Հաւատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը եւ շարունակելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ ադրբեջանական կողմը այսօր հանդէս է եկել հերթական ապատեղեկատուութեամբ: Մասնաւորապէս տուեալ երկրի պաշտպանութեան նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մէջ, յայտարարել է, թէ այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կ՛ենթարկուեն խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծման:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդէս չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախայարձակի դերում: Դրանում համոզուելու համար ղարաբաղեան կողմը իր պատրաստակամութիւնն է յայտնում միջազգային դիտորդների մասնկացութեամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտութիւնը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի՝ հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրայ խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին յայտարարութեանը, ապա Արցախի զինուած ուժերի հրամանատարութիւնը հաւաստիացնում է, որ նման զարգացումների դէպքում պատասխանը լինելու է անհամարժէք եւ անդառնալի կորուստներով յղի:
Միաժամանակ ԼՂՀ ՊՆն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծուած լարուածութեան ողջ պատասխանատուութիւնը ընկնելու է ադրբեջանական կողմի վրայ:
ԼՂՀ ՊՆ Մամուլի Ծառայութիւն