ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան (ՀՀԿ) Խորհրդի երէկուայ (Հինգշաբթի, 16 Յուլիսի) նիստից յետոյ ՀՀԿ մամուլի խօսնակ Էդվարդ Շարմազանովը յայտարարել է, թէ ամէն գնով սահմանադրական բարեփոխումների անցկացումը կուսակցութեան համար գերնպատակ չէ: Նոյն նիստից յետոյ կառավարութեան աշխատակազմի ղեկավար-նախարար Դաւիթ Յարութիւնեանն էլ ասել է, թէ Սերժ Սարգսեանը յայտարարել է, որ Սահմանադրութիւնը փոխուելուց յետոյ նա չի զբաղեցնելու նաեւ ԱԺ նախագահի պաշտօնը:
Այս երկու յայտարարութիւնները յաւակնում են երկրում ստեղծել բացարձակապէս նոր քաղաքական իրավիճակ: Թւում է, թէ Շարմազանովը խօսում է աբսուրդի (անհեթեթի-Խմբ.) մասին. եթէ նոր Սահմանադրութեան ընդունումը ՀՀԿի առաջնային նպատակը չէ, ապա ո՞րն էր այս նախաձեռնութիւնն սկսելու իմաստը: Մինչդեռ՝ ՀՀԿ խօսնակի յայտարարութեան բուն ուղերձն այն է, որ ՀՀԿն ապագայ իշխանութեան ձեւաւորման հարցը չի կապում սահմանադրական հանրաքուէի ելքի հետ: Այսինքն՝ ՀՀԿի համար ոչ մի տարբերութիւն չկայ՝ իշխանութեան մնալու հարցը փորձելու է լուծել նոր խորհրդարանական կառավարման համակարգի անցնելո՞ւ միջոցով, թէ՞ գործող կիսանախագահականի:
Չի բացառւում, որ այս ուղերձը յղւում է նախագծի շուրջ կրքերը թուլացնելու, քաղաքական ուժերին նախագծի բովանդակային քննարկումներին մասնակցելու հարցում շահագրգռելու, այս նախաձեռնութիւնը իբրեւ կոնսենսուսային (համախոհական-Խմբ.) ներկայացնելու նպատակով: Սակայն անցած տարուայ Ապրիլին Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարել էր. «…Ես՝ Սերժ Սարգսեանս, այլեւս երբեք չեմ առաջադրուելու ՀՀ նախագահի պաշտօնի համար: Եթէ վերջնական քննարկումների արդիւնքում իմ ցանկութեանը չհամապատասխանող ուղի ընտրուի, նկատի ունեմ պառլամենտական (խորհրդարանական-Խմբ.) կառավարման մոդելը, ապա ես չեմ յաւակնի նաեւ վարչապետի պաշտօնին: Վստահ եմ անգամ, որ մէկ մարդը երկու անգամից աւելի իր կեանքում չպէտք է յաւակնի ընդհանրապէս երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Քանի որ այս յայտարարութեան մէջ նա չէր խօսել պառլամենտական համակարգին անցնելու պարագայում նաեւ ԱԺ նախագահի պաշտօնին չյաւակնելու մասին, համոզմունք էր ձեւաւորուել, թէ Սերժ Սարգսեանը փորձելու է անձամբ «վերարտադրուել» ԱԺ ընտրութիւններում ՀՀԿի հետ մեծամասնութիւն ձեւաւորելու եւ ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնելու միջոցով:
Եւ ահա պարզւում է, որ նա հրաժարւում է նաեւ այդ խողովակից: Գործող նախագահը, փաստօրէն, այսպիսով, յայտարարում է առնուազն պետական իշխանութիւնից իր հեռանալու մասին: Տեսականօրէն չի բացառւում, որ սահմանադրական հանրաքուէն կազմակերպւում է այն սահուն տապալելու նպատակով: Այսինքն՝ խնդիրը ոչ թէ կառավարման համակարգ փոխելն է, այլ նախ, այս հարցը արհեստականօրէն օրակարգ մտցնելով, քաղաքական ուժերին մաշելն ու նրանց համապետական ընտրութիւններին ընդառաջ ուժերի վերախմբաւորում կատարելու հնարաւորութիւնից զրկելը եւ, սահմանադրական փոփոխութիւնները օրինական, լեգիտիմ (օրինական-Խմբ.) անցկացուած հանրաքուէի միջոցով տապալելով, թէ՛ ՀՀԿի եւ թէ ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահութեան բարձրացումը: Բայց դա նշանակում է մնալ գործող Սահմանադրութեան յոյսին:
Տեսականօրէն չի բացառւում նաեւ, որ այս խոշորամասշտաբ օպերացիան (լայնածաւալ գործողութիւնը-Խմբ.) կազմակերպւում է գործող Սահմանադրութեան շրջանակներում «վերարտադրում» ապահովելու համար՝ վարչապետի պաշտօնն ստանձնելու, այսինքն՝ ռուսական պուտինեան սցենարը (բեմագրութիւնը, տարբերակը-Խմբ.) կրկնելու միջոցով: Բայց սա քիչ հաւանական է երկու պատճառով: Նախ՝ Հայաստանը Ռուսաստանը չէ, եւ որեւէ վարչապետ չի կարող վստահ լինել, որ «դրածոյ» նախագահը չի փորձելու իշխանութիւնն ամբողջութեամբ վերցնել իր ձեռքը՝ օգտուելով Սահմանադրութեամբ իրեն տրուած լիազօրութիւններից: Երկրորդ՝ վարչապետի պաշտօնին գնալը տրամաբանական է դառնում միայն այն դէպքում, եթէ նա ցանկանում է ռուսական օրինակով՝ որոշ ժամանակ անց կրկին զբաղեցնել նախագահի պաշտօնը: Բայց դա հակասում է 2014թ. նրա արած վերոնշեալ յայտարարութեան յատկապէս այն հատուածին, որում շեշտում է. «Մէկ մարդը երկու անգամից աւելի իր կեանքում չպէտք է յաւակնի ընդհանրապէս երկրի կառավարման ղեկին»: Այս հանգամանքը քաղաքական դաշտում իսկական քաոսային իրավիճակ է ստեղծում: Արդէն ընդհանրապէս հասկանալի չէ, թէ ինչի՞ է փորձում հասնել Սերժ Սարգսեանը, ո՞րն է նախագահի նպատակը՝ նախ՝ անձամբ իր, ապա՝ նաեւ ՀՀԿի համար:
Ըստ էութեան՝ նախագահը քաղաքական դաշտն ու հասարակութեանը տեղափոխում է բազմաթիւ անյայտներով հաւասարման մի հարթութիւն, որտեղ բոլոր հարցերի պատասխանը թերեւս գիտի միայն ինքը: Կառավարելի քաոսի մի վիճակ, որտեղ կարելի է կատարել չափազանց բարդ բազմաքայլ կոմբինացիաներ (դասաւորումներ, իրար շաղկապուած խաղեր-Խմբ.), ընդ որում՝ ունենալով ընտրութիւնների՝ գործնականում անսպառ հնարաւորութիւններ:
Միակ բանը, որ գոնէ յայտարարութիւնների մակարդակով հիմա նա հասկանալի է դարձնում, հետեւեալն է՝ իշխանութեան վերարտադրութեան խաղը տարւում է ոչ թէ անձամբ իր՝ Սերժ Սարգսեանի իշխանութիւնը պահպանելու տրամաբանութեամբ, այլ՝ ժառանգորդին յանձնելու: Եթէ աւելի պարզ՝ ապա գործողութեան մէջ է դրւում, այսպէս կոչուած, «ժառանգորդ» օպերացիան: Հետեւաբար, հարցադրումները տեղափոխւում են հէնց ժառանգորդի՝ ով լինելու եւ նրան իշխանութիւնն ինչպէս փոխանցելու տիրոյթ, որտեղ կառավարման համակարգի ինչպիսին լինելն ընդամէնը այս օպերացիան իրականացնելու տարբերակների, ընտրանքների դեր է կատարում: ՀՀԿի՝ իշխանութեան մնալու անընդհատութեան կամ իշխանութիւնը բարեյաջող կերպով ժառանգորդին յանձնելու հարցի լուծումը կախուած է ոչ թէ նրանից, թէ երկրում կառավարման համակարգի որ մոդելն է գործում, այլ թէ որքանով է առկայ ընտրութիւնները կեղծելու եւ դրա համար պատասխանատուութիւն չկրելու, չպատժուելու հնարաւորութիւնը: