«Մեդիամաքս»ը եւ «Այ.Փի.Էս.Սի.» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատուութիւնների ինստիտուտը (IPSC) շարունակում են յօդուածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդիւնքները:
Տարբեր երկրներ միմեանց հետ համեմատելիս յաճախ օգտագործում են «բնակչութեան կենսամակարդակ» կամ «կեանքի որակ» հասկացութիւնները: Դրանք միմեանցից տարբերւում են:
Կենսամակարդակ ասելով՝ հասկանում են բնակչութեան ապահովուածութիւնը անհրաժեշտ նիւթական բարիքներով եւ ծառայութիւններով, դրանց սպառման մակարդակը եւ մարդկանց բաւարարուածութեան բանական մակարդակը այդ բարիքների ու ծառայութիւնների առկայութիւնից:
Կեանքի որակը բնակչութեան կենսամակարդակ հասկացութեան ընդլայնումն է, երբ դրա մէջ են ընդգրկում նաեւ բնակչութեան աշխատանքի, կենցաղի, ժամանցի, առողջութեան, կրթութեան, շրջակայ միջավայրի եւ այլ պայմանները:
IPSC ընկերութիւնը սկսած 2010թ.ից, իրականացնելով «Հայաստանում կեանքի որակը» հետազօտութիւնը՝ իւրաքանչիւր տարի հարցաշարում ներառում է. «Որքա՞ն գումար է անհրաժեշտ ձեր ընտանիքի մեծութեան ընտանիքին ամսական, ձեր բնակավայրում «նորմալ ապրելու» համար» հարցը: Ի յաւելումն դրան, տրւում է եւս երկու համանման հարց՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ «լաւ ապրելու» եւ «աղքատ չհամարուելու» համար:
Միջինացուած տուեալները, Հայաստանի չորս անձից կազմուած ընտանիքի համար հետեւեալ իրողութիւնն են ուրուագծում. նախ՝ 2014թ.ին, Հայաստանում չորս անձից կազմուած ընտանիքին «նորմալ ապրելու» համար անհրաժեշտ է միջին հաշուով 400,000 դրամ ամսական:
Բացի դրանից, եթէ 2012թ.ին 2011թ.ի համեմատ «նորմալ ապրելու» համար անհրաժեշտ գումարը նուազել է 20,000 դրամով՝ 316 հազար դրամից մինչեւ 296 հազար դրամ, ապա 2012թ.ից յետոյ, ե՛ւ 2013թ.ին, ե՛ւ 2014թ.ին «նորմալ ապրելու համար անհրաժեշտ գումարը Հայաստանի «ստանդարտ» ընտանիքի համար (հայր, մայր եւ երկու երեխայ), աճել է՝ հասնելով արդէն նշուած 400,000 դրամին: Այսինքն՝ վերջին երկու տարուայ ընթացքում Հայաստանում «միջին» ընտանիքի համար «նորմալ» ապրելու համար անհրաժեշտ միջին գումարը աճել է աւելի քան 100,000 դրամով: