ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Հայաստանի մէջ մասնագիտական յատուկ մաքսատուներ հաստատելու մասին որոշում տրուած է 6 Օգոստոսին կառավարութեան գումարած նիստին։
Հայաստանի ելեւմուտքի փոխնախարար Արմէն Ալաւերդեան՝ ծրագիրը ներկայացնելով, ըսած է. «Պլանաւորւում է ստեղծել աւտոփոխադրամիջոցների, ենթաակցիզային ապրանքների, միջազգային փոստային ծանրոցների, միջազգային թանկարժէք փոխադրումների ձեւակերպման, ինչպէս նաեւ տարածքային մաքսատներ՝ Իրանի հետ սահմանին (Մեղրի), Վրաստանի սահմանին (Բագրատաշէն, Այրում, Գոգաւան, Բաւրա), ինչպէս նաեւ Արարատի մար-զային մաքսատունը»:
Տարածքային եւ մասնագիտական մաքսատուները կը հաստատուին «Մաքսային կարգաւորումների մասին» օրէնքի շրջանակներուն մէջ:
«Բացի այդ ԵՏՀ նորմատիւների համաձայն՝ իրաւաբանական անձանց համար թանկարժէք քարերի եւ մետաղների տարածաշրջանային մաքսատուն է համարւում գրանցման վայրի մաքսատունը, իսկ ֆիզիկական անձանց համար՝ ըստ տարածաշրջանի կամ ելումուտի վայրի», բացատրած է փոխնախարարը։