Յունիսի 30ին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանին եւ նրա տիկնոջը՝ Պալմիրա Նաջարեանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:
Հանդիպման ընթացքում երկուստեք նշուել է համագործակցութեան համար լաւ նախադրեալների առկայութիւնը եւ այս ուղղութեամբ աշխատելու պատրաստակամութիւնը: Արա Նաջարեանը պատմել է Գլենդելի հայկական համայնքի մասին նշելով, որ Գլենդելի հայերը յարգուած մասնագէտներ են՝ փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ եւ այլն: Հայազգի քաղաքապետը նախարարին վստահեցրել է, որ ամուր են պահում կապը մայր հայրենիքի հետ, յատկապէս ուշադրութեամբ հետեւում են պաշտպանական ոլորտին ու զինուած ուժերին առնչուող իրադարձութիւններին:
Նոյն օրը նախարար Օհանեանն ընդունել է նաեւ «Զինուորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպութեան հրաւէրով Երեւան ժամանած ամերիկահայ բարերարներ Վարդգէս եւ Մերի Նաջարեաններին: Շնորհակալութիւն յայտնելով բարերարներին հայրենանուէր գործունէութիւն իրականացնելու համար, պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը Վարդգէս Նաջարեանին պարգեւատրել է «Դրաստամատ Կանայեան» գերատեսչական մեդալով: Նաջարեան ընտանիքի անդամները փաստել են, որ թէեւ ապրում են Հայաստանից հեռու, սակայն հոգու եւ մտքի թելերով միշտ կապուած են հայրենիքի հետ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.