«ԳԱԼԱ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ
«Գալա»ն ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարեանի հետ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ամանորեայ ուղերձում, «Որեւէ մէկը երբեւիցէ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը» թոյլ տուած յայտարարութեան վերաբերեալ:
«ԳԱԼԱ».- Իլհամ Ալիեւն ամանորեայ ուղերձում յայտարարել էր, որ որեւէ մէկը երբեւիցէ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Նա նաեւ ասել էր, որ Ադրբեջանը կը փորձի վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը: «Այդ նպատակով կը կիրառուեն դիւանագիտական, քաղաքական, տնտեսական, նաեւ այլ միջոցներ», յայտարարել է Ալիեւը: Ինչպէ՞ս կը գնահատէք Ադրբեջանի այսպիսի հռետորաբանութիւնը:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Դա Ալիեւի հերթական զառանցանքն էր՝ հիստերիկ նոպայի կամ առնուազն ջայլամային ինքնախաբէութեան ախտանիշներով: Այդպիսի հռետորաբանութիւնը նորութիւն չէ, սակայն, կարծես թէ, նոր միտում կայ, որ խանը նշում է, որ «փորձելու են վերականգնել տարածքային ամբողջականութիւնը», այնինչ տարիներ շարունակ դատարկ յոխորտում էր՝ հաստատակամ յայտարարելով, որ վերցնելու են Ղարաբաղը… Նրա այդ վարքը բնութագրւում է հայկական հետեւեալ իմաստուն խօսքով. «Պառաւը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»: Նախորդ տարիների փորձից արդէն հասկացել է, որ չարժէ խոստանալ եւ չանել, քանի որ իր հանդէպ անվստահութիւն եւ հիասթափութիւն է առաջացնում իր իսկ հանրութեան մօտ, իսկ արտաքին աշխարհում խեղկատակի տպաւորութիւն է թողնում: Այդ պատճառով շեշտադրում է, որ «փորձելու» են…
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանը, ապա նա կարող է քիչ թէ շատ համոզուած պնդել միայն Ադրբեջանի կողմից ճանաչման մասին, բայց նոյնիսկ այդ պարագայում երբեք չպէտք է մոռանալ «երբեք մի՛ ասա երբեք» իմաստուն խորհուրդը: Համոզուած եմ՝ ոչ ուշ ապագայում այդ հարցում էլ են ի դերեւ ելնելու նրա հաւաստիացումները: Խորհուրդ կը տայի, որ փոխարէնն իմանար իր խօսքի արժէքը եւ անհաւանական բաներ չխոստանար ու չպնդէր՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք կարող են հնչել որպէս ամանորեայ երազանքներ:
«ԳԱԼԱ».- Երբ Ալիեւն ասում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար կը կիրառուեն դիւանագիտական, քաղաքական, տնտեսական, նաեւ այլ միջոցներ, վերջինս, ըստ էութեան, այլ միջոցներ ասելով նկատի ունի ռազմականը. ինչքանո՞վ է այս յայտարարութիւնը տեղաւորւում ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը խաղաղ կարգաւորելու սկզբունքի մէջ:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Հակամարտութիւնը ռազմական միջոցներով լուծելը եւ դրանով սպառնալը, բնականաբար, չեն տեղաւորւում ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների, այլ նաեւ՝ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնների շրջանակներում: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա էլ է հերթական ամանորեայ երազանքների շարքից: Ադրբեջանի ներուժը բաւարարում է միայն յոխորտալուն եւ սահմանային իրավիճակը տեղային լարուածութեան որոշակի մակարդակում պահելուն:
«ԳԱԼԱ».- Փաստը, որ ՀՀն մինչեւ օրս չի ճանաչել ԼՂ անկախութիւնը, անընդհատ շահարկման թեմա է: Պէ՞տք է արդեօք Հայաստանը վերանայի իր այս դիրքորոշումը՝ հաշուի առնելով նաեւ փաստը, որ Սերժ Սարգսեանը եւս խօսել է այս մասին:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Պաշտօնական Երեւանը քանիցս բարձրաձայնել է, որ ԱՀ անկախութեան դէ իւրէ (իրաւական-Խմբ.) ճանաչումը պահւում է որպէս լաւագոյն այլընտրանք բանակցուող համաձայնութեանը, եւ կը կիրառի այն, եթէ Ադրբեջանը պատերազմ սկսի: Դրանից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Ադրբեջանը վերջին ամիսներին աւելի է մօտեցել այդ կարմիր գծին: Հետեւաբար, չեմ բացառում, որ եթէ Բաքուն շարունակի առաջնագծում եւ բանակցութիւնների սեղանի շուրջ ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) ու ապակառուցողական վարք դրսեւորել, ապա Երեւանը դարակից կը հանի այդ այլընտրանքը:
«ԳԱԼԱ».- 2016ին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում ի՞նչ փոփոխութիւնների պէտք է սպասել:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Այս տարի չպէտք է սպասել որեւէ էական փոփոխութեան՝ գոնէ Ադրբեջանի վարքում: Կողմերը շարունակելու են իրենց քաղաքական եւ ռազմական դիրքերի ամրապնդմանն ուղղուած քայլերը՝ արդիւնքում աւելի լայնացնելով եւ խորացնելով իրենց միջեւ առկայ բանակցային անդունդը: Ադրբեջանն ակնյայտօրէն փոխել է ռազմավարութիւնը՝ փորձելով, այլ նպատակների շարքում, աստիճանաբար բարձրացնել յարաբերական խաղաղութեան գինը եւ ստիպել հայկական կողմին զիջումների գնալու: Սակայն դա հնարաւոր չէ, քանի որ կողմերի միջեւ առկայ է ռազմական հաւասարակշռութիւն, իսկ աշխարհաքաղաքական ուժերի շահերի փոխդասաւորուածութիւնը նպաստում է առնուազն ստատուս քուոյի պահպանմանը, եթէ ոչ հակամարտութեան լուծմանը, որոնց ընդդիմանում է հէնց Բաքուն:
Համոզուած եմ, որ այս տարի մեր դիրքերի պաշտպանունակութեան (ներառեալ՝ բանակի կանխարգելիչ եւ պատժիչ գործողութիւնների) արդիւնաւէտութիւնն է՛լ աւելի կաճի՝ բարձրացնելով նաեւ Բաքուի հաւանական ագրեսիւ վարքի գինն ադրբեջանական զինուած ուժերի համար:
«Արցախպրէս»
ed daraki medj el inch ka?