ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– 1 Յուլիսին «Վիւասել Էմ. Թի. Էս.»ը բոլորեց իր գործունէութեան 10ամեակը։ Այս առիթով կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեան յայտարարած է, որ իրենք կրցած են լուծել սահմանամերձ շրջաններուն մէջ որակեալ կապի հարցը:
«Ուղիղ 10 տարի առաջ՝ 2005թ. Յուլիսի 1ին, մենք շուկայ մտանք: Խնդիրները շատ էին, դրանց թւում՝ սահմանամերձ շրջանների կապը: Ինձ եւ մեր բոլոր աշխատակիցների համար շատ տհաճ էր տեսնել, որ սահմանին մենք վատ կապ ունենք, եւ որ այնտեղ բացակայում է հայկական կապի օպերատորը: Տարիների ընթացքում մենք ոչ միայն լաւացրեցինք ծածկոյթը, այլ տարածեցինք հարեւան երկրների սահմանից մի քանի կմ. այն կողմ: Նաեւ այն պատճառով, որ որոշ այդ տարածքներում ապրում են մեր հայրենակիցները, եւ նրանք ցանկանում են օգտուել հայկական բջջային օպերատորի ծառայութիւններից: Մենք կարողացել ենք դա անել: Դա առաջ բերեց հարեւան երկրների օպերատորների դժգոհութիւնը: Դրան ի պատասխան՝ ընկերութիւնը նշեց, որ այդ դէպքում սահմանից պէտք է հեռանալ երկուստեք: Մենք ասացինք՝ դուք առաջինն էք առաջ եկել, ուրեմն մենք չէ, որ պէտք է առաջինը յետ քաշուենք», յայտնած է Եիրիկեան՝ նշելով, որ ընկերութիւնը առաջուան պէս սահմանի 100 տոկոսի ծածկոյթ պիտի ապահովէ:
Ներկայիս «Վիւասել Էմ.Թի.Էս.»ը Հայաստանի մէջ կը գրաւէ հեռահաղորդակցման շուկային 60 տոկոսէն աւելին, ինչ որ կը նշանակէ, թէ ունի 2 միլիոն բաժանորդ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.