ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
…Դրամ, դրա՜մ, դրաաա՜մ: Փող, փո՜ղ, փոոոոոոոո՜ղ,- ահա թէ ինչի մասին են մտածում երկրագնդի բոլոր մարդիկ, մանաւանդ՝ Նոր Տարուայ այս օրերին: Շատեր՝ այն ունենալու, ձեռք բերելու ճիգի մէջ, կորցնում են մարդկային կեպարանքը, չափ ու կշիռ չեն դնում ոչ միայն իրենց արարքների, այլեւ՝ միջոցների մէջ: Միայն թէ փող լինի՝ փող, փող, փո՜ղ: «Դո՜լլար, դո՜լլար, դո՜լլար»,- կ՛ասէր Շիրվանզադէի հերոսը («Մորգանի Խնամին» կատակերգութիւն):
2016ին փողի մշտատեւ պակասը շատ ծանր իջաւ Հայաստան աշխարհի վրայ (թէեւ՝ մինչ այդ էլ մի բան չէր): Եւ բանը հասաւ նրան, որ տարուայ վերջալոյսին Հայաստանի իշխանութիւնները՝ բանակին օգնելու համար, իրենց ափը մեկնեցին (եւ մեկնում են) ժողովրդի աշխատող խաւի մարդկանց, որոնք այնքան էլ մեծ թիւ չեն կազմում երկրում, եւ շատերն էլ գրանցուած չեն որպէս գործաւոր: Քիչ վարը, ներքեւում աւելի կը խոսեմ այս թեմայի մասին: Հիմա գանք տարուայ սկզբին:
2016 թուականը ինձ համար նշանաւորուեց (ոչ անպայման դրական իմաստով) երեք կամ չորս իրադարձութիւններով: «Քաղաքականութիւն» արուեստով մի քիչ կը «խաղամ» այսօր եւ գիտեմ նաեւ, որ դժնդակ այս օրերին, ամէն մի քիչ թէ շատ կարդացած, կեանքը ճանաչող մարդ «քաղաքագէտ» է եւ հասկանում է, թէ ինչը ինչոց է: Թէեւ հայաստանեան որոշ քաղաքագէտների թւում է, թէ բանիմաց, ինտելեկտ ունեցող անհատներ չկան Սփիւռքում եւ կամ էլ քիչ են, ուստի, ըստ այնմ էլ անկարող են իրենց պէս «քաղաքականութիւն խաղալ»:
Բայց մենք կը փորձենք մեր հնարաւորութեան սահմաններում տարրալուծել 2016 թուականին ազատ, անկախ Հայաստանում տեղի ունեցած սոսկալի, տարատեսակ իրադարձութիւններով լի դէպքերը, որոնց նմանը չի եղել մեր հայրենիքի գոյութեան վերջին 25 տարուայ ընթացքին:
Անցնող տարուայ կարեւոր իրադարձութիւններից առաջինը եւ ահարկուն՝ չորսօրեայ ղարաբաղեան պատերազմն էր, որը, որքան էլ ոմանք ասեն, թէ դա բարոյական յաղթանակ էր մեր կողմից՝ ես չեմ ընդունում, չեմ կարող ընդունել, երբ տարածք ենք կորցնում, երբ երիտասարդ, դեռ աշխարհը չճանացած 18-19ամեայ հարիւրաւոր հայ պատանիներ են թնդանօթի ու հրանօթի զոհ դառնում: Եւ, ամենակարեւորը՝ կրկնում եմ՝ տարածք ենք կորցնում, եւ այն էլ՝ հսկայական տարածք, 7 միլիոն քառակուսի մետր: Ի՞նչ յաղթանակի մասին է խօսքը, երբ պարտադրաբար զինադադար յայտարարուեց մեր հիւսիսի «բարեկամ» ռուսի կողմից: Մենք չարաչար պարտուել ենք եւ ոչ թէ յաղթել: Եկէք տղամարդ լինենք ու ընդունենք մեր պարտութիւնը, որպէսզի ապագայում էլ չպարտուենք: Լաւ է ասում քաղաքագէտ Արա Պապեանը. «Մէկ գրամ գիտակցութիւն չկայ, որ տարածքներ յանձնելը նշանակում է Երեւան յանձնել…»:
