ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Մօտ երկու շաբաթ առաջ, երբ էլեկտրաէներգիայի թանկացման հեռանկարն այլեւս բացայայտ էր ու աննահանջ, խորհրդարանական ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչներ փորձեցին խնդիրը օրակարգի հարց դարձնել: Հերթով բոլորի բերանը ծեփելով ու ձայնի իրաւունքից զրկելով՝ ԱԺ նախագահը հարցը փակուած համարեց, իր դերակատարութիւնը փայլուն կատարած ու երեւի հանգիստ շունչ քաշեց՝ համոզուած, որ խորհրդարանը մտաւ իր սովորական, տաղտկալի ու կանխատեսելի ընթացքի մէջ:
Իսկ դէմն առած լաւայի պէս խնդիրը փոխեց իր հունն ու յայտնուեց Բաղրամեան պողոտայում:
Անողոք յունիսեան արեւի, ոստիկանական ջրցան մեքենաների ու մահակների ահաբեկող դոփիւնների ներքոյ Բաղրամեան պողոտայում անփորձ, բայց համոզուած երիտասարդների մի խումբ կարողացաւ «Դէմ եմ» կարգախօսով հազարներ հաւաքել: Այդպէս 10 օր շարունակ կաթուածահար եղաւ Բաղրամեան պողոտան ու վաղուց մեր հասարակութեան մէջ արմատացած իշխանութիւն-ժողովուրդ հոգեբանական բարիկադը վերածուեց իրականի՝ մի կողմում արդարութեան ու իրաւունքի պաշտպանութեան համար ոտքի ելած երիտասարդներ, միւսում՝ ժողովրդից իշխանութեան ճշմարտութիւնն ու իրաւունքը պաշտպանող, մահակներով, վահաններով ու անհաղորդ դէմքերով զինուած ոստիկանական շարքեր: Այսպէս 10 օր…
«Սա քաղաքական պայքար չէ եւ գործընթացը անթուլատրելի է քաղաքականացնել» մոլորութեամբ թէ գիտակցաբար յայտարարեցին շարժման անփորձ առաջնորդները: Գուցէ պատճառն այն է, որ Հայաստանում «քաղաքականութիւնն» ու այն իրականացնողներն այնքան վարկաբեկուած արժէքներ են, որ «քաղաքականութիւն» եզրը հնարաւորինս օտարում են իրենցից: Սրանից ի հարկէ բովանդակութիւնը չի փոխւում…
Շատերն են զարմացած, անակնկալի եկած, ոգեւորուած. վարկաբեկուած, անպտուղ ու իներտ քաղաքական ինստիտուտների ու հանրային համատարած յոռետեսութեան միջավայրում, ծնւում է հազարաւորների ակնթարթային շարժում, որի առաջնորդներին նոյնիսկ դէմքով չգիտենք:
Գուցէ եւ իսկապէս չեն գիտակցում քաղաքական այն մեծ բեռը, որի տակ ակամայից մտել են երիտասարդները: Հաւանաբար այդպէս, այլապէս չէին մերժի երկրի նախագահի հետ հանդիպել՝ չէին կորցնի շարժումն ու իրենց լեգիտիմացնելու (օրինականացնելու) ու յստակ ձեւակերպումներ հրապարակելու հնարաւորութիւնը:
Պայքարի 10 օր, որի հիմնական զէնքը Կասեցում կարգախօսն է, եռագոյնի ներքոյ ծածանուող համատարած սէրը, երգը ու չգիտես որտեղից յայտնուած աննման գեղեցիկ հայ աղջիկների ու տղաների պարը ու հաւատը, վարակիչ հաւատը… նրանք իսկապէս հաւատում են, որ իրենք են երկրի տէրը:
Ոստիկանների ու երկրի տէրերի միջեւ քաղաքական ընդդիմադիր ուժերի ու մտաւորականութեան ներկայացուցիչներ են, որոնք ընդամէնը բառի իսկական իմաստով սոսկ պատի դերակատարութիւն են ստանձնում:
Իսկ փողոցի առաջին գծում ինչ անելու անորոշութիւնից, անփորձութիւնից, անտէրութիւնից , պատասխանատուութեան բեռից ու օդի մէջ կախուած զէնքի ահից ընկրկած ու կուչ եկած անփորձ երիտասարդութիւնն է: Նորից առատ են պիտակաւորողներն ու աներեւոյթ թշնամիներ որոնողները. գրանտակերներ, դաւաճաններ, ազդեցութեան լրտեսներ ու գործակալներ, առատօրէն շաղ է տալիս քարոզչամեքենան…
Եւ նոյնիսկ այս փսոր մթնոլորտում սառոյցը շարժւում է. Աուդիտի պահանջ, մոսկովեան անդրադարձ, միջազգային լրահոս, կառավարութեան որոշում, փոխհատուցման այլընտրանք… սրանք տասօրեայ քաղաքական արդիւնք-հետեւանքներ են, ինչին չկարողացան հասնել խորհրդարանական ուժերը:
Ու նորից անփոյթ աշակերտի պէս մեզ մնում է դասեր քաղել այս ամէնից:
Այդ ինչպէս եղաւ, որ գրեթէ ակնթարթում, հեղինակութիւնների սովի միջավայրում երիտասարդներին յաջողուեց Բաղրամեան պողոտան ողողել մարդկային գետով, այդ ինչպէս եղաւ, որ այդքան քաղաքական ուժ ու մտաւորական ընդամէնը պատ հանդիսացաւ: Այդ ինչպէս եղաւ, որ Հայաստանում ստեղծուեց մի իրավիճակ, երբ քաղաքական գործընթացները քաղաքական կառոյցներից դուրս են ծաւալւում:
Ի վերջոյ, սա խորը քաղաքական ցնցում էր ուղղուած նախեւառաջ քաղաքական համակարգին. երբ ժողովուրդը պետական, ինստիտուցիոնալ որոշումների ու դերակատարութեան հետ յոյս այլեւս չի կապում եւ չի հաւատում…
Երկիրը, որպէս վարչական տարածք ոչինչ է, եթէ չի յենւում պահանջատէր, իրաւագիտակից, տիրոջ պատասխանատուութեամբ հասարակութեան վրայ:
Մի լաւ պաստառ կար Բաղրամեանում՝ «Ինչքան ջրէք՝ կ՛աճենք»: Իշխանութիւնը պէտք է յենուի այս տեսակի, այս ազնիւ, պայքարող, տէր կանգնող տեսակի վրայ, երկրին այդքան պակասող թթուածին ու երազանք բերող տեսակի վրայ: