ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ամերիկահայ ամենամեծ ու ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն ու գործունէութիւնն ուղղուած են ամերիկեան կառավարական եւ հասարակական հարթակներում համահայկական նշանակութեան հարցերի արծարծմանն ու լուծմանը:
Արեւմտեան եւ Արեւելեան շր-ջանների կենտրոնական մասնաճիւղերով՝ այս կառոյցը բազմաթիւ քաղաքներում իր գրասենեակների միջոցով ներկայացնում է ամերիկահայ համայնքի շահերն ու խնդիրները, սատարում է Միացեալ Նահանգների կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ որոշումների կայացման գործընթացին: Հայ Դատի յանձնախմբի գործունէութեան մաս են կազմում կառավարութեան տարբեր մարմիններում ամերիկահայերի հաւաքական տեսակէտի ներկայացումը, հայ համայնքի քաղաքացիական ակտիւացումը, քարոզչական, լոբիիստական աշխատանքները եւ այլ: Հայ Դատի յանձնախմբի Ամերիկայի Արեւմտեան շրջանի նախագահ Նորա Յովսէփեանը «Ասպարէզ»ին տուած բացառիկ հարցազրոյցում ամփոփ ներկայացնում է կազմակերպութեան 2016 թուականի գործունէութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս տարին յագեցած էր քաղաքական գործընթացներով, որոնք շրջադարձային են լինելու երկրի համար: Նոյեմբերին կայացած ընտրութիւններում՝ երկրի ու նահանգի օրէնսդիր մարմնի ու տարբեր պաշտօնների համար պայքարում էին թեկնածուներ, ում Հայ Դատի յանձնախումբն աջակցութիւն էր յայտնել: Ի՞նչ արդիւնքներ ունեցանք:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ուրախ եմ փաստելու, որ ողջ Ամերիկայի տարածքում մեր սատարած թեկնածուների շուրջ 98 տոկոսը յաղթել են: ԱՄՆ Կոնգրեսում՝ Ծերակոյտում եւ Ներկայացուցիչների տան համար յաղթած մեր թեկածուների թւում էին տարբեր նահանգներից հայկական հարցերի երկարամեայ աջակիցներ՝ սենատոր Չարլզ Շումերը Նիւ Եորքից, Մերիլենդից՝ Քրիս Վան Հոլենը, Իլինոյից՝ Մարք Քիրքը եւ այլոք: Ներկայացուցիչների տան համար՝ Կոնգրեսում հայկական հարցերի յանձնաժողովի համանախագահներ Ֆրենք Փալոնը, æեքի Սփիրը եւ Դէյվիդ Վալադաօն ընտրուեցին, ինչպէս նաեւ՝ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը Կալիֆորնիայից, եւ ուրիշներ: Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում եւս ունեցանք բաղձալի յաղթանակներ, որոնցից նշեմ Ծերակոյտում՝ Էնթընի Փորթանթինօն, Ներկայացուցիչերի տանը՝ Ադրին Նազարեանը: Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդում յաղթեց Քեթրին Բարգերը: Որոշ պարտութիւններ էլ ունեցանք, ցաւօք, ինչպէս օրինակ նահանգի խորհրդարանի համար՝ 43րդ ընտրաշրջանից պայքարող Արդի Քասախեանի դէպքում, բայց դա ունէր որոշ պատճառներ: Ընդհանուր առմամբ, այս ընտրութիւններում մեր յաջողութեան թիւը բարձր էր, եւ կը յուսանք, որ նորընտիր պաշտօնեաների հետ կը կարողանանք արդիւնաւէտ կերպով համագործակցել ու մեր հարցերն առաջ տանել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ սկզբունքով է Հայ Դատի յանձնախումբն ընտրում թեկնածուներին, ում պէտք է աջակցի:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան եւ Ամերիկայի Արեւելեան շրջանների գրասենեակներից իւրաքանչիւրն իր շրջանի թեկնածուներին է ընտրում, եւ Վաշինգտոն Դի.Սի.ում գործող մեր գրասենեակի հետ միասին ընտրում ենք, թէ Կոնգրեսի ո՛ր թեկնածուներին պէտք է աջակցենք:
Մենք մշտապէս հետեւում ենք փորձառութիւն ունեցող պաշտօնեաների գործունէութեանը՝ ամերիկահայերին յուզող տարբեր հարցերի շուրջ: Հայոց Ցեղասպանութեան, Արցախի ճանաչման հարցերում, Հայաստան-ԱՄՆ յարաբերութիւնների զարգացման գործում ներդրում ունեցած, ինչպէս նաեւ՝ ամերիկահայ համայնքի բարեկեցութեանը նպաստած ընտրուած պաշտօնեաները գնահատւում են մեր կողմից: Նոր առաջադրուած, դեռ փորձ չունեցող թեկնածուների դէպքում էլ, նրանց ուղարկում ենք հարցարան, որտեղ ներկայացուած են հարցեր մեզ հետաքրքրող նիւթերի մասին՝ պարզելու համար տուեալ թեկնածուների կեցուածքը: Նրանց հետ, ովքեր լրացնում եւ մեզ են վերադարձնում հարցարանները, անհատական հանդիպում ենք կազմակերպում՝ առաւել մանրամասն ծանօթանալու այդ թեկնածուների ծրագրերին: Սա շատ լաւ առիթ է նաեւ տուեալ անհատներին ներկայացնելու մեր համար առաջնային նշանակութիւն ունեցող հարցերն ու տեղեկացնելու մեր համայնքի ներուժի մասին:
Տարուայ ընթացքում, մենք բազմաթիւ նման հանդիպումներ ենք ունենում դաշնային, նահանգի, գաւառի, քաղաքի կառավարութեան ներկայացուցիչների, պաշտօնեաների հետ, եւ արդիւնքում որոշում ենք մեզ համար լաւագոյն թեկնածուին: Ընտրուելուց յետոյ էլ, մենք ակտիւ համագործակցում ենք այդ գործիչների հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբն ԱՄՆ նախագահի այս տարուայ ընտրութիւններում աջակցութիւն չյայտնեց երկու թեկնածուներից եւ ոչ մէկին: Ի՞նչն էր պատճառը:
ՆՈՐԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Դոնալդ Թրամփի պարագայում, որպէս համայնք որեւէ փորձառութիւն չենք ունեցել, եւ յայտնի չէր նրա կեցուածքը մեր հարցերի շուրջ: Հարցարան էինք ուղարկել, սակայն պատասխան չեկաւ, եւ նրա հետ հանդիպումների փորձերը յաջողութամբ չաւարտուեցին: Բայց դա միայն մեր նկատմամբ ցուցաբերուած առանձնայատուկ վերաբերմունք չէր, իրենց դիմած բոլոր խմբերի հետ նոյն կերպ է վարուել:
Անդրադառնալով Հիլարի Քլինթոնին, նշեմ, որ տարիների ընթացքում մենք նրա հետ համագործակցութեան մեծ փորձառութիւն ունէինք, յատկապէս երբ սենատոր էր Նիւ Եորքից: Քլինթոնը մեզ աջակցում էր եւ մեր հարցերն առաջ էր մղում, սակայն, երբ պետքարտուղար դարձաւ, որոշ չափով փոխեց իր կեցուածքը: Դա, ի հարկէ, պետքարտուղարութեան տասնեակ տարիներ որդեգրած՝ առաւել թուրքամէտ կեցուածքն է: Հիլարի Քլինթոնի պարագայում մի շարք դէպքեր եղան, որ կարեւոր էին մեզ համար, օրինակ՝ նրա Հայաստան այցի ընթացքում, երբ Ծիծեռնակաբերդում ծաղկեփունջ դրեց եւ ժապաւէնի վրայ գրուած էր՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից: Բայց, այցից մի քանի շաբաթ անց, պետքարտուղարութիւնը յայտարարեց, որ Քլինթոնի այցն անհատական էր, եւ ոչ ի պաշտօնէ: Սա ծիծաղելի էր: Ամենածանրը՝ Հայաստան- Թուրքիա արձանագրութիւնների ստորագրումն էր, որի գլխաւոր նախաձեռնողներից էր Հիլարի Քլինթոնը, ինչին մենք, անշուշտ, Սփիւռքում դէմ էինք, եւ մեր կարծիքը յայտնեցինք պետքարտուղարութեանը, բայց դա իրենց որոշումն էր: Հիլարիի ղեկավարութեամբ ԱՄՆ վարչակազմը զբաղուեց մեր հարցերով՝ թէ՛ Արցախի, թէ՛ Ցեղասպանութեան, բայց ոչ մեզ համար շահաւէտ, թէեւ իրենք պնդում են, որ ջանքեր գործադրել են եւ փորձել են գտնել լաւագոյն լուծումներ: Այս ամէնն աչքի առաջ ունենալով, մենք չաջակցեցինք Քլինթոնին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դոնալդ Թրամփի ընտրութիւնից յետոյ շատերը փորձում են կանխատեսել Հայաստանի եւ հայ համայնքի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութիւնը յաջորդ տարիների ընթացքում՝ հաշուի առնելով, որ նոր նախագահը գործարար ամուր կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ է: Ձեր կարծիքն այս հարցի շուրջ:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Դոնալդ Թրամփի պարագայում, անորոշ է, թէ ինչ ուղղութիւն է որդեգրելու: Մէկ շատ մտահոգիչ կէտ կայ. Թրամփն իր շատ մօտ խորհրդատու՝ Ազգային անվտանգութեան խորհրդի ղեկավար է նշանակել գեներալ Մայքլ Ֆլինին, ով թրքամոլ է, եւ բնականաբար, մեր հարցի շուրջ նպաստաւոր կեցուածք դժուար թէ ունենայ: Միաժամանակ, չեմ կարծում, որ Թրամփը լուրջ փորձ կ՛անի տարանջատելու իր անձնական՝ գործնական եւ քաղաքական կապերը: Իր զաւակներն են վարելու իր գործերը, եւ ենթադրւում է, որ նա չի ձերբազատուի իր բիզնեսներից: Բայց ժամանակը ցոյց կը տայ: Այդուհանդերձ, Հայ Դատի յանձնախումբը պատրաստ է միշտ գործակցելու իւրաքանչիւրի հետ՝ Մեր Հայ Դատը առաջ տանելու նպատակով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իւրաքանչիւր ընտրութիւն նաեւ ցուցիչ է տուեալ համայնքի քաղաքացիական ակտիւութեան, ինչը մեծ առաւելութիւններ է ընձեռնում ձեզ պաշտօնեաների հետ համագործակցութեան ժամանակ: Տարիներ առաջ Հայ Դատի յանձնախումբը հիմնեց «Հայ Վոթս» նախաձեռնութիւնը՝ նպատակ ունենալով ամերիկահայերին առաւել ներգրաւուելու քաղաքական որոշումների կայացման գործըթնացներում: Ինչպէ՞ս էք գնահատում այս ընտրութիւններում ամերիկահայերի մասնակցութիւնը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Վերջին մի քանի տարիներին «Հայ Վոթս»ի միջոցով 30 հազարից աւելի ամերիկահայ քուէարկող ենք արձանագրել, եւ այդ աշխատանքը տարւում է հետեւողականօրէն՝ ոչ միայն ընտրապայքարից ընտրապայքար: Շատ կարեւոր է, որ 18 տարին լրացած իւրաքանչիւր հայ արձանագրուի, բայց ամենակարեւորը՝ որ քուէարկուի: Այս ընտրութիւններում քուէարկողների թիւը տակաւին յայտնի չէ, կառավարութիւնն այն կը տրամադրի 2017թ.ի Յունուարին: Բայց մենք հսկայական աշխատանք կատարեցինք, որ հայ քուէարկողների թիւը շատ լինի: Չնայած դրան, մեր թեկնածուներից Արտաշէս Քասախեանը պարտուեց, ինչն իր պատճառներն ունէր: Նախեւառաջ՝ հայերի ձայնը նշանակալի բարձր կը լինի, եթէ ընդհանուր քուէարկողների թիւը ցածր լինի, սակայն այս տարի, քանի որ նախագահական ընտրութիւններ էին, ընդհանուր թիւը բարձր էր, եւ հայ ընտրողների քուէի ազդեցութիւնը նուազեց: Երկրորդ հարցը կապուած էր Չարտեր դպրոցների հետ, որոնց ետեւում կանգնածները հսկայական, կարելի է ասել, այս ընտրութիւնների համար աննախադէպ ֆինանսներ՝ շուրջ երկու միլիոն դոլար, դրեցին այս ընտրապայքարում՝ Արտաշէս Քաախեանի դէմ:
Սակայն, սա չի նշանակում, որ մենք թշնամանում ենք որեւէ մէկի հետ: Այս ընտրաշրջանում մենք կը գործակցենք յաղթած թեկնածուի՝ Լորա Ֆրիդմանի հետ, եւ կապեր արդէն հաստատուել են: Իւրաքանչիւր գործչի, որ մեզ կ՛օգնի Հայ Դատը առաջ տանելու՝ պատրաստ ենք համագործակցելու, անկախ նրանից, թէ ո՛ր կուսակցութեանն է պատկանում կամ ի՛նչ քաղաքական կեցուածք ունի այլ հարցերի շուրջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ Հայ Դատի Յանձնախումբը նախընտրութիւն տալի՞ս է քաղաքական որեւէ կուսակցութեան:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ընդհանրապէս, համայքնում յաճախ եմ հանդիպում այն սխալ տպաւորութեանը, որ Հայ Դատի յանձնախումբն առաւել դեմոկրատամէտ կազմակերպութիւն է եւ աջակցում է այս կուսակցութեանը: Կը ցանկանայի յստակեցնել, որ Հայ Դատի յանձնախումբը ո՛չ Դեմոկրատական, ո՛չ Հանրապետական եւ ոչ էլ այլ կուսակցութեան չի յարում, հակառակը՝ մենք չէզոք ենք: Այդ մասին կարելի է համոզուել՝ դիտելով Ամերիկայի ողջ տարածքում մեր աջակցած թեկնածուներին: Այն նահանգները, որտեղ հիմնականում հանրապետականներ են, այդտեղ նրանց հետ շատ մօտ կապեր ունենք եւ աջակցում ենք, եւ այն նահանգները, որտեղ դեմոկրատներն են հիմնական թեկնածուները, բնականաբար դեմոկրատ պիտի լինեն, եւ մենք համագործակցում ենք նրանց հետ: Քանի որ Լոս Անջելեսի հայ համայնքն ամենամեծն է, եւ այստեղի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակն ամենագործունն է, թիւր կարծիք կայ, որ մենք միայն դեմոկրատների հետ ենք, բայց դա այդպէս չէ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի առանցքային աշխատանքներից է Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան ձեւաւորման ուղղութեամբ: Առաջնահերթութիւններից է Արցախի ճանաչումը: Այս առումով ի՞նչ ձեռքբերումներ ունենք 2016ին:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ամերիկայի արտաքին քաղաքականութիւնն ընդհանրապէս որոշւում է Վաշինգտոնում: Հակառակ դրան, ամէն նահանգ իրաւունք ունի ընդունելու օրէնքներ ու բանաձեւեր, ըստ ցանկութեան: Կարողացել ենք յաջողել, որ ԱՄՆի 44 նահանգ արդէն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, այս տարի Ուեսթ Վիրջինիա նահանգը համալրեց այդ ցուցակը: Իրականում, ԱՄՆ Կոնգրեսն էլ ժամանակին ճանաչել է: Մեր աշխատանքներն այս ուղղութեամբ շարունակւում են, որովհետեւ Ցեղասպանութեան ճանաչումը չէ միայն, դրանից յետոյ յաջորդ քայլն էլ կայ, այսինքն՝ յանցանքի հետեւանքները, որոնց համար պատիժը պէտք է սահմանուի: Այս տարի Կալիֆորնիայի խորհրդարանում յաջողուեց անցկացնել օրէնք, ըստ որի, հանրային վարժարաններում կը դասաւանդուի Հայոց Ցեղասպանութիւնը:
2016ին յաջողութիւններ ունեցանք նաեւ Արցախի հարցում՝ Հաւային ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ է անհրաժեշտ հանրային՝ հայ համայնքի աջակցութիւնը, յատկապէս, եթէ հաշուի առնենք, որ ձեր նախաձեռնութիւնների դէմ ակտիւօրէն գործում է ադրբեջանա-թուրքական լոբին:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Բնականաբար, Ցեղասպանութեան ճանաչման պարագայում շատ լաւ վճարուած ընդդիմութիւն կայ թուրքերի կողմից, եւ Արցախի հարցում՝ Ադրբեջանի: Մենք նրանց դիմադրելու համար համարժէք ֆինանսական միջոցներ եւ ռեսուրսներ չունենք, բայց ունենք մարդուժ, արդարութեան դատ ունենք, եւ հաւատք, ինչը մեզ առաջ է մղում: Չափազանց կարեւոր է, որ հայ համայնքն աշխուժօրէն արձագանգի մեզ ու աջակցի: Օրինակ, երբ համահայկական նշանակութեան հարցերի շուրջ հանդիպում ենք ընտրուած պաշտօնեաների հետ՝ ներկայացնում ենք ընտրութիւնների մասնակցող հայերի թիւը, որը մեր ուժի ցուցիչներից է նրանց հետ համագործակցութեան ժամանակ: Այս պատճառով է նաեւ, որ չափազանց կարեւոր է ընտրութիւններին մասնակցելը: Հանրութեան աջակցութեան ձեւերից է այն, որ երբ տարբեր հարցերի շուրջ «էքշըն ըլըրթ» ենք յայտարարում՝ ակնկալում ենք, որ մարդիկ հեռաձայնելով կամ էլ- նամակների միջոցով կապուեն կառավարական մարմիններին, իրենց կողմից ընտրուած պաշտօնեաներին ու արտայայտեն իրենց կեցուածքը: Մենք պէտք է ցոյց տանք մեր քանակն ու ուժը՝ այդպիսով հակազդելով նաեւ թուրքերին ու ադրբեջանցիներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբն աշխատում է նաեւ առկայ մարդուժը բացայայտելու ուղղութեամբ: Ինչպէ՞ս է ընթանում այս գործընթացը, եւ ի՞նչ ձեռքբերումներ ունէք 2016ին:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան Ամերիկայի շրջանում գտնւում է 19 նահանգ, որտեղ գործում են մեր 28 մասնաճիւղերը: Մեր հիմնական մասնաճիւղերը Կալիֆորնիայի տարբեր քաղանքերում են, սակայն վերջին շրջանում առաւել ընդլայնման աշխատանքներ ենք իրականացնում: Այս տարի բացեցինք նաեւ Կոլորադօ նահանգի Դենվեր քաղաքում մեր գրասենեակը եւ ունենք աշխատակից, ով զբաղւում է հանրային կապերի զարգացման հարցերով: Կոլորադօն դիտարկում ենք որպէս հիմնական թիրախային նահանգներից, որտեղ յոյս ունենք Արցախի անկախութեան եւ ինքնորոշման պահանջը լսելի դարձնել ողջ նահանգում, Հայոց Ցեղասպանութեան թեման ներմուծել թէ՛ համաշխարհային եւ թէ ԱՄՆ պատմութեան դասընթացում, ինչպէս դա վերջերս իրականացրինք Կալիֆորնիայում: Կոլորադոյում նպատակ ունենք նաեւ զարգացնել հանրութեան հետ կապերն ու բարձրացնել տեղեկացուածութեան մակարդակը մեր հարցերի մասին, խթանել քաղաքացիական մասնակցութիւնը՝ ընտրողներին արձանագրելով եւ քաջալերելով նրանց քուէարկելու։
Մասնաճիւղեր ունենք նաեւ Արիզոնայում, Թեքսասում, Նիւ Մեքսիկոյում, Նեւադայում, Եութայում, Այդահոյում, Վաշինգտոնում, Հաւայիում: Որոշ տեղերում համայնքը շատ փոքրաթիւ է, եւ մեր մասնաճիւղերում ներգրաւուած են ընդամէնը մի քանի հոգի: Սակայն մենք մէկ ակտիւիստի միջոցով էլ կարող ենք փոփոխութիւն ունենալ, որովհետեւ մի շարք նահանգներում հասարակութիւնը տեղական կառավարութեան հետ գրեթէ չի շփւում, եւ եթէ հայերը նոյնիսկ փոքր թուով, բարձրաձայնեն մեզ յուզող հարցերի շուրջ՝ կարող են լսելի դառնալ եւ յաջողել: Եթէ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ներկայացնել հայկական հարցերն իրենց բնակութեան վայրում՝ թէ՛ կառավարութեանը, թէ՛ հանրութեանը, ապա մենք պատրաստ ենք գործակցելու նրանց հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ամէնամեայ հանդիսութիւնն առիթ է գնահատելու նուիրեալներին եւ ներկայացնելու կազմակերպութեան գործունէութիւնը: Այս տարի ինչպէ՞ս անցաւ ձեռնարկը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Մեր այս տարուայ խնջոյքը եւս անցաւ մեծ յաջողութեամբ՝ ներկայ էին աւելի քան 1000 հիւրեր, համախոհներ, կառավարութեան տարբեր մարմիններից շուրջ 60 ներկայացուցիչներ: Այս ձեռնարկը առիթ է ամփոփելու մեր տարեկան աշխատանքն ու ցոյց տալու, թէ՛ համայնքին, թէ՛ կառավարողներին, Հայ Դատի յանձնախմբի առաջնահերթութիւնները, ձեռքբերումները, նաեւ՝ գնահատելու անհատներին, ովքեր ներդրում են ունենում Հայ Դատի աշխատանքներում: Նրանցից մէկն էր, օրինակ՝ Գերմանիայի խորհրդարանի անդամ, Կանաչների կուսակցութեան նախագահ Սեմ Օզդեմիրը, ով թէեւ ծագումով թուրք է, սակայն խորհրդարանին էր ներկայացրել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ մի բանաձեւ, որը ոչ միայն ճանաչում է այն, նաեւ՝ պահանջում է, որ Գերմանիան ճանաչի յանցանքին մասնակցութիւնն ու պատասխանատուութիւն կրի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի գործունէութեան հիմնական մասը վերապահուած է կամաւորներին: Ինչպէ՞ս կարելի է աջակցել կազմակերպութեանը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը հնարաւոր է դառնում հայրենասէր նուիրեալների շնորհիւ, ովքեր գործում են կամաւոր հիմունքով՝ համախմբուելով գաղափարի շուրջ: Արեւմտեան շրջանի ղեկավար խորհուրդը կազմուած է տասնմէկ անդամից, ովքեր նոյնպէս կամաւորներ են, այդ թւում եւ ես, որ մասնագիտութեամբ փաստաբան եմ, եւ մեր խմբի անդամները, որ այլ մասնագիտութիւններ ունեն: Տարբեր քաղաքներում, այդ թւում՝ Գլենդել, Բըրբենք, Հոլիվուդ, Փասադենա, Լակրեսենտա եւ այլ, գործում են մեր մասնաճիւղերը, որտեղ աշխատանքը կենտրոնացած է տուեալ շրջանի հարցերի շուրջ, օրինակ՝ յարաբերութիւնների հաստատում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այլ ազգերի հետ կապերի կառուցում՝ գործարար, քաղաքական հարցերի շուրջ: Կարեւոր է նաեւ, որ հայ համայնքը լիարժէք մաս կազմի ամերիկեան հասարակութեան, այդպիսով լայն հանրութեան ուշադրութեանը ներկայացնելով նաեւ մեզ յուզող խնդիրները: Օրինակ, անցեալ եւ այս տարի Ապրիլի 24ին մենք համագործակցեցինք տարբեր էթնիկ խմբերի կազմակերպութիւնների հետ՝ հրեայ, ասորի, յոյն, քուրդ, ասիացի, բոլորի հետ համագործակցաբար կարողացանք յաջողել մեր հանրահաւաքը: Մեր գործում տարիքային սահմանափակումներ չկան, եւ մեր գրասենեակների դռները բաց են հայկական հարցերի ջատագով իւրաքանչիւր հայի համար:
