախմբուածութեամբ օտար ափերում պահպանում էք հայ գիրն ու գրականութիւնը՝ դրանով նպաստելով հայի ինքնութեան յարատեւմանն ու շարունակականութեան ապահովմանը: Ուզում եմ այս յաղթական բեմահարթակից շնորհակալութիւնս յայտնել ռուս ժողովրդին՝ մեզ այս հնարաւորութիւնն ընձեռելու համար, ՀՀ սփիւռքի նախարարութեանը՝ յանձին նախարար տիկին Հրանոյշ Յակոբեանի՝ մեզ քաջալերելու եւ օժանդակելու համար, Արշակ Գրիգորեանին՝ ինձ այս լիազօրութիւնները վստահելու համար եւ ի հարկէ ձեզ, իմ յարգելի սաներ եւ ձեր ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամէնի իրականացման համար», ասաց Ազնիւ Պարոնեանը:
Հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորեանի խօսքով՝ «Համայնքն ապահովում եւ իրականացնում է իր առջեւ դրուած առաքելութիւնը՝ նոր սերնդի հայ ինքնութեան պահպանման եւ հայեցի դաստիարակութեան, խնդիրներ ունեցող հայ ընտանիքին կարեկից ու աջակից լինելու գաղափարները: Այս միջոցառումը փաստեց, որ հայ եւ ռուս ժողովուրդները, ուս ուսի տուած, բարեկամաբար կարող են համատեղ ծրագրեր մշակել, իրականացնել դրանք, ստանալ աջակցութիւն… Այս միջոցառումը վերահաստատեց, որ հայը կարող է հպարտօրէն ներկայացնել իր մշակոյթն ու շնորհը ողջ տարածաշրջանին՝ ըմբոշխնելով իր աշխատանքի արգասիքները»։
Հանդիսաւոր միջոցառման ընթացքում ելոյթ ունեցան նաեւ «Հայորդիք» եւ «Կիլիկիա» պարային համոյթները, վիրտուոզ ջութակահար Վարդան Մարկոսը, երգիչ Մարտ Բաբայեանը, երգչուհի Մարգարիտա Պզոյեանը եւ այլք: Միջոցառման հանդիսավարներն էին Աննա Դաւթեանը եւ Անդրէյ Միրզոյեանը:
ՌԴ ՄՈՍԿՈՒԱՅԻ
ՄԱՐԶԻ ՊՈՒՇԿԻՆՕ ՇՐՋԱՆԻ
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