Յունիսի 30ին Ախալցխան տօնում է քաղաքի օրը: Այս առիթով ամէն տարի քաղաքում կազմակերպւում են տարբեր միջոցառումներ: Հիմնական միջոցառումները անցկացւում են Ռաբաթի բերդի ամֆիթատրոնում, որտեղ համերգից յետոյ յայտարարւում են Ախալցխայի պատուաւոր քաղաքացու կոչում ստացողների անունները: Անցեալ տարի 10 հոգուց ինտերնետային ուղիղ քուէարկութեամբ եւ հարցումների արդիւնքով պատուաւոր քաղաքացու կոչում ստացան երեք հոգի եւ նոյն կերպ էլ այս տարի է լինելու: Այս նախաձեռնութիւնը ի հարկէ ողջունելի կը լինէր, եթէ չլինէր մի տհաճ երեւոյթ: Արդէն երկրորդ տարին է Ախալցխայի 40 տոկոսանոց հայկական համայնքից, որը դարերով անհամեմատ մեծ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում, ոչ ոքի չի առաջադրուել տուեալ կոչումը ստանալու համար: Անցեալ տարի տուեալ տհաճ երեւոյթից յետոյ այս հարցը տարբեր մարդկանց կողմից բարձրացուել էր Ախալցխայի քաղաքապետարանում, սակայն ինչպէս տեսնում ենք՝ ապարդիւն:
Գաղտնիք չէ, որ ժողովրդավարական սկզբունքները դաւանող բազմազգ Ախալցխայի քաղաքապետարանում, քաղաքապետը չունի ոչ մի տեղակալ ազգային փոքրամասնութիւնից: Գաղտնիք չէ նաեւ այն, որ Սամցխէ-æաւախքի նահանգապետարանում, ուր մեծամասնութիւն են կազմում հայերը, չկայ ոչ մի հայ աշխատող, էլ չասած նահանգապետի տեղակալի մասին:
Այս ամէնը կատարւում է միայն մէկ պատճառով, որ Ախալցխան, ախալցխահայութիւնը ու ինչու չէ նաեւ ամբողջ ջաւախահայութիւնը անտեսուած է Հայաստանի քաղաքական, հոգեւոր, մշակութային, հասարակական եւ այլ ուժերի կողմից: Անտեսուած է Սփիւռքի կողմից: Անտեսուած է անգամ դրսում ապրող ախալցխացիների ու ջաւախքցիների կողմից, որոնք ինչ որ դիրքի են հասել Հայաստանում կամ այլ երկրներում:
Ի հարկէ դա չի կարելի ասել բոլոր քաղաքական գործիչների, հոգեւորականների, կազմակերպութիւնների ու անհատների համար, որոնք տարբեր միջոցներով փորձում են օգտակար լինել իրենց հայրենակիցներին, բայց փաստը մեծ հաշուով մնում է փաստ: Այս փուլում Ախալցխան ու ախալցխահայութիւնը օրակարգից դուրս են, եւ ոչ ոգի չի ձգտում ամրացնել տեղի հայկական համայնքը, ինչից եւ լաւ օգտւում են ազգայնական ուժերը քաղաքապետարանում, նահանգապետարանում ու այլ մարմիններում:
Վաղը բոլորը պատասխան են տալու պատմութեան առջեւ, սակայն այսօրուայ օրը մեզ ստիպում է առաւել քան երբեք յոյսեր դնել մեր ուժերի վրայ ու պայքարել յանուն մեր ժողովրդի իրաւունքների ու երազած ժողովրդավարական արժէքների վրայ կառուցուելիք երկրի, որտեղ յարգւում են բոլոր ժողովուրդների իրաւունքները, առանց կրօնական ու ռասայական խտրականութեան:
Akhaltzkha.net