ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Նկարիչ, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Վլադիմիր Աթանեանի կեանքն ու արուեստը փոխկապակցուած են այնքան ցայտուն ու արտայայտիչ, որ իր ստեղծագործական ճիւղաւորուած շարունակութիւնն են գտնում սաների մէջ: Նրա առօրեան արուեստն է ու իր հիմնադրած Աթանեան արուեստի դպրոցը: Հսկայական կենսագրութիւն ու ներդրում, շարունակական աշխատանք ու ջանք, սակայն այն թեթեւութեամբ ու սիրով, ինչպէս թելադրում է Աթանեան մարդու տեսակը, բարեսիրտ, ժպտադէմ, կատակասէր ու մեծահոգի: Կեանքի խոչընդոտները յաղթահարած մարդու իմաստացած հայեացքի տակից մանկական ժպիտը ցուցադրում է նրա մէջ ապրող երեխան ու մատնում, որ ինքն իր սաների ոչ միայն ուսուցիչն է, այլ նաեւ ընկերը: Աթանեանն իր իմաստութեամբ այն առանցքն է, որի շուրջ համախմբւում են ընտանիքը, սաները, ընկերները ու նրան գնահատողները:
Վլադիմիր Աթանեանը եօթանասունհինգ տարեկան է:
Հայ Առաքելական եկեղեցու Հիւսիսային Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ, առաջնորդարանի «Զօրայեան» սրահում անցկացուեց անուանի նկարչի յոբելեանական երեկոն:
Առաջնորդի գնահատանքի խօսքից յետոյ ընթերցուեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը եւ անուանի նկարչին յանձնուեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Նշենք, որ շքանշան յանձնուեց նաեւ նկարչի տիկնոջը՝ Իրինա Սրապիոնեանին:
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից անուանի նկարչին շնորհուեց Արշիլ Գորկու մեդալը: Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Եղիա Մանսուրեանը յոբելեարին յանձնեց մեդալը: Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայքլ Անտոնովիչը անձամբ գնահատագիր յանձնեց նկարչին: Պատուոգրեր յանձնուեցին նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆի ու Գլենդելի քաղաքապետարանի կողմից: Երեկոյի հանդիսավարն էր ՀՀ վաստակաւոր արտիստ Յովհաննէս Բաբախանեանը, ով մատուցեց նաեւ իր անակնկալը՝ Սայաթ Նովայի երգերի կատարումով: Ելոյթ ունեցան «Երեւան» հայրենակցական միութեան նախագահ Արկադի Բաղրամեանը, բանասէր, լրագրող Նաիրա Փելթեկեանը, Փոլետ Զարգարեանը։ Արուեստագէտ, ասմունքող Անահիտ Իշխանեանը արտասանեց իր ամուսնու՝ Վահրամ Հաճեանի բանաստեղծութիւնը, նուիրուած Վլադիմիր Աթանեանին: Բոլորն էլ նշեցին նկարչի անգնահատելի աւանդը հայ կերպարուեստի զարգացման գործում եւ ներդրումն այստեղ՝ մանկավարժական բնագաւառում: Ջերմ մթնոլորտին նպաստում էին նաեւ գեղարուեստական կատարումները:
Ցուցադրուեց նկարչի գործունէութեան մասին պատմող «Ոսկէ Սարդոստայն» (հեղ. Անահիտ Ադամեան) վաւերագրական ֆիլմը՝ պատրաստուած Երեւանի «Նոր արուեստ» ստուդիայում: Վերջում Վլադիմիր Աթանեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին եւ բոլոր նրանց, որոնց շնորհիւ տարիների ընթացքում կայացել է արուեստի վաստակաւոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կալիֆորնիայի Lifetime Achievement Award Winner, պրոֆեսոր, գեղանկարիչ ու քանդակագործ Վլադիմիր Աթանեանը:
Սրահում ցուցադրւում էին յոբելեարի աշխատանքները:
Աթանեանի կտաւներում լոյսի վերափոխման ու ապրումների խաղն է, բեկորներ, որոնք հիւսում են կտաւը ու ներքին շարժում ստեղծում: Նրա կտաւները լաւատեսական են ու լուսաւոր, գեղեցիկն այստեղ փառաբանւում է եւ ոգեւորում դիտողին: Նկարիչն ունի իր առանձնայատուկ աթանեանական ձեռագիրը՝ կտաւներում գոյների համարձակ օգտագործում եւ անխախտ հաւասարակշութիւն: Աթանեանի մոնումենտալ աշխատանքները, շինութիւնների արտաքին եւ ներքին ձեւաւորումները, մանրաքանդակները աթանեանական կնիքն են փոխանցում հարազատ քաղաքին՝ Երեւանին:
Քսան տարուց աւելի, որդու՝ Գոռի հետ հիմնադրած Աթանեան արուեստի կենտրոնում նկարիչը երկու հազար հինգ հարիւրից աւելի սան է ունեցել: «Բոլորն էլ իմ թոռներն են», սիրում է ասել Վլադիմիր Աթանեանը: Երբեք ոչինչ այնքան ուրախալի չէ, որքան մեր իղձերի իրագործումը մեր երեխաների մէջ տեսնելը: Սաներից շատերն այսօր մասնագիտական կրթութիւն են ստացել այս դպրոցի ներդրման շնորհիւ, խօսում են ու «նկարում» հայերէն:
Յոբելեանները սովորաբար եզրակացութիւններ են պահանջում՝ երախտագիտութեան խօսքեր ու գովասանք: Վլադիմիր Աթանեանի դէպքում՝ սա շարունակական աշխատանքի մի կանգառ է:
Պրոֆեսոր Սոնա Տիգրանեանի եւ Վլադիմիր Աթանեանի ընկերութիւնը սկսուել է դեռեւս Գեղարուեստի ակադեմիայում համատեղ դասաւանդման ընթացքում. «Հրաշալի տարիներ էին, ստեղծագործական եւ մարդկային առումով, նաեւ, որովհետեւ Հայաստանում էինք, Երեւանում ու մի քիչ աւելի երիտասարդ: Մի քիչ, որովհետեւ իսկական արուեստագէտին տարիքը միայն իմաստութիւն եւ հասունութիւն է բերում: Իսկ հոգին միշտ մնում է երիտասարդ: Այսօր ես նորից հանդիպեցի իմ հրաշալի ընկերոջը, վաստակած, երջանիկ, շրջապատուած պետական եւ հոգեւոր այրերի բարձր գնահատութեամբ, նաեւ ընտանիքի, զաւակների, ժողովրդի սիրով ու յարգանքով: Դու ինձ համար այս ափերում մի կտոր հայրենիք ես, մի կանաչ օազիս, եւ ես վստահ եմ որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:
«Լինելով վիրտուոզ նկարիչ, Վլադիմիր Աթանեանը ազատօրէն աշխատել է ամենատարբեր ժանրերում եւ վարպետօրէն գործածել է բազմաթիւ տեխնիկական միջոցներ՝ յանուն գերագոյն նպատակի, արդիւնքում ստեղծելով անկրկնելի ու կատարեալ արուեստի գործեր», ընկերոջ գործերի մասին իր կարծիքն է արտայայտում գրող Ռուբէն Աւետիսեանը:
«Վլադիմիր Աթանեանի նուաճումները այնքան մեծ են ու բազմաթիւ, որ դժուար թէ հնարաւոր լինի տալ այդ ամէնի ամբողջական բնութագիրը», ասում է նկարիչի ընկերներից Անդրանիկ Պետրոսեանը, «նրան շնորհուած բոլոր մրցանակներն ու շքանշանները արտացոլում են նրա մասնագիտական կարողութիւնները, իսկ մարդկային իրական արժէքներն անգնահատելի են»:
Աթանեանի շրջապատում շատ են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վայելել են նրա աշխատանքների պատճառած հաճոյքը: «Աթանեանի անունը մեծապէս կապուած է մեր սիրելի Երեւանի հետ», ասում է բանասէր, լրագրող Նաիրա Փելթեկեանը։ «Յիշում եմ բնակիչների ոգեւորութիւնը, երբ նոր էին բացուել Զէյթուն թաղամասի եւ Նորքի զանգուածի հանգստեան գօտիները: Շատրուանների հովանու տակ մեծ ու փոքր անցկացնում էին իրենց երեւանեան գիշերները: Այստեղ նոյնպէս իր անմնացորդ աշխատանքի ապացոյցը՝ 22 տարի շարունակ գործող Աթանեան արուեստի դպրոցն է, որտեղ ամերիկեան բազմազգ, բազմախառն ու խայտաբղետ մշակոյթների ազդեցութեան մթնոլորտում հազարաւոր հայորդիներ փրկւում են ձուլման վտանգից: Ամերիկացի ճանաչուած արուեստաբան Ռիչարդ Նաթանն իր յօդուածում գրում է. «Աթանեանն առաջինն է իր տեսակի մէջ, եւ ինչպէս Բայրոնին, նրան էլ կարելի է համարել աշխարհի քաղաքացի»:
Իսկապէս, Վլադիմիր Աթանեանին՝ իր ստեղծագործական աշխարհին զուգահեռ, յաջողուել է ստեղծել աթանեանական ճշմարտութիւններ, որոնց հաստատումը սեփական կեանքն է ու դպրոցի սաների կրթութիւնը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.