«ԱՍՊԱՐԷԶ»Ի ԷՋԵՐՈՒՄ՝ ԲԱՑԱՌԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԳՌՈՒԶԵԱՆ-ԶԱՔԱՐԵԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայկական կրթօջախ ունենալու մարտահրաւէրը Սան Ֆրանցիսկոյում եւ յարակից քաղաքներում հասունանում էր 1970ականների կէսերին՝ հայերի քանակի աւելացմանը զուգընթաց, ինչը պատուով ընդունեցին համայնքի նուիրեալները: 1980թ.ին, բարերարների, հայրենասէր անհատների համատեղ ջանքերով հիմնւում է Գռուզեան-Զաքարեան վարժարանը, որ անուանակոչւում է առաջին եւ ամենամեծ նուիրատուների՝ տէր եւ տիկին Գռուզեանների եւ Կարլ Զաքարեանի անունով: 33 աշակերտով իր աշխատանքները սկսած դպրոցը, հինգ տարի անց, եւս մէկ նուիրատուի՝ Հրաչ Դարբինեանի շնորհիւ ընդլայնւում է եւ վերանուանակոչւում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական՝ բարերարի նախնիների ծննդավայրի անունով: Կառոյցի ընդլայնումը թոյլ է տալիս նաեւ, որ որպէս նախամանկապարտէզ, մանկապարտէզ եւ մի քանի դասարաններ ունեցող կրթօջախը վերածուի լիարժէք միջնակարգ դպրոցի եւ աշակերտների թիւն աւելանայ:
Ազգայինի պահպանման այս կենտրոնի ստեղծման հիմքում, հաստատ կարելի է ասել, որ Սէրն էր, որ աւելի քան երեք տասնամեակ հաստատուն է պահում կրթութեան այս օջախը: Սէր առ անհատը, առ ազգայինը, առ գիտելիքը, առ համամարդկայինը: Այս արժէքներով է առաջնորդւում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական վարժարանը՝ արհեստավարժ ուսուցչական կազմի եւ տնօրէնների շնորհիւ դաստիարակելով հայ մանուկին, պատանուն ու երիտասարդին: Այս վարժարանի աշակերտների մեծամասնութիւնն ուսումը շարունակում է ամենահեղինակաւոր համալսարաններում, միաժամանակ, ամերիկեան կրթական տարբեր միութիւնների կողմից պարբերաբար մրցանակների են արժանանում կրթահամալիրի ուսուցիչները: 2015թ.ին, Կալիֆորնիայի միջնակարգերի միութեան՝ Տարուայ մանկավարժ մրցանակը տրուեց Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական տնօրէնուհի Գրէյս Անտոնեանին՝ գնահատելով կրթական բնագաւառում նորարարական եւ առաջադիմական միջոցներ որդեգրելու նրա ջանքերն ու աշակերտների շրջանում հայ մշակոյթի հանդէպ սէր ու յարգանք սերմանելու նրա քայլերը: «Այս դպրոցը հայ համայնքի ադամանդն է, նախ որ միակ հայկական վարժարանն է այստեղ, նաեւ՝ իր մթնոլորտով ու հայկականութեամբ», վարժարանի ներսում մեր պտոյտի ժամանակ պատմում էր Անտոնեանը: Նրա խօսքերը հաստատուեցին դպրոցում շրջայցի առաջին իսկ րոպէներից, երբ զգացուեց առանձնայատուկ՝ ընտանեկան մի ջերմութիւն, իւրատեսակ հոգածութիւն աշակերտի նկատմամբ եւ յարգանք՝ ուսուցչի: Դպրոցում գտնուելու ընթացքում, առիթ ունեցայ զրուցելու նաեւ ուսուցիչների, աշակերտների, ծնողների ու շրջանաւարտների հետ: Նրանց վերաբերմունքը կրթօջախի նկատմամբ ամբողջական դարձրին այս հաստատութեան մասին առաջին զգացողութիւնները:
***
ԳՐԷՅՍ ԱՆՏՈՆԵԱՆ.- Մենք նախամանկապարեզից մինչեւ ութերորդ դասարան մեր սաների համար ապահովում ենք բարձրորակ կրթական եւ մշակութային հիմք, ակադեմիական խստապահանջ միջավայր, համայնքի զգացողութիւն: Մեզ մօտ առաջարկւում է մրցակցային կրթական ծրագիր՝ իւրաքանչիւր աշակերտի նկատմամբ անհատական մօտեցման սկզբունքով: Վարժարանը հաւատարմագրուած դպրոց է, որի ԿԱ-8րդ դասարանի ուսումնական ծրագիրը համապատասխանում է Կալիֆորնիայի Կրթական վարչութեան ակադեմիական չափանիշներին: Դպրոցի մակարդակի մասին է խօսում այն փաստը, որ մեր աշակերտները բարձր գնահատականներով տեղափոխւում են աւագ դպրոց, եւ այնուհետեւ՝ դիւրութեամբ ընդունւում են հեղինակաւոր համալսարաններ: Գռուզեան-Զաքարեան-Վասպուրականի շրջանաւարտների մեծամասնութիւնը ուսումը շարունակում է, օրինակ Հարվարդում, Սթենֆորդում, Բըրքլիում, Եու.Էս.Սի.ում, Եու.Սի.Էլ.Էյ.ում, Մասաչուսէթսի տեխնոլոգիական ինստիտուտւմ: Շատ հպարտ ենք մեր աշակերտներով, հպարտ ենք իրենց յաջողութիւններով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յաջողւո՞ւմ է բաւարար չափով հայկական ինքնութիւն «ներարկել» աշակերտներին:
ԳՐԷՅՍ ԱՆՏՈՆԵԱՆ.- Մեր վարժարանը միակն է ողջ շրջանում, եւ մեր ու համայնքի բոլոր ջանքերն ուղղուած են դպրոցի պահպանմանը: Այս կրթօջախի գոյութեան հիմնանպատակն է հայկական ոգու սերմանումը: Մեր կրթական ծրագրում առանձայատուկ ուշադրութիւն է յատկացուած Հայոց լեզուին եւ պատմութեանը: Այս առարկաների դասաւանդման համար կիրառում ենք տեխնիկական տարբեր նորարարութիւններ, որոնք առաւել ընկալելի են նոր սերնդի համար: Ամէն ինչ անում ենք, որ մեր աշակերտները երբ աւարտեն, ունենան այն սէրը հայկականի նկատմամբ, որ միշտ կ՛առաջնորդի նրանց դէպի ազգային նախաձեռնութիւններ: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ մեր աշակերտներից շատերն այսօր հայ համայնքի գործուն անդամ են, ներգրաւուած են հայկական տարբեր կազմակերպութիւններում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ազգային ոգին սնելու համար չափազանց կարեւոր է կապը հայրենիքի հետ: Ինչպէ՞ս էք լուծում այդ հարցը:
ԳՐԷՅՍ ԱՆՏՈՆԵԱՆ.- 2005 թուականին, Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական վարժարանը քոյր դպրոց դարձաւ Օշականի կրթօջախներից մէկի հետ: Դա տեղի ունեցաւ ԳԶՎի աշակերտների, նրանց ծնողների եւ ուսուցիչների՝ Հայաստան առաջին այցի առիթով: Միաժամանակ, մեր խումբը մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 90ամեակին: Այդուհետ որոշուեց, որ այցը պէտք է դառնայ աւանդական: Մեր աշակերտները շարունակեցին կապ պահել Օշականի իրենց հասակակիցների հետ եւ այստեղ դրամահաւաքներ անցկացրին իրենց հայաստանցի ընկերների դպրոցական կարիքները հոգալու համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ միջոցներով է յաջողում վարժարանը պահել նման մակարդակի
ԳՐԷՅՍ ԱՆՏՈՆԵԱՆ.- ԳԶՎն մշտապէս ունեցել է համայնքի աջակցութիւնը: Վերջին հինգ տարիներին կարողացել ենք մեր նիւթական բիւջէն հաւասարակշռուած պահել: Թէեւ աշակերտների ուսման վարձը բաւարար չէ, որ հոգանք բոլոր ծախսերը, սակայն կարողանում ենք զանազան ձեռնարկներով՝ դրամահաւաքի պարահանդէսներով, անհատների նուիրատուութիւններով լուծել այս հարցը: Մեր ձեռքբերումն եմ համարում այն փաստը, որ նիւթականի պատճառով երբեւէ ստիպուած չենք եղել դպրոցից հեռացնել որեւէ աշակերտի, եւ մեր դպրոցի դռները միշտ բաց են եղել բոլոր հայ աշակերտների համար՝ անկախ նրանց վճարունակ լինելու հանգամանքից: Ամէն տարի ունենում ենք որոշակի թուով աշակերտներ, ում կրթանպաստ ենք յատկացնում: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ թէեւ հայութեան շատ քիչ մասն է ապրում Սան Ֆրանցիսկոյում, որտեղ մեր դպրոցն է գործում, բայց ծնողներն այդուհանդերձ կտրելով երկար տարածութիւններ՝ իրենց զաւակներին բերում են ԳԶՎ, օրինակ Բըրքլիից, Պաուլօ Ալթոյից, եւ մինչեւ իսկ Մաունթեն Վիուից, որ բաւական հեռու է դպրոցից:
***
Ծնողների նուիրումը ԳԶՎում լիովին արդարացւում է: Ազգային այս վարժարան մուտք գործելու առաջին րոպէից, հայ թոթովախօս մանկիկին սովորեցնում են սիրել հայոց լեզուն: Մանկապարտէզի ուսուցչուհի Մարի Քարփանեանն ասում է, որ ստեղծում է իւրաքանչիւր փոքրիկի համար սիրելի միջավայր, որտեղ առաւել դիւրին է դառնում ուսուցանելը: «Երբեմն խմբում լինում են մանուկներ, ովքեր ոչ մի բառ չգիտեն հայերէն: Շատ ուրախ եմ լինում, որ տարեվերջին իմ սաները խօսում են իրենց մայրենի լեզուով»: Մի քանի դասասրահ այն կողմ հայոց պատմութեան դասն է, որտեղ 8րդ դասարանի աշակերտները Կիլիկեան թագաւորութեան մասին հարցերին անթերի հայերէնով պատասխանում են «սմարթբորդըր»ի միջոցով: Դպրոցում տեխնիկական նորամուծութիւններից է նաեւ Քինդըլ ընթերցիչը՝ գրքերը ելեկտրոնային տարբերակով կարդալու համար: Այն հնարաւոր է եղել ձեռք բերել եւ տրամադրել վարժարանի 6րդ, 7րդ, եւ 8րդ դասարանների աշակերտներին շրջանաւարտների միութեան կազմակերպած դրամահաւաքի արդիւնքում: «Քինդըլ հնարաւորութիւն է հազարաւոր գրքեր ունենալու մէկ փոքրիկ գործիքի մէջ եւ դիւրացնում է աշակերտի աշխատանքը: Սակայն մեր համար ամենակարեւոր նուաճումն այն է, որ մեր շրջանաւարտների օգնութեամբ կարողացանք Քինդըլի մէջ աւելացնել հայոց պատմութեան եւ կրօնի մասին գրքեր», տեղեկացնում է վարժարանի հանրութեան կապերի եւ դրամաշնորհների բաժնի աշխատակից, վարժարանի նախկին սան եւ շրջանաւարտների միութեան ներկայացուցիչ Մաթէոս Սենեքերիմեանը:
Յաջողութեան պատմութիւնները ԳԶՎի շրջանաւարտների դէպքում բաւական շատ են: Նաիրա Տէր Կիւրեղեանը երկրորդական վարժարանը բարձր առաջադիմութեամբ աւարտելուց յետոյ, ուսումը շարունակել է Բըրքլիում, այնուհետեւ՝ Հարվարդի իրաւաբանական դպրոցում, դառնալով իր ոլորտում ընդունուած մասնագէտ: Նա խոստովանում է, որ իր յաջողութեան ուղին սկսուել է ԳԶՎից. «Իմ կեանքում շատ մեծ դեր է ունեցել Ազգային վարժարանը: Երկրորդական հանրային վարժարանում ես ինձ միւսներից առաւել հանգիստ էի զգում, համարձակ, եւ դա պայմանաւորուած էր մի շարք հանգամանքներով՝ գիտելիքների պաշարով, որ ձեռք էի բերել ԳԶՎից, անհատական ջերմ մօտեցման արդիւնքում: Հայկական դպրոցն ինձ գերազանց էր պատրաստել ապագայի համար, եւ ես մրցունակ էի բոլոր առումներով: Իմ համար կարեւոր էր նաեւ այն, որ խորութեամբ տիրապետում էի իմ մշակոյթին ու պատմութեանը, ինչը հնարաւորութիւն տուեց ազգիս լաւագոյնս ներկայացնել օտարներին», հպարտութեամբ պատմում է Նաիրա Տէր Կիւրեղեանը եւ նշում, որ իր վառ յիշողութիւններն էլ կապուած են սիրելի կրթօջախի հետ: «Երբ գալիս եմ ԳԶՎ, կարծես տուն վերադառնամ», վարժարանի պատկերն ամբողջացնում է Նաիրան: