ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.– 29 Մարտի երեկոյեան, Արցախի հիւսիս արեւելեան դիրքերը պաշտպանող զօրամասի դիրքերուն վրայ կրակ բացուած է թշնամիին կողմէ, եւ իբրեւ հետեւանք նահատակուած է 1995ի ծնունդ Յովսէփ Սամսոնի Անդրէասեանը: Հայաստանի քննչական կոմիտէի տեղեկատուութեան եւ հասարակութեան հետ կապերու բաժինէն տեղեկացուցած են. «2015թ. Մարտի 29ի ժամը 15:20ի սահմաններում Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան Ն զօրամասի պահպանութեան տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տուեալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազէնից արձակած կրակոցից մարմնական վնասուածք է ստացել ժամկէտային զինծառայող, շարքային Յովսէփ Սամսոնի Անդրեասեանը: Զինհոսպիտալում վիրահատութեան ժամանակ՝ ժամը 17:45ի սահմաններում, Յովսէփ Անդրեասեանը մահացել է»:
Դէպքէն ետք ատրպէյճանական կողմը ապատեղեկատուութիւն կատարելով հաղորդած է, որ Լեռնային Ղարաբաղի մէջ բախումներ տեղի ունեցած են եւ հայկական կողմը հինգ զոհ տուած է։ Արցախի պաշտպանութեան բանակը հերքած է ատրպէյճանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատուութիւնները:
«Այսօր ադրբեջանական որոշ լրատուամիջոցների, մասնաւորապէս haqqin.az կայքի կողմից տարածուած տեղեկատուութիւնը, թէ իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետեւանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհուել, իրականութեանը չի համապատասխանում եւ հակառակորդի պրոպագանդայի վառ երեւակայութեան հերթական արգասիքն է:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրութեանը եւ վստահօրէն իրականացնում են իրենց առջեւ դրուած մարտական խնդիրները:
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորեանի մասին պատմող հաղորդագրութեանը, որում նա գոհունակութիւն է յայտնում Ադրբեջանում իր գտնուելու պայմանների վերաբերեալ, ապա դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թօզ են փչում միջազգային հանրութեան աչքերին՝ փորձելով իրենց սուլթանութիւնը ներկայացնել որպէս ժողովրդավարական երկիր, որտեղ յարգւում են բոլորի, այդ թւում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները:
Այն ինչ իրականութիւնը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախօսուն եւ թարմ օրինակը հէնց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արուած նկարահանումներն են եւ դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դէպքերի համար նախատեսուած միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի կոպիտ խախտում է», նշուած է Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութեան հրապարակած մամլոյ հաղորդագրութեան մէջ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.