– Խ՞իստ է ասուած,- ո՜չ, բնաւ, երբեք…
Այդ՝ միամիտ ասեմ, թէ ուրիշ մի բան, «բարոյական յաղթանակ» մտայնութիւնը դարեր է, որ նստած է հայի հոգեբանութեան մէջ, դեռ Աւարայրի ճակատամարտի օրերից: Այս օրերին, 21րդ դարում «բարոյական յաղթանա՞կ»ս որն է: Նման հաստատումը վերաբերւում է միայն ու միայն Վարդանանց պատերազմին, որի ընթացքում մենք պարտուեցինք ճակատամարտում, բայց յաղթեց մեր հաւատը, մենք փրկեցինք մեր կրօնը: Աւարայրի ճակատամարտի ականատես, պատմիչ Եղիշէն վկայում է, թէ ինչպէս է պարսից արքայ Հազկերտ Երկրորդը, որ ամբողջութեամբ ջնջել էր հայկական 60 հազարանոց բանակը, տեսնելով հայերի անկոտրուն կամքը՝ քրիստոնէական կրօնը պահելու հարցում, ստիպուած յայտարարում է. «Հայերի ապստամբութիւնը ներուած է, եւ կրկին իրաւունք է շնորհուած եկեղեցիներ շինելու»:
Ա՛յ, այս պարագայում կարելի է, ի հարկէ, մեր ֆիզիկական պարտութիւնը «բարոյական յաղթանակ» համարել:
Մեր ժողովրդի ողջ պատմութեան ընթացքում նման «բարոյական յաղթանակ» չենք ունեցել, չկայ: Այնպէս որ, պէտք չէ Աւարայրի ճակատամարտին վերագրուող «բարոյական յաղթանակ»ը նոյնացնել ղարաբաղեան ամօթալի պարտութեան հետ:
Եւ, արի ու այսօր մեր երիտասարդութեանը քարոզ կարդայ «բարոյական յաղթանակի» մասին: Վրադ կը ծիծաղեն: Այնպէս որ, յոյժ կարեւոր եմ համարում հայկական դպրոցներում վերանայել Վարդանանց պատերազմին եւ Աւարայրի ճակատամարտին նուիրուած նիւթերի դասաւանդման ձեւը եւ հիմնականում կենտրոնանալ քրիստոնէութեան յաղթանակի վրայ: Այսօր աշխարհում ամէն ինչ ընթանում է ուժի դիրքերից, ուժի առկայութեամբ:
Հերի՜ք է, բա՜ւ է մենք մեզ խաբենք: Բարոյական յաղթանակի բովում, երբ ամէն օր մենք կորցնում ենք մեր սնած, պահած աննման հայրենասէր բալէքին: Երբ արիւն, հայի արիւն է հեղում արդէն օտարինը դարձած, դարերով օտարի կողմից իբր թէ քոնը համարուող հողի վրայ: Աշխարհը թքած ունի քո բարոյական արժէքների վրայ:
– Ո՜ւժ, ուժի դիրքից են խօսում մարդիկ, իսկ մենք բարոյականութիւն ենք քարոզում ու ձեռք մեկնում խեղճից էլ է՛լ աւելի խեղճացած ժողովրդին, որպէսզի սատար կանգնի հայոց բանակին ու զոհուածների ընտանիքներին: Ճար չկայ, հասկանում եմ: Բայց մե՜նք, մենք մեզ գցեցինք էս օրը:
Ղարաբաղեան չորսօրեայ պատերազմը փոքր ինչ բացեց մեր աչքերը. որտե՞ղ էր ռուսը, ինչո՞ւ մեզ չօգնեց, ինչո՞ւ ազերիին զինեց նորագոյն զէնքով, իսկ մեզ թողեց 19րդ դարից մնացած մոսինի եւ սուինի յոյսին, չէ՞ որ մենք դաշնակից պետութիւններ ենք… Այսպիսի հարցերն էլ աւելի սթափ մտածումի առաջնորդեցին մեզ: Այս ամէնի արդիւնքում ծայր առաւ համաժողովրդային ընդվզումը:
Սթափ մտածումով էլ մենք համոզուեցինք, որ այս ամէն պատմութեան ետին ռուսն է կանգնած, ռուսական կայսրութիւնը: Եւ մենք համոզուեցինք, որ պարապ խօսքեր են «հայ-ռուսական բարեկամութիւն» կոչուած յորջորջումը: Եւ, ինչպէս քաղաքագէտ Ռուբէն Մեհրաբեանն է իրաւացիօրէն նշում, «պատերազմը Ղարաբաղում, որի ընթացքին հայկական կողմում զոհ գնացին հարիւրից աւելի երիտասարդներ, ես կարծում եմ, որ լրջօրէն խախտեց հայ ժողովրդի մտայնութեան մէջ երկար տարիներ արմատացած «հայ-ռուսական դարաւոր բարեկամութիւն» առասպելը»:
Ապրիլեան պատերազմից երկու ամիս յետոյ, յուսահատութիւնից, երկարամեայ անհեռանկար իրադրութիւնից ու տնտեսական անձուկ վիճակից «Ամբոխները խելագարուած» («Սասնա ծռեր») ուզեցին ինչ որ բան փոխել մեր երկրում: Արդիւնքում՝ նրանցից շատերն ընկան բանտերը, ոմանք էլ հաշմանդամ դարձան՝ հայրենակցի կողմից արձակուած հրազէնի փամփուշտով: Հայն ընկաւ հայի ձեռքով: Պժգալի, աններելի իրողութիւն: Ամօթ մեզ՝ բոլորիս անխտիր:
Այս ամէնն անշուշտ տեսնում են մեր քաղաքագէտներն ու մտաւորականները, որոնցից ոմանք «կերակրուելով» կառավարական կաթսայից, օրէ օր հեռանում են ժողովրդից, փոխանակ լինելու նրա հետ, առաջնորդելու՝ թէկուզ եւ սխալ ուղիով՝ ճանապարհին նրան ճիշդ ուղու վրայ բերելու մտադրութեամբ, խորհուրդ տալու՝ չանել ազգակործան գործողութիւններ եւ մշտապէս ունենալ յստակ ծրագիր:
«Սասնա ծռեր»ը գուցէ եւ անմտածուած, անհեռատես գործողութիւններով մէջտեղ ելան, սակայն մտածել տուին իշխանութիւններին, որ մարդիկ այլեւս չեն կարող դիմանալ երկրի մշտատեւ անօրինականութեանը, հարստահարութեանն ու թալանին:
Թւում է թէ լաւ սկսեց իր գործունէութիւնը Հայաստանի նոր վարչապետ Կարէն Կարապետեանը: Բայց առ այսօր, որքան որ գիտեմ, ոչ մի վերաբերմունք չի ցուցաբերել Ղարաբաղեան պատերազմի եւ «Սասնա ծռեր»ի նկատմամբ, եթէ ի հարկէ չհաշուենք օրերս սկսուած 1000ական դրամահաւաքի արշաւը: Վարչապետը այս երկու-երեք ամսուայ ընթացքում հիմնականում զբաղուած է պաշտօնեաների փոփոխմամբ, նախարարներ փոխելով:
Քսան-երեսուն կառավարական նոր պաշտոնեաներ բերելով նա պիտի կարողանա՞յ վերացնել վարակի նման ժողովրդին մաշկահան անող կաշառակերութիւնն ու վռնտել յղփացած գործատէրերին, որոնք, գրեթէ առանց բացառութեան, ստրուկների պէս են վարւում իրենց գործաւորների հետ, գործաւորներ, որոնք պատրաստ են իրենց ողորմելի աշխատավարձից բաժին հանել բանակի եւ պատերազմում զոհուած մարտիկների ընտանիքների համար:
Պէտք չէ՞ր, պարոն վարչապետ, սկզբում պարպել օլիգարխների տռզուն գրպանները, յետոյ նոր իջնել ժողովրդի «ջանին»: Լաւ մտածում է, խօսք չկայ, համաժողովրդական դրամահաւաք կազմակերպել բանակի համար: Ո՞ւր են այդ փքուն ստամոքսով, պարարտ մարմնով գեներալները, ինչո՞ւ չէք կախում դրանց: Գոնէ այս հարցում կարելի է օրինակ վերցնել մահմեդական աշխարհից: Էս ի՜նչ ժողովուրդ ենք մենք, ինչո՞ւ ենք այսքան ներող, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ ես թոյլ տալիս, որ երկրորդ ապտակը իջնի մեր երկրորդ թշին, երբ դեռ առաջինի պատասխանը չենք տուել…
Հաւատացէք, բարեկամնե՛ր, այսօր հազար դրամը փող է, արժէք ունի Հայաստանում, թէեւ, դոլարի հաշուարկով երկու դոլարից փոքր ինչ աւելի է հաշուարկւում: Կենցաղային սուղ պայմանների առկայութեամբ, հարիւր դոլար աշխատավարձ ստացող աշխատաւորի համար դժուար է ամիսը հազար դրամ յատկացնելը բանակին կամ զոհուած զինուորի ընտանիքին:
Այսպէս. Երեւանում հազար դրամով կարելի է հինգ հատ փառաբանուած, անուն հանած Ապարանի նշանաւոր հացից գնել: Հազար դրամով ուսանողը մէկ ամբողջ շաբաթ կարող է հանրակառքով գնալ ու գալ համալսարան եւ կամ էլ գրեթէ մէկ ամբողջ ամիս օգտուել մետրոյից (գետնուղի): Այս ամէնի հետ մէկտեղ, հազար դրամը ոչինչ է զբոսաշրջիկի, օտար հիւրի համար, որն այդ դրամով կարող է երկու սովորական կամ էլ մէկ-մէկուկէս բաժակ՝ կապուչինօ կամ էքսպրեսօ տեսակի սուրճ պատուիրել, հակառակ պարագային՝ մատնոցի չափի մեծութեան ֆրանսիական «քրուասան» խմորեղէն «վայելել»:
Ինքնին հասկանալի է, որ տեղաբնակներից քչերին է հասու սուրճն ու «քրուասան»ը:
2016 թուականին Երեւանի փողոցներում աւելացաւ սեւազգեստ մայրերի քանակը, որոնք ոչ միայն ապրիլեան պատերազմում զոհուած զինուորների մայրերն են, այլեւ 1994 թուականից, զինադադարի օրուանից ազերի դիպուակահարների գնդակով զոհուած պատանի զինուորների: Նրանք իրենց վիրաւորուած են զգում, տրորուած է իրենց արժանապատուութիւնը.
– Ինչպէ՞ս կարող են նրանք իրենց թոյլ տալ սնուել ժողովրդից հաւաքած դրամներով, երբ ինքը՝ ժողովրդի մի հսկայ զանգուած, օրուայ հացի կարօտ է: Արժանապատուութեան հարց է. իսկական հայի արժանապատուութիւն… Հէնց այդ բարձր արժանապատուութիւնը պահելու պատճառով էլ, հայաստանցին նախընտրում է օտար աշխարհներում ճարել իր օրուայ ապրուստը:
Իրենք՝ Հայաստանի քաղաքագէտներն են ասում. «Մեր արտահանման լաւագոյն ապրանքը այսօր մնում է ՀՀ քաղաքացին: Մենք արտահանում ենք մեր քաղաքացիներին դուրս, եւ դրա դիմաց փող ենք ստանում»:
Սրանից աւելի ցինիկ եւ սակայն ճշմարիտ որակում արտագաղթի վերաբերեալ՝ դժուար է պատկերացնել:
– Այո՜, մի՛ զարմանաք, հայ մարդն այսօր Հայաստանում ապրանքի է վերածուել: Գնացէք Երեւանի կայարանամերձ հրապարակ եւ դուք ականատես կը լինէք, թէ ինչպէս է ամենաանհրաժեշտ պարագաներով թխմուած ուսամբարձ պարկով ծանրաբեռ ծերունին՝ մի ձեռքով էլ թոռան ձեռքը բռնած, փորձում հանրակառք բարձրանալ, ո՜վ գիտի Ռուսաստանի որ կորած-մոլորած անկիւնում հաստատուելու համար: Եւ այդ «տեղափոխութեան» համար վճարում է ռուսը, Պուտինեան կայսրութիւնը: Այնպէս որ «ապրանքի վերածուած հայ» արտայայտութիւնը ճշմարիտ է:
Այժմ գանք սփիւռքեան հոգսերին, որոնք, ինչպէս նախորդ տարիներին, աւելի ցցուն են դառնում աշնանը եւ ձմեռնամուտին կամ՝ ինչպէս ես սիրում եմ ասել՝ աշնան բերքահաւաքի օրերին:
Իբր ամբողջ տարին բաւարար չէր, վերջին չորս ամիսը ողողուած էր, աննշան բացառութեամբ, միջակ եւ դրանից էլ ցածր մակարդակի «արուեստագէտներով», դերասաններով, միայն մէկ-երկու նախադասութիւն արտաբերող «ներկայութիւններով»: Դժուար չէ հասկանալը, որ Հայաստանի իշխանութիւնները, թող ներուի, այս ամբողջ խառնիճաղանճ խմբին ուղարկում է Լոս Անջելես «աշնան բերքահաւաքի»: Բա մենք մեղք չե՞նք: Հա, լաւ, թող էլի՛ գան, հասկանում ենք, նրանք էլ մի լաւ օրի չեն, բայց իրական, իսկական արուեստ ցուցադրեն, ոչ թէ եօթ հազարանոց սրահում 100-200 դոլար վճարած հանդիսատեսին ծաղրեն, հինգ ժամ շարունակ ծամածռութիւններ անեն եւ ոչ կենդանի, ձայնագրուած երաժշտութեան տակ բերան բացեն ու փակեն: «Էս ո՞ւմ տեղն են մեզ դրել», իրաւացիօրէն միաբերան բողոքում են հանդիսատեսները, որոնցից մէկը, պարուսոյց Վարդան Աղաջանեանը ահա թէ ինչ է գրում իր դիմատետրի մէջ՝ Pan Armenian Entertaiment Awards երեկոյի մասին.
«…Ոչ մի գեղագիտական հաճոյք, էլ չեմ խօսում մշակութային արժէքի մասին: Երբ մենք ներկայացնում ենք մեր ազգային պարը՝ 200ից աւելի հանդիսատես չունենք: Մենք գոնէ մեր Քոչարին ենք պարում, ոչ թէ ձեզ նման օտարի երգն ենք հայերէն անկապ բառերով երգում»:
Մենք, լոսանջելեսահայերս, դիմացկուն ենք, էլի՛ կը դիմանանք հայաստանեան արուեստագէտների «արշաւանքին»: Մենք կարօտել ենք մեր տեղական շնորհալի արուեստագէտների ելոյթները: Հայաստանցիները լաւ են սովորել, գիտեն, որ մեր հրեշտակների քաղաքի հողը շատ է բերրի, իրենց հայրենակիցներն էլ, շատ անգամ չունեցած տեղով, առօք-փառօք իրենց կը ճանապարհեն հայրենի տուն:
Այս ամէնով հանդերձ, Գոհաբանութեան օրուայ կապակցութեամբ կայացած դրամահաւաքից յետոյ, ծուռմռտիկ արտայայտութիւններով է հանդէս գալիս հայրենի քաղաքագիտութեան դոկտոր Հայկ Մարտիրոսեանը: Ահա թէ ինչ է ասում նա.
«Նոր Սփիւռքը ո՛չ ֆինանսապէս, ո՛չ ինտելեկտով բարեգործութիւն անելու մակարդակ չունի: Երկու հանգամանք. վստահութեան ի սպառ բացակայութիւնը եւ ոչ թէ նուազումը, եւ Սփիւռքի աստիճանական տարրալուծումը»:
Պատուական եղբայր, չգիտեմ, թէ քաղաքականութեան դասերն ումից ես ստացել, բայց, մեղմ ասած, քո անտեղեակութիւնը սփիւռքեան կառոյցներից երկար լուսաբանութեան կարիք ունի, սակայն ես կը փորձեմ մի քանի նախադասութեամբ «ջրել» քո արտայայտած մտքերը:
Միակ ճիշդ միտքը՝ «վստահութեան ի սպառ բացակայութիւնն է» արտայայտութիւնն է, բայց ոչ դրա շարունակութիւնը, որն է՝ «եւ ոչ թէ նուազումը»: Ո՜չ, բարեկամս, դու ամբողջովին սխալ ես այդպէս չէ. վստահութի՞ւն, այն էլ ինչպիսի՜ վստահութիւն է եղել տարիներ շարունակ հայրենիքի հանդէպ: Այդ յետոյ է խախտուել:
Սփիւռքահայի վստահութիւնը Հայաստանի նկատմամբ սկսուել է նրա անկախութեան առաջին իսկ օրուանից, Լեւոն Տէր Պետրոսեանի Լոս Անջելես այցելութեան պահից սկսեալ, երբ բազմահարիւր հանդիսասրահի ներկայութեամբ մեր մեծահարուստներից մէկը ի ցոյց աշխարհի, բեմի վրայ նրան երկարեց մէկ միլիոն դոլար արժողութեամբ չէքը:
Երեւի դու տեղեակ էլ չես, թէ քանի-քանի՜ մեծահարուստներ ներդրումներ արեցին Հայաստանում, գործարան-արտադրամասեր ստեղծեցին եւ որոշ ժամանակ անց, խաբուած, ստորացած թողեցին ունեցած-չունեցածը եւ ձեռնունայն վերադարձան Ամերիկա: Ահա այդ ժամանակուանից էլ սկսուեց անվստահութիւնը, որը գնալով-գնալով հասաւ նրան, որ այսօր իսկապէ՛ս ի սպառ բացակայում է վստահութիւնը Հայաստանի իշխանութիւնների հանդէպ:
Եւ մի մոռանայ, պարոն Մարտիրոսեան, որ Հայաստանի այսօրուայ օլիգարխներից ոմանք հարստացել են սփիւռքահայ գործարարների միամտութեան, ազնութեան եւ նրանցից խլուած դրամների շնորհիւ: Մենք՝ հինգ միամիտ, ազնիւ ընկերներով, ժամանակին, նորանկախ Հայաստանին զորավիգ լինելու մտադրութեամբ, 1992 թուականին որոշեցինք մեր ունեցած նիւթական ոչ շատ մեծ գումարով Երեւանում 150 աշխատողի համար արտադրամաս ստեղծել: Մէկ տարի յետոյ, լրիւ իրաւական փաստաթղթերի առկայութեամբ հանդերձ, տեսանք, որ գլուխ չենք հանելու «ախպեր տղերքի հետ», մոռացանք մեր վերջին խնայողութիւնն էլ, փաստաբանին էլ: Եւ չկարողացանք գոնէ մեր դրած գումարը ետ ստանալ: Հիմա ե՛կ ու ասա՝ Հենրիկ Անասեան, հաւատո՞ւմ էք Երեւանի բիզնեսում ազատ մրցակցութեանը, իսկ ես նրան կը պատասխանեմ. «Կաթից վառուողը, մածունն էլ է փչելով ուտում»: Աւելին՝ տառապանքս փորձ ունի:
Վերջին թելեթոնի ժամանակ «չերեւա՞ց, որ Սփիւքում կան դրամատէրեր, որոնցից մէկը՝ էն հի՜ն սփիւռքցին՝ «Գարուն»ի տէրը, 5 միլիոն նուիրեց Հայաստան հիմնադրամին: Համոզուեցի՞ք, «սիրելի դոկտոր», որ Սփիւռքում դեռ կան միամիտ ու ազնիւ վստահողներ Հայաստանի կառավարութեանը: Ի՞նչ ասես, մարդը դեռ չի այրուել իր արտադրած կաթից ու մածունից: Հալալ է իրեն, հալալ է եղել ուրեմն նրա լիբանանցի մօր կաթը…
Ինչ վերաբերւում է Սփիւռքի «տարրալուծուած» լինելուն՝ դուք արեցիք դա, դուք տրոհեցիք Սփիւռքին, յարգելի պարոն»: Էժան-մեժան մետաղից պատրաստուած գունապատ շքանշանների սիրոյն բազմաթիւ գաղափարական ընկերներ՝ տրոհելով տարիների ընթացքում իրենց կողմից ամրակայուած կառոյցները, զիջեցին իրենց դիրքերը, ինչ է թէ իրենց լամբակի վրայ, ի ցոյց ամէնի, փակցուած ունենան որեւէ նախարարի կամ էլ հանրապետութեան նախագահի կողմից տրուած այս կամ այն շքանշանը:
Իսկ գալով նոր Սփիւռքին, այսինքն Հայաստանից արտագաղթածներին, ասեմ, որ նա, որքան էլ նուազ չափով է մասնակցում թելեթոններին, բայց նա՛ է հիմնականում Հայաստանի բնակչութեանը պահողը, եւ աւելին է տալիս, քան կարող էր տալ թելեթոնին: Նա ամբողջ տարին, ամսէ ամիս դրամ է ուղարկում ոչ միայն իր հարազատներին, այլեւ անծանօթ մարդկանց: Էլ չեմ խօսում այն մասին, որ գրեթէ ամէն տարի էլ գնում է հայրենիք՝ իր խնայողութիւններով երջանկացնելու Հայաստանի երեխաներին ու մանուկներին:
Ուստի, շնորհակալ եղէք Սփիւռքին, որովհետեւ Նոր Տարուայ այս օրերին նա՛ է ճոխացնելու ձեր Ամանորի սեղանները: Եւ եթէ պատահի մի օր, որ Սփիւռքը դրամ չուղարկի Հայաստան, ապա վստահ եղէք, որ «Խելագարուած ամբոխների» առջեւ ոչ մի ամբարտակ չի դիմանայ…
Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ:
=====================================================
Հայ Ամերիկեան Տարեցներու Միութեան կեդրոնական վարչութեան
անունից Նոր Տարուայ եւ Յիսուս Քրիստոսի աւետաբեր ծննդեան տօները կը շնորհաւորենք համայն հայութեանը ու առաւել եւս միութեանս սիրելի անդամ-անդամուհիները մաղթելով նրանց, բարի յաջողութիւն իրենց կեանքի ասպարէզում ու որ կարեւորագոյն է քաջ առողջութիւն եւ պարուրուած լինեն ընտանեկան պարագաներով այս ուրախանալի տօներին եւ ամբողջ տարին։
Շնորհաւոր Նոր Տարի
Եւ Ս. Ծնունդ
Հայ ՔոյրերուՎարժարանի
մեծ ընտանիքըկը շնորհաւորէ
Սուրբ Ծննդեանեւ Նոր Տարուան
զոյգ տօները,մաղթելով, որ
Մանուկ Յիսուսի ծննդեան խորհուրդը համակէ
համայն հայութիւնը՝Սփիւռք, Հայրենիք եւ Արցախ.
տիրէ խաղաղութիւն, համակեցութիւն եւ բարօր կեանք։
=======================================================
Նաթալի Սավուլեան
Վահան եւ Անուշ
Շամլեան Ազգային
Վարժարանի Աշակերտուհի
Կը Շնորհաւորէ Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Շամլեան ազգային Վարժարանի Տնօրէնութեան, Ուսուցչական Կազմին Եւ ԸնդհանուրԱշակերտութեան
=====================================================
Կը շնորհաւորենք
ձեր Նոր Տարին
եւ Սուրբ Ծնունդը,
մաղթելով, որ
իրականանան ձեր
բոլոր անձնական,
ընտանեկան
եւ ազգային իղձերը
Ս. Երրորդութիւն Հայց.
Առաքելական Եկեղեցի
Ֆրեզնօ
===================================================
Վասպուրականի Հայրենակցական Միութիւն
Կը Մաղթենք Որ Քալիֆորնիահայութիւնը
Նոր Տարին Դիմաւորէ Միասնականութեամբ, Համախոհութեամբ Եւ Հանդուրժողութեամբ