Հայ Դատի յանձնախմբի ֆինանսական աջակցութիւնը եւս կարեւոր է, որովհետեւ ունենք աշխատակիցներ, ճամբորդում ենք տարբեր նահանգներում եւ քաղաքներում, կան գրասենեկային ծախսեր եւ կարիք ունենք նիւթական նուիրատուութիւնների: Հայ Դատի յանձնախմբի տարեկան ձեռնարկը ամենամեծ շահոյթն է ապահովում, սակայն, մեզ աջակցել ցանկացողները կարող են ուղղակիօրէն նուիրատուութիւն անել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2017 թուականին որո՞նք են լինելու Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի առաջնահերթութիւնները:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Մեր աշխատանքներն ուղղուած են ի նպաստ ողջ հայութեանը, եւ ոչ մէկ կազմակերպութեան կամ հատուածների շահերին՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում: Յաջորդ տարի կը շարունակուեն մեր աշխատանքները Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, եւ պատրաստւում ենք Ապրիլի 24ի ձեռնարկներին: Գարնանը սպասւում են քաղաքային մակարդակում ընտրութիւններ, եւ պէտք է աջակցենք Լոս Անջելեսի, Գլենդելի քաղխորհուրդներում առաջադրուող մեր թեկնածուներին: Գլխաւորաբար կը ցանկանայի նշել մի հարցի մասին, որի լուծման համար համատեղ ուժերով պէտք է պայքարենք. Կալիֆորնիայի նահանգը շուրջ 600 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայում՝ Կալիֆորնիայի համալսարանների, հանրային ծառայողների որոշ միութիւնների (Քալփըրզ եւ Քալսթըրզ) միջոցով: Այդ դրամը գոյանում է նաեւ մեր միջոցով, օրինակ՝ երբ վճարում ենք Եու.Սի.Էլ.Էյ.ում սովորող մեր երեխաների ուսման վարձը: Մենք պէտք է կասեցնենք այս գործընթացը, եւ սա մեր առաջիկայ գլխաւոր ծրագրերից է:
===============================================================
Տէր եւ Տիկ. Վահան եւ Անուշ Շամլեան
Ֆրեզնօ
Ջերմագին մաղթանքներով
կը շնորհաւորեն
համայն հայութեան
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
=======================================================
Տէր եւ Տիկ. Նշան եւ Ռուբինա Փիրումեան
Իրենց Սրտագին Մաղթանքներով Կը Շնորհաւորեն
Ձեր Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
=======================================================
Շնորհաւոր Նոր Տարի Եւ Ս. Ծնունդ
HAGOP & HAIGUHI DAGLIAN AND FAMILY
=======================================================
ՊԸՐՊԵՆՔ
ՀՅԴ «ԱՂԲԱԼԵԱՆ»
ԿՈՄԻՏԷՈՒԹԻՒՆ
ՀՕՄ-Ի «ԱՐԱԶ» ՄԱՍՆԱՃԻՒՂ
ՀՄԸՄ «ՍԻՓԱՆ» ՄԱՍՆԱՃԻՒՂ
ՀԵԴ «ՎԱՐԱԳ» ՈՒԽՏ
«ԿԱՅԾԱԿ» ՊԱՏԱՆԵԿԱՆ
ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Շնորհաւոր Նոր Տարի Եւ Ս. Ծնունդ
Թող Բոլորիս Ջանքերով Վերականգնի Միացեալ Հայաստանը
—————————————————————————————
Կը Շնորհաւորենք Հայ Համայնքի Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը Եւ Հայ Ժողովուրդին Կը Մաղթենք
Բարգաւաճ, Խաղաղ Եւ Արդիւնաբեր Տարի Մը
Ալէք, Ալէնուշ, Փաթրիք, Նիքոլ Եւ Էրիք Պաղտասարեաններ
—————————————————————————————
Ամանորի Եւ Ս. Ծննդեան Բարեբաստիկ Տօներուն Առիթով
ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ՅԱԿՈԲ ԵՒ ՄԻՆԱ ՇԻՐՎԱՆԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ
Իրենց Սրտագին Շնորհաւորութիւնները Կը Յայտնեն Բարեկամներուն Եւ Ազգականներուն
ՄԱՂԹԵԼՈՎ ԱՆՈՆՑ ԵՐՋԱՆԻԿ ԵՒ ԲԱՐԵԲԵՐ ՏԱՐԻ ՄԸ
=========================================================