
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Աւանդականի ու ժամանակակիցի ներդաշնակ համադրումը հնարաւոր է դարձել շնորհիւ Չօլաքեանների որդու՝ Միհրան Չօլաքեանի, ով սիրով միանում է ծնողների ստեղծած գործին եւ կնոջ՝ Ռոզալիի հետ միասին նոր շունչ հաղորդում աշխատանքներին: «Ծնողներիս նուիրուած աշխատանքի արդիւնքում, «Կարուսել»ը դարձել է հայ ու նաեւ այլազգի յաճախորդների ամենասիրուած ճաշասրահներից, եւ շատ հպարտ եմ ծնողներիս ներդրումով: Այսօր, մեր ընտանիքը, նաեւ ի նշան երախտիքի, հանրութեանն է ներկայացնում Հոլիվուդի սրահը նորացուած, առաւել ընդարձակ ու նոր գոյներով: Թէեւ մեր ճաշացանկը շատ բազմազան է, այդուհանդերձ շարունակում ենք յաւելել եւ այսօր առաջարկում ենք նաեւ նոր ուտեստներ, այդ թւում՝ բաստուրմայով բէօրեկ, մանթի», տեղեկացնում է Միհրան Չօլաքեանը:
Հայկական, լիբանանեան եւ միջին արեւելեան կերակրատեսակների լաւագոյն ընտրանին ներկայացնող «Կարուսել»ից տարիներ շարունակ օգտուող յաճախորդների համար գրաւիչ է այն հանգամանքը, որ նորամուծութիւնների կողքին միշտ կարելի է պատուիրել նաեւ տարիներով սիրուած ուտեստներ: «Մենք նախընտրում ենք «Կարուսել»ը, քանի որ երեսուն տարուց աւելի օգտուելով այս ճաշասրահից, միշտ զգում ենք մեր սիրած համերը եւ ճաշակում սիրուած ուտեստները: Այստեղ իւրաքանչիւր կերակուր շատ զգուշութեամբ ու սիրով է պատրաստւում, եւ արդիւնքում շատ համեղ է ու հաճելի: Նաեւ կայ սպասարկման բարձր որակ, եւ ընտանեկան ջերմ միջավայր: Մաղթում ենք, նոր յաջողութիւններ «Կարուսել»ի մեր սիրելի հիմնադիրներին», նշում են մշտական յաճախորդներից Դայանէ Արթունեանն ու Մարգարեթ Քեչեջեանը: «Կարուսել»ի մասին նոյն հիացմունքով են արտայայտւում նաեւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: «Կարուսել»ը, կարծում եմ ծանօթ է բոլոր հայերին, այստեղ գոնէ մէկ անգամ հիւրընկալուել է մեր համայնքի իւրաքանչիւր անդամ: Բացի այն, որ այստեղ հաճելի է ժամանակ անցկացնել, ես միշտ գտնում եմ իմ ամենասիրած ճաշատեսակները՝ բեօրեկն ու կարմիր ոսպի ապուրը, մուհամարան ու հումոսը», անկեղծանում է Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար Արդի Քասախեանը:
Հոլիվուդի «Կարուսել»ը նաեւ դարձել է այս քաղաքի դիմագիծը ներկայացնող վայրերից: Սա էին վկայում Կալիֆորնիայի նահանգային Սենատի նախագահ Քեւին Դէ Լէոնի եւ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օֆերելի կողմից երախտագիտութեան պատուոգրերը, որոնք տօնական ձեռնարկի ժամանակ յանձնուեցին հիմնադիրներին: «Փոքր Հայաստանի սրտում գործող «Կարուսել»ն իր առանձնայատուկ տեղն ունի Հոլիվուդում: Մեծ ուրախութեամբ եմ այսօր բերել Քեւին դէ Լէոնի ուղերձն ու լաւագոյն մաղթանքները շատ սիրուած ճաշասրահի վերաբացման առիթով Չօլաքեան ընտանիքին», նշեց Լէոնի ներկայացուցիչ Պայծառ Թովմասեանը:
«Կարուսել» ճաշասրահը յիրաւի կարելի է համարել Հոլիվուդի խորհրդանիշներից, միաժամանակ՝ վայր, որի հետ կապուած իւրաքանչիւր հայ ունի իր պատմութիւնը:
Congradulation on your 30th anniversery